10 տարի անց իշխանության են եկել նրանք, որոնք մարտի 1-ին զանգվածային անկարգություններ էին կազմակերպել. Ռոբերտ Քոչարյան

130

Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը

Պարոն Համբարյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ՆՏՎ հեռուստաալիքին և մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, ասելով, որ ինքը կարող է դառնալ լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն, նաև նշել է, որ ինքը ոչ թե վերադառնալու է քաղաքականություն, այլ արդեն վերադարձել է: Ձեր կարծիքով՝ նա կարո՞ղ է լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ այն մարդկանց համար, ովքեր, իր բնորոշմամբ, տեսնում են այժմ առկա խնդիրները:

Նախ՝ սկսենք երկրորդ հարցից, որ ինքն արդեն վերադարձել է քաղաքականություն: Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իմ կարծիքով ունի մեկ նպատակ. Նա դրանով ձեռք է բերում ինդուլգենցիա ապագայում իր դեմ քրեական գործեր հարուցելու առումով: Ինքը փորձում է իր դեմ ուղղված մեղադրանքները քաղաքականացնել ու դրանով դառնալ քաղաքական հալածյալ: Ռոբերտ Քոչարյանը այս պահի դրությամբ չունի այն հնարավորությունը, որ ինքն իրեն հռչակի այն անձը, որը կարող է հասարակության մի ստվար զանգվածի տանել իր հետևից։ Էլի եմ կրկնում` այս պահի դրությամբ, քանի որ հասարակության մեծ մասը բավական քննադատաբար և հակակրանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյան անձին և կոնկրետ նրա դեմ կան 2 խոշոր մեղադրանքներ: Դա մարտի 1-ի դեպքերն են, և երկրորդ՝ երկրում քրեաօլիգարխիկ համակարգի վերջնական ձևավորումը:

Ինչ վերաբերվում է այն հայտարարությանը, որ ինքը կարող է կոնսոլիդացնող ուժ դառնալ, հետաքրքիր է, թե ինքը ինչ նկատի ունի դա ասելով: Այս պահի դրությամբ հասարակության մեջ նա չունի այն հենարանը, որի շնորհիվ ինքը կարող է ձայներ ստանալ: Երկրորդ, Քոչարյանի հետ համագործակցող ուժերը կարող են նաև ձայն կորցնել ընտրությունների ժամանակ: Ես Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը երկու տեսանկյունից կդիտարկեի՝ եթե խոսքը քաղաքական դաշտում կոնսոլիդացիայի մասին է, ապա նա դա կարող է, իսկ հասարակությանը իր շուրջը կոնսոլիդացնելն այս պահի դրությամբ խնդրահարույց է։ Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի որոշ ժամանակ անց, քանի որ մենք շատ լավ հիշում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից հեռանալը 1998 թվականին և շռնդալից վերադարձը 2008 թվականին։ Նա ևս շատ անփառունակ հեռացավ իշխանությունից և 10 տարի հետ վերադարձավ քաղաքական դաշտ արդեն այլ ամպլուայով։

Քոչարյանը նաև նշել է, որ 10 տարի անց իշխանության են եկել նրանք, որոնք մարտի 1-ին զանգվածային անկարգություններ էին կազմակերպել, և հիմա  հաշվեհարդար են տեսնում»։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը։

Ինքնապաշտպանական հայտարարություն է, այլ կերպ նա չի կարող։ Ռոբերտ Քոչարյանն այս պահի դրությամբ ավելի շատ զբաղված է իր անձի պաշտպանությամբ, քանի որ ինքը շատ լավ գիտի, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի համար նույն Նիկոլ Փաշինյանը, որին ինքը պատժեց, պետք է որ իրենից հաշիվ պահանջի։ Հիմա այսպիսի հայտարարություններ անելով ինքը փորձում է ներկայանալ որպես քաղաքական հալածյալ, ինչպես ժամանակին մարտի 1-ի դեպքերից հետո անում էին Նիկոլ Փաշինյանն ու մյուսները, բազմաթիվ այլ անձինք։ Սա մեզ համար նորություն չպետք է լինի, և Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված մթնոլորտը և քրեական գործի հարուցումը նա պետք է  բացատրի հենց այն պրիզմայով, որ ինքը պետության շահերից ելնելով փորձել է կանխել հակասահմանադրական ելույթները, և հիմա իրեն դրա համար հետապնդում են։

Հարցին, թե կստեղծի առանձին կուսակցությո՞ւն, թե՞ կմիանա արդեն գործող ուժերին, Քոչարյանը պատասխանել է, որ այդ հարցը դեռ բաց է, բայց նաև ասել է, որ կարող է ուժեղ համախմբող ուժ դառնալ նրանց համար, որոնք տեսնում են այսօրվա խնդիրները։ Նա նաև մեղավոր է համարել Սերժ Սարգսյանին, որ սահմանադրական փոփոխություններ է կատարել։ Ձեր կարծիքով, որքանո՞վ Ռոբերտ Քոչարյանը կարող է հաջողել։

Թե ինչ ֆորմատով է քաղաքական գործընթացներին մասնակցելու, Ռոբերտ Քոչարյանը դեռ ընտրության հնարավորություն ունի, քանի դեռ նոր ընտրական օրենսգիրքը չի ընդունվել, և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների վերաբերյալ հստակություն չկա։ Նա կարող է տարբեր ձևաչափերով մասնակցել, ինքը այդ ֆինանսական հնարավորություններն ունի, բայց առանձին քաղաքական ուժ ստեղծելու համար արեն շատ ուշ է, որովհետև ոչ ժամանակ ունի այդ ուժը գովազդելու և հասարակությանը ներկայացնելու, ոչ էլ ռեսուրսներ ունի մարդկային, որ իր շուրջը հավաքի։ Պարոն Քոչարյանն ինքն էլ շատ լավ գիտի, որ հասարակության մոտ ինքն այնքան էլ հարգանք չունի, բայց իր ֆինանսական հնարավորությունները շատ հմտորեն կարող է օգտագործել ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի մի մասի հիման վրա ձևավորված մի այլ կուսակցության միջոցով ԱԺ ընտրություններում անցողիկ տոկոս ստանալու համար։ Ես այս պահի դրությամբ չեմ կարող պատկերացնել, որ Քոչարյանը կարողանա իր շուրջը շատ մեծ զանգված հավաքել։ Բայց նա կարող է իր շուրջը համախմբել քաղաքական ուժեր, եթե մինչև արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանը մի քանի կոպիտ սխալներ կատարի և սայթաքումներ ունենա, որը կհիասթափեցնի հասարակության մեծ մասին։ Այս պահին ես նախադրյալներ չեմ տեսնում, որ Քոչարյանը կարող է այդ ուժը դառնալ։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նա, ցավոք սրտի, տառապում էր իշխանամոլությամբ և դրա պատճառով էլ կորցրեց իշխանությունը։ Ես ինքս էլ բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանի հասարակությունը բոլորովին պատրաստ չէր սահմանադրական փոփոխություններին, առավելևս այն առումով, որ ինչպես իրենք են ասում, բարեփոխված Սահմանադրությամբ Հայաստանը դարձավ խորհրդարանական երկիր։ Սոցիալական շատ ծանր վիճակում գտնվող հասարակություն ունեցող երկիրը պետք է ունենա շատ ուժեղ նախագահ։ Ես հաստատ համոզված եմ, որ մեր հասարակության մեծ մասը ընտրություններին մասնակցելիս երբևիցե չի ուսումնասիրում կուսակցությունների ծրագրերը և չի էլ տարբերում նրանց քաղաքական դիրքորոշումը։ Մեր հասարակության մեծ մասը գնում է ընտրության ոչ թե ընտրելով համապատասխան քաղաքական ուժի ծրագիրը, այլ անհատներին։ Այսպիսի քաղաքականապես թերզարգացած հասարակություն ունենալով, միաժամանակ կուսակցական շինարարությունը դեռ չավարտված, երբ կուսակցությունների մեծ մասը մարդ-կուսակցություններ են, չէր կարելի անցնել խորհրդարանական կառավարման։

Եվ հիմա 105 պատգամավորներից ընդամենը ինն են ներկայացնում գործադիր իշխանության շահերը, մյուսները  կապ չունեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ որքան էլ հիմա հայտարարեն՝ հետհեղափոխական էյֆորիա է Հայաստանում, այնուամենայնիվ, առկա է ճգնաժամ, որը կարող է հաղթահարվել, երբ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache