Լրահոս

12 միլիոնի հափշտակություն. դպրոցի տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

 

ՀՀ պետական կառույցներում աշխակիցների հաստիքներն ավելացնելու եւ այդ ճանապարհով պետական միջոցները վատնելու երեւույթը հասել է դպրոց: «Ժողովուրդ»-ի տեղեկություննեով՝ այս օրերին մի շարք մարզպետներ դպրոցներում ստուգումներ են սկսել, քանի որ ահազանգ ունեն, որ արհեստական գրանցված անձինք կան, որոնք աշխատանքի չեն ներկայանում, իսկ նրանց աշխատավարձերը ստանում են դպրոցի տնօրենները:

Երբ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին, որ ընտրությունների այնպիսի մեխանիզմ ներկայացնեն, որը կբացառի ծանոթի միջոցով դպրոցում նշանակումներ կատարելը, վարչապետի հանձնարարականից հետո մի շարք դպրոցի տնօրեններ աշխատանքից ազատվեցին: Սակայն ինչպես տեսնում ենք՝ դպրոցներում բացի ծանոթ-բարեկամ նշանակելուց՝ աղմկալի յուրացումների դեպքեր են ի հայտ եկել:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այսօր մեղադրյալի աթոռին են հայտնվել դպրոցների տնօրենները: Պարզեցինք, որ 2009 թվականից մինչեւ 2015 թվականը Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանը, լինելով դպրոցի տնօրեն, դպրոցի տարբեր ազատ հաստիքներում գրանցել է 12 քաղաքացիների, որոնք չեն ներկայացել աշխատանքի, ու դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանը նրանց անուններով ստացած գումարը յուրացրել է:

Նշենք, որ 2009 թվականից մինչեւ 2015 թվականը 12 քաղաքացիների անունից ստացած եւ յուրացված գումարի չափը կազմում է մոտ 12 միլիոն դրամ: Անաիդա Շահնազարյանից բացի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը: Դատելով մեղադրական եզրակացությունից՝ դպրոցի տնօրենն ու պահակը համատեղ են գումարներ յուրացրել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել դպրոցի տնօրենի հետ: Նա դիմել է դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանին՝ խնդրելով, որ դպրոցի ազատ հաստիքներում գրանցի իր մտերիմներին, մասնավորապես որդուն` Դ. Մալխասյանին, եղբորը` Ս. Մալխասյանին եւ եղբորորդուն` Ա. Մալխասյանին: Եվ ահա դպրոցի տնօրեն Շահնազարյանն էլ «բարի կամք է դրսեւորել» եւ որոշել է օգնել դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանին: Արդյունքում նա պահակ Քնարիկի մտերիմներին գրանցել է դպրոցում որպես տեխնիկական աշխատակիցներ: Տպավորությունն այնպիսին էր, որ Քնարիկ Մալխասյանը իր մտերիմների ստացած աշխատավարձը պետք է կիսեր դպրոցի տնօրենի հետ, սակայն դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը անձամբ է ստացել իր բարեկամների աշխատավարձը եւ օգտագործել իր կարիքների համար: Իսկ նրա կողմից ստացած աշխատավարձը կազմել է մոտ 4 միլիոն դրամ:

Տեղեկացանք, որ Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանի եւ դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանի խափանման միջոցը ընտրվել է ստորագրությամբ չհեռանալու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս դեպքի բացահայտումից հետո ՀՀ մի շարք մարզպետներ հանձնարարել են, որ դպրոցներում ստուգումներ իրականացնեն եւ հատկապես ստուգեն գրանցված աշխատողների ով լինելը եւ նրանց կոնկրետ գործառույթները: Այս իրավիճակում ուշագրավ է հիշեցնել 2013 թվականին դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերը, երբ բացահայտվել էր, որ մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված էին եղել, սակայն չէին ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել էին նրանց պետերը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armlur.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing