Լրահոս

100-ից ավել զոհ, ավելի քան 200 վիրավոր. ամեն ինչ քառօրյա պատերազմի մասին

 

Ապրիլի 2-ին լրանում է Քառօրյա պատերազմի մեկ տարին: Ցավալի այդ իրադարձությունը հայկական կողմին պատճառեց բազմաթիվ կուրուստներ: Politik.am-ը ձեզ է ներկայացնում այդ օրերի գործողությունների մասին բոլոր մանրամասնությունները:

Դեպքերի ժամանակագրություն

Ապրիլի 2

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց՝ հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին:

Ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:

Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել:

Ապրիլի 3

Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։

Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին, հայտարարություն է տարածել, թե իբր միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը:

ԼՂՀ ՊԲ-ն հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները Թալիշի (Արցախ) ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա:

Ապրիլի 4

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։

Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով:

Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաև երկու գյուղապետ:

Ապրիլի 5

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները։ Զինադադար հայտարարելու համար ընթանում են բանակցային գործընթացներ:

Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Մարդկային կորուստներ և վիրավորներ

Ըստ պաշտոնական աղբյուրների հայկական կողմը տվել է ավելի քան 110 զոհ: 121 հոգի վիրավոր, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ:

Արցախյան բանակի դիրքային և տարածքային կորուստները հարավայինուղղությամբ

2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե թեփե բարձունքը կամ բլուրը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև: 1994-ի զինադադարով և հաստատված շփման գծով Հորադիզ գյուղը մնացել է Արցախի, իսկ Հորադիզ կայարանը՝ Ադրբեջանի կազմում:

Լելե թեփե բլուրը կորցնելու մասին պաշտոնապես առաջինը խոսեց Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը ապրիլյան ասուլիսներից մեկում. «Լելե թեփեն չի կարող համարվել ռազմավարական նշանակություն ունեցող, որովհետև լեռան գագաթի տրամագիծը կազմում է 5 մետր: Ընդհանուր լանդշաֆտի համեմատությամբ նրա բարձրությունը կազմում է 20 մետր: Դիրքերի համակարգի մեջ այն էական, թեկուզ մարտավարական նշանակություն չունի: Խոսք չկա ռազմավարական նշանակություն ունենալու մասին»:

Ապա Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում ասաց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատված» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:

Լելե թեփեում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն: Ասել, որ սա շատ մեծ կորուստ է, արդարացված չէ: Բայց չի կարելի նաև անդադար հայտարարել, թե Լելե թեփեն կարևոր նշանակություն չունի: Շփման գծի այս հատվածը հիմնականում դաշտավայր է, իսկ նման լանդշաֆտի պայմաններում ամեն մի բարձունք ունի կարևոր նշանակություն:

Ամենից ցավալին ու ողբերգականն այն էր, որ Լելե թեփեի դիրքերում Արցախյան բանակը տվեց մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ:

Արցախյան բանակի դիրքային և տարածքային կորուստները հյուսիսայինուղղությամբ

Հյուսիսային՝ Թալիշ/Մատաղիս-Թափ Կարակոյունլու ուղղությամբ, արցախյան տարածքային կորուստներն ավելի զգալի էին: Արցախյան բանակը ապրիլ 1-2-ի գիշերը կորցրեց տասնյակ ռազմական դիրքեր, իսկ առաջին գիծը, ինչպես հարավային ուղղությամբ, գրավվեց հակառակորդի կողմից: Մարտերի ընթացքում հայկական կողմին հաջողվեց հետ բերել կորցրած դիրքերի մի մասը:

Այսօրվա դրությամբ Արցախյան բանակը այդ հատվածում ունի 14 կորցված դիրք: Տարածքային առումով՝ ադրբեջանական կողմի գրաված դիրքերի երկարությունը շուրջ 4 կիլոմետր է, խորությունը՝ 1-1.5 կիլոմետր: Այստեղ ադրբեջանական կողմը ստացել է որոշ դիրքային առավելություն, ինչը հնարավորություն է տալիս ուղղակի կրակի տակ պահել Թալիշը կամ գյուղի որոշ հատվածներ:

Թալիշը, ինչպես և Մարտակերտի շրջանի մեծագույն մասը 1992-1994 թվականներին եղել է ադրբեջանական գրավման տակ: Թալիշը ազատագրվել է 1994-ի ապրիլին՝ զինադադարի հաստատումից օրեր առաջ: Երբ թալիշցիների մի մասը վերադարձավ գյուղ, տները ավերված էին: Նրանք նոր կյանք սկսեցին, որը, սակայն, խաթարվեց ապրիլ 1-2-ի գիշերը, երբ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մտան գյուղ, իսկ հրետանին ավերեց գրեթե բոլոր տները: Այսօր Թալիշում քաղաքացիական բնակչություն չկա:

Ի՞նչ դասեր պետք է քաղել Ապրիլյան պատերազմից: Ինչպիսի՞ առասպելներ և պատրանքներ  էին հյուսվել մինչև ապրիլ 1-ի կեսգիշերը, երբ Ադրբեջանը դիմեց հերթական դիվերսիային և ապա սկսեց գնդակոծել ու ռմբահարել ինչպես շփման գծի ողջ երկայնքով տեղաբաշված հայկական դիրքերը, այնպես էլ քաղաքացիական բնակավայրերը՝ Թալիշը, Մատաղիսը և Մարտակերտը: Բնական է, Բաքվի ագրեսիային ի պատասխան, արցախյան կողմը հարվածներ հասցրեց ինչպես ադրբեջանական ռազմական հենակետերին, այնպես էլ շփման գծի երկայնքով գտնվող բնակավայրերին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing