10+1 = 12

0

hayeli.am — Խորհրդարանի այսօրվա նիստն անցավ գերեզմանային մթնոլորտում, հակառակ մայիսի 1—իմ․ երբ ՀՀԿ-ականները քարը քարին չէին թողնում ու քննադատական հարցեր ու ելույթներ հնչեցնում՝ հասցեագրված Նիկոլ Փաշինյանին, այսօր որեւէ հարց, որեւէ ելույթ չունեցան, բացառությամբ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ով հայտարարեց, որ իրենց մոտեցումները չեն փոխվել, որ ՀՀԿ-ն միասնական է, իրենք էլի դեմ են քվեարկելու, բայց խոստումի համաձայն օժանդակելու են Փաշինյանի ընտրության հարցում։

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք 10+1 ձայն կտան Փաշինյանին, քվեարկությունն արձանագրեց հետեւյալ պատկերը՝ 59 կողմ, 42 դեմ: ՀՀԿ-ից Ֆելիքս Ցոլակյանից բացի Փաշինյանին կողմ քվեարկեցին Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը, Արսեն Միխայիլովը, Սամվել Ալեքսանյանը, Կնյազ Հասանովը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, Սեյրան Սարոյանը, Շիրակ Թորոսյանը, Աշոտ Արսենյանը և Արման Սահակյանը: ՀՀԿ-ն պաշտոնապես դարձավ ընդդիմություն` վարչապետի ընտրությանը չխոչընդոտելու համար ապահովելով «10+1» ձայներ: Այս մասին էլ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը․«Իրողությունների հետ հաշվի չնստելը կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի, իսկ քաղաքական ուժը, որն իրեն համարում է պետական գաղափարախոսության կրող, միայն վերմակն իր վրա գցելով չէ, երբեմն պետք է գնալ զիջումների` շատ լավ հասկանալով, որ դա է այս պահին իրական ճանապարհը»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն քվեարկելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է սկզբունքով, որևէ մեկի ճնշման տակ չի առաջնորդվում, ոչ էլ սուրճի բաժակ նայելով: «Հետևաբար չեմ կարող ասել, թե ինչպես կքվեարկենք կառավարության ծրագրին: Երբ կներկայացվի կառավարության ծրագիրը, այդ ժամանակ էլ կասենք»,-ասաց նա: Լրագրողներից մեկը հարցրեց`իսկ ՀՀԿ-ն կպահպանի՞ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իսկ որեւէ մեկը կասկածո՞ւմ է»: Իհարկե, կասկածում է ու հիմքերն էլ տվել եք դուք ՀՀԿ-ականներդ այսօրվա քվեարկությամբ։ Վահրամ Բաղդասարյանը հատուկ շեշտեց, որ լինելու է 10+1, քվեարկության արդյունքներով ստացվում է 10+2, եւ ուրեմն մեկ պատգամավոր արդեն հեռացել է մեծամասնությունից, կամ էլ Վահրամ Բաղդասարյանն է անզգույշ հայտարարություն արել։ Նկատենք, որ քվեարկությունից հետո որեւէ Հանրապետական չմոտեցավ ու չշնորհավորեց նորընտիր վարչապետին, դահլիճը դատարկվեց վայրկյանների ընթացքում։ Իսկ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը նիստի ամբողջ ընթացքում լրագրողների համար նախատեսված օթյակից հետեւում էր նիստին։

Անի Սահակյան



Загрузка...