Լրահոս

​Ո՞վ է հայը. «Եթե հայերին առիթ տրվի… նրանք… ամբողջ մոլորակի տերը կդառնան»

 

hendrik_hovhannisyan

Մարդը տվյալ ազգության կրողն է, եթե շաղկապված է այդ ազգի կենսագործունեությանը որպես նրա մի մասնիկ, կրում է այդ ազգի լեզվական, մշակութային, բարոյա-հոգեբանական արժեքները, պատասխանատու է իր պետության բնականոն զարգացման համար, իր երեխաներին փոխանցում է ազգային արժեքներն ու ավանդույթները, իր երկիրն ընկալում է իբրև միակ հայրենիք: Մեր ճղճիմ, քաղաքականացված ու կենցաղային դարձած հանրային օրակարգում թերևս ճիշտ կլինի գոնե երբեմն-երբեմն անդրադառնալ հարցերի, որոնք առնչվում են ազգային ինքնությանը, այս բարդ ու փոփոխվող աշխարհում մեր տեղին ու դերին, մեր առաքելությանը երկիր մոլորակի վրա և, որ ամենակարևորն է` մեր տեսակի պահպանման խնդրին: Բայց այդ հարցերը քննարկելուց առաջ նախ պետք է ձևակերպել, թե ով է հայը:

Ամիսներ առաջ Հանրային խորհրդում այս թեմայի շուրջ մի հետաքրքիր քննարկում ծավալվեց, որին մասնակցում էին պատմաբաններ, մշակութաբաններ, հասարակագետներ, անգամ՝ մարդաբաններ: Այդ քննարկման ժամանակ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ նման բանավեճեր, թե ով է հայը, ժամանակին շատ են եղել: Նա հիշեցրեց, որ օրինակ՝ լեզվաբան, գրականագետ Ռաֆայել Իշխանյանը սահմանում էր՝ հայը նա է, ով հայերեն է խոսում ու հայերեն է մտածում: «Դա այն ժամանակ հասկանալի էր, որովհետև պայքար էր գնում ռուսական դպրոցների դեմ, որպեսզի Հայաստանը չռուսականացվի: Ո՞վ կմտածեր, որ անկախ Հայաստան կունենանք: Իսկ եկեղեցուց ոմանք, օրինակ, հայտարարում էին, որ եթե հայ առաքելական եկեղեցուն չես պատկանում, ուրեմն հայ չես: Բայց մենք ունենք հարյուրհազարավոր հայեր, որոնք 1915 թվի ցեղասպանությունից հետո բռնի իսլամացել են: Այսինքն՝ միշտ, երբ հստակ սահմանափակում ես մտցնում, կորցնում ես հայության մի մեծ հատված»,- ասում էր Մանուկյանը: Նրա խոսքով՝ մինչև 1950-ական թվականները Եվրոպայում տարբեր ժողովուրդների, ռասաների հետաքրքիր հետազոտություններ են կատարվել, սակայն իր տպավորությամբ այդ ամենը հիմա կանգ է առել, որովհետև համարվում է սխալ: «Արգելված չէ կամ ամոթ չէ խոսել միասեռականության մասին, բայց ամոթ է խոսել ազգերի տարբերությունների մասին,-հեգնանքով նշեց Մանուկյանը` հույս հայտնելով, որ ուշ թե շուտ այդ հետազոտությունները նորից արվելու են:- Ես լրիվ համաձայն եմ Կանտի այն մտքին, որ մարդկության զարգացման հիմքում ընկած է նաև այն, որ կան տարբեր ազգեր՝ տարբեր հատկություններով, և հենց այդ բազմազանությունն է առաջ տանում մարդկությանը»: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Գևորգյանցը, որ հայտնի է իր ազգային, երբեմն ծայրահեղական (լավ իմաստով) գաղափարներով, դժվարանում է միանշանակ պատասխանել հարցին, թե ով է հայը. «Բայց մի բան հստակ կարող եմ ասել,- կեսկատակ-կեսլուրջ ասում է նա,-հայը թուրքի հակառակ տեսակն է»: Գևորգյանցը հայ առաքելական եկեղեցին համարում է բոլոր եկեղեցիների գագաթնակետը, սակայն կարծում է, որ հայը միայն հայ առաքելական եկեղեցու հետևորդը չէ, նա կարող է լինել աթեիստ կամ հեթանոս, և հիշեցնում է, օրինակ, Արցախյան ազատամարտի հաղթանակը կերտած շատ հերոսների մասին, որոնք հեթանոս էին:

Այս համատեքստում թերևս հետաքրքիր է քննարկել նաև իսլամացած կամ, ինչպես ասում են՝ ծպտյալ հայերի խնդիրը: Վերջերս ծպտյալ հայերի ինքնության վերադարձի որոշակի միտում նկատվեց: Հետաքրքիր է՝ այսօր մեր հանրային օրակարգում կա՞, արդյոք, ծպտյալ հայերի ինքնության վերադարձի հետ կապված հարցը: Եվ արդյոք մեր պետությունը, մեր հասարակությունը պատրա՞ստ է դրան:

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ այս հարցը նախևառաջ պետք է ուսումնասիրվի գիտական տեսանկյունից, որովհետև շատ բան այս բնագավառում դեռևս պարզ չէ: «Հանրային հետաքրքրություն այս խնդրի նկատմամբ իհարկե կա, բայց դա հիմնվում է ոչ ստույգ, ուռճացված տվյալների վրա»: Ներկա պահին տվյալ հարցի շուրջ քննարկումներ ծավալելը, ըստ արևելագետի, նշանակում է գործ ունենալ թուրքական պետության հետ, որն այս խնդիրն ուսումնասիրում է դեռևս 30-ականներից` դիտարկելով իբրև Թուրքիային սպառնացող իրական վտանգ: «Դրա համար ես կարծում եմ, որ շատ զգուշորեն պետք է մոտենալ այս խնդրին, իսկ ներկա փուլում միայն գիտական ուսումնասիրություններ կատարել՝ հող նախապատրաստելով հետագա զարգացումների համար»: «Ո՞վ է հայը» հարցի վերաբերյալ փոքրիկ հարցախույզը սովորական քաղաքացիների շրջանում նույնպես հետաքրքիր իրողություն է բացահայտում:

Պարզվում է` հատկապես երիտասարդ սերունդը բավականին պահպանողական է տրամադրված ազգային ինքնության սահմանման հարցում և բնութագրելիս հիմնականում առաջնորդվում է երեք սկզբունքով` լեզու, կրոն, հայրենիք: Հարցվածների չնչին մասը նշեց, որ իրենց համար լեզվական կամ կրոնական պատկանելությունն ազգության չափորոշիչ չէ: ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիայի արվեստի ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ, Հանրային խորհրդի անդամ Հենրիկ Հովհաննիսյանի համար տհաճ է, օրինակ, երբ մարդիկ ասում են, թե հայը կարող է իսլամ դավանել: Դեմ է ոչ այն պատճառով, որ մոլի հավատացյալ է (ընդհակառակը` հավատք ունի, բայց հավատացյալ չէ), պարզապես անվանի գիտնականի համոզմամբ՝ կրոնը նախևառաջ բարոյական դոկտրինա է. «Ի՞նչ բարոյականության ես դու դավանում. հարցն այս է: Այո, կարող է հայ լինել նաև չմկրտվածը, աթեիստը, եթե նա այդ բարոյական դոկտրինան է դավանում»:

Շարունակությունը սկզբնաղբյուրում՝ankakh.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing