good-banner
Լրահոս

1992-ին հայ գիտնականը Վազգեն Սարգսյանին առաջարկել էր իր ստեղծած մեկ հրթիռով հաղթանակած ավարտել Ղարաբաղյան պատերազմը

 

6a229f84fc8ae4255d37df746d5597dc

nyut.am-ը գրում է. Աշոտ Աղաբաբյանի մեծ աղմուկ հանած ու մի քանի անգամ հրատարակված «Մենակը» հայտնի վեպում մի դրվագ կա, որտեղ հանրահայտ գիտնականը 1992թ-ին հանդիպում է Վազգեն Սարգսյանին և առաջարկում ստեղծել մի հրթիռ ու դրանով ավարտել պատերազմը: Հեղինակը ժամանակին հանդիպել և այս թեմայով զրուցել է և´ Սպարապետի, և´ մեծանուն գիտնականի հետ: Երկուսն էլ հաստատել են այդ պատմության իսկությունը, սակայն կառավարությունն այն ժամանակ միջոցներ չի տրամադրել (կամ չի ունեցել) հրթիռի համար:
Ճիշտ է, գիրքը գեղարվեստական է, սակայն զուտ փաստերի վրա է հիմնված:
Ներկայացնում ենք «Մենակը» գրքի «Միայնակ գայլը» ենթավերնագրով հատվածը, որը խիստ կհետաքրքրի մեր ընթերցողներին:

Առնո Սարոյանը ամիսներով փակվեց Զիկատարի իր մենաստանում: Գրեթե ոչ ոքի հետ չէր շփվում: Կենտրոնը աշխարհի տարբեր երկրներից տիեզերական սարքավորումների բազմաթիվ պատվերներ ունի: Բայց նա գրեթե ոչնչով չէր զբաղվում: Կենտրոնի աշխատանքները հանձնարարել էր տեղակալին ու փակվել աշխատասենյակում: Մերձմոսկովյան ստորգետնյա գերգաղտնի ռազմակայանից դուրս գալուց հետո գրեթե անճանաչելի էր դարձել: Ոչ ոք ու ոչինչ նրան չէր հետաքրքրում: Միակ բանը, որով զբաղվում էր, Խրոնոսն էր: Մանրակրկիտ, դանդաղ, դետալ առ դետալ ուսումնասիրում էր: Անշտապ, անտրամադիր:
Սկսվել էր պատերազմը: Ռազմաճակատում ծանր իրավիճակ էր: Զոհեր, զոհեր… զոհեր: Այդ ամենին հետևում էր ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Մի առավոտ արթնացավ ու ձեռքը տարավ կառավարական հեռախոսին:
— Ես Առնո Սարոյանն եմ, ճանաչո՞ւմ եք այդպիսի մարդու:
— Այո’, իհարկե, պարոն Սարոյան, մեզ համար մեծ պատիվ է, որ զանգահարել եք, ես պաշտպանության նախարարի օգնականն եմ, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,- պատրաստակամ արագ-արագ արտասանեց մի երիտասարդ ձայն:
— Այդ ես եմ ուզում օգտակար լինել: Կարո՞ղ եմ խոսել նախարարի հետ,- հարցրեց Սարոյանը:
— Ցավոք, անհնար է, նա ռազմաճակատում է, չգիտեմ` երբ կապի մեջ կմտնի,- ասաց երիտասարդը:
— Խնդրում եմ փոխանցեք նրան, որ Առնո Սարոյանը Զիկատարի կոսմիկական կենտրոնում սպասում է իրեն: Կարևոր և շտապ գործ է:
— Ես անպայման կփոխանցեմ, պարոն Սարոյան:
Երկու օր անց երեկոյան հնչեց կառավարական հեռախոսազանգը:
— Նախարարն է, Առնո Լվովիչ, երկու ժամից կլինեմ Ձեզ մոտ` Զիկատարում:
***

Ջերմ ողջագուրվեցին: Նախարարն անձնապես վաղուց էր ճանաչում Սարոյանին: Երբ Ստեփանակերտից ուղղաթիռով իջել էր Երևանի օդանավակայանում, նրան անմիջապես զեկուցել էին Սարոյանի հեռախոսազանգի մասին: Սարոյանը հենց այնպես չէր զանգի, նա մեզանից լուրջ մարդ է, անմիջապես ինձ կապեք նրա հետ, ասել էր նախարարը:
Սարոյանն ուշադիր նայեց նախարարին, խիստ հոգնած ու տանջված տեսք ուներ: Բայց նույն հզոր տեսակն էր` կտրուկ ու կրակոտ հայացքով:
Առնոն խնդրեց հակիրճ պատմել, թե ինչ իրավիճակ է ռազմաճակատում: Նախարարը զուսպ ներկայացրեց պատկերը: Իսկ պատկերը տխուր էր ու ծանր:
— Եկել եմ մահապարտների գունդ ստեղծեմ, որպեսզի փրկենք Ղարաբաղը: Վաղը հայտարարություն կանեմ հեռուստացույցով,- ասաց զորավարը:
— Մեզ մահապարտներ պետք չեն գա, եթե ուշադիր լսես ինձ ու հավատաս,- հանկարծ ձայնի տոնը փոխելով, ասաց Սարոյանը:
Նախարարը, որ հոգնած փռվել էր բազկաթոռին, միանգամից զգաստացավ, նստեց և սևեռուն հայացքն ուղղեց Առնոյին: Հասկացավ, որ խոսակցության թեման ռազմաճակատն է:
— Լսիր ուշադիր, ինչ պատմում եմ` հեքիաթ չէ, գաղտնիք է, որ այս պատերից դուրս չպիտի գա: Ամիսներ առաջ ռուսներն ինձ հրավիրեցին Մոսկվա և տարան իրենց ստորգետնյա գերգաղտնի հրթիռային ռազմակայան: Նրանք իմ աշխարհահռչակ հայտնագործությունը վերափոխել էին զենքի…
Նախարարը լարված և ուշադիր լսում էր Սարոյանին: Առնոն մի կում վիսկի ըմպեց ու ոտքի կանգնելով, շարունակեց խոսքը.
— Իմ աստղային տվիչները տեղադրել էին բալիստիկ հրթիռների մարտագլխիկներին: Առանց տվիչների 5000 կիլոմետր արձակած հրթիռը 200 կիլոմետրի շեղում կարող է ունենալ: Իսկ տվիչների տեղադրմամբ` օգտագործելով աստղերը, շեղումը կազմում է 150 մետր…
Նախարարն, ասես, քնից վեր թռավ ու ինքնաբերաբար ասաց` Չի կարող պատահել…
— Լսիր, երիտասարդ, դուք` զինվորականներդ, միայն կրակել գիտեք, երբեմն նաև լսեք և հավատացեք ծեր գայլիս,- վրդովվեց Սարոյանը:
Նախարարը մեղավորի պես ձեռքերը վեր բարձրացրեց` լսում եմ:
— Հիմա ավելի կոնկրետ կխոսեմ: Այստեղից` Զիկատարից մինչև թշնամու մայրաքաղաք ուղիղ գծով վեց հարյուր կիլոմետր է: Հասկանո՞ւմ ես, ինչ չնչին տարածություն է ասածս հրթիռների համար: Հիմա լսիր, այն ինչ կասեմ, դա այսօր կարող են անել ռուսները և ես, ուրիշ` ոչ ոք:
Բայց ես ավելի արագ կարող եմ ստեղծել, ռուսներից արագ: Ես կարող եմ ստեղծել այդ զենքը և իմ իսկ ստեղծած աստղային տվիչները տեղադրել մարտագլխիկներին: Վեց հարյուր կիլոմետրի վրա շեղումը կկազմի 20-25 սանտիմետր,- Սարոյանը բռունցքով ուժգին խփեց սեղանին: Սուրճի բաժակները շրջվեցին: Նախարարը ոտքի վրա հիացած նայում էր Սարոյանին:
— Բայց սա ես ուզում եմ ստեղծել, որ պատերազմը դադարի,- շարունակեց Առնոն:
— Ո՞նց թե,- զարմացավ նախարարը,- խաղաղության աղավնի՞ է Ձեր հրթիռը:
Առնոն քմծիծաղեց, նախարարի խոսքը դուրը եկավ:
— Հիմա կասես, թե ցնդած պրոֆեսոր է, բայց ուշադիր լսիր: Մենք զենքը պատրաստում ենք: Մեր երկրի ղեկավարը զանգահարում է հակառակորդ երկրի ղեկավարին և ասում` պարոն, հենց հիմա դուրս եկեք Ձեր նախագահական նստավայրից ու հեռվից նայեցեք` նախագահական շենքի մուտքի աջ ծաղկամանի մեջտեղում 20 րոպե հետո հրթիռ կպայթի: Հիմա ինձ ասա, այսպիսի բան տեսնողը, այլևս կպատերազմի՞: Հակառակորդի այդպիսի ճշգրտության զենքը տեսնելով կհամարձակվի՞ խաղալ իր երկրի ճակատագրի հետ: Դրանով կկանխվի պատերազմը: Այլևս զոհեր չենք տա: Ինչքա՞ն երիտասարդներ են զոհվում,- Սարոյանն ուշադիր նայում էր նախարարին: Վերջինս մտախոհ, լուռ լսեց Առնո Սարոյանին ու ասաց.
— Ի՞նչ է անհրաժեշտ այդ ամենի համար: Մեզնից ի՞նչ է կախված:
— Անցանք ամենակարևորին,- ասաց Սարոյանը,- բայց վախենամ, թե ոգևորությունը կմարի: Արի հաշվենք, թե որքան գումար և հումք է անհրաժեշտ: Ես արդեն հաշվել եմ, տես:
Եվ Առնոն ներկայացրեց իր հաշվարկները: Զորավարը խոժոռվեց: Գրիչը վերցրեց և սկսեց իր հաշվարկներն անել: Առնոն դուրս եկավ պատշգամբ: Վիսկի էր ըմպում, բայց լարվածությունից ձեռքը դողում էր: Ոչ մի լավ բան չէր գուշակում նախարարի պատասխանից: Դանդաղ մոտեցավ ու նստեց նրա դիմաց:
— Առնո Լվովիչ, Ձեր առաջարկությունը կարող է հաղթանակ ապահովել… բայց մենք չենք կարող այսպիսի զենք ստեղծել,- Առնոն հարցական ու խիստ նայեց նախարարին, վերջինս շարունակեց:- Այս թվերը մեր երկու տարվա բյուջեն են, հասկանո՞ւմ եք: Ես այսօր մի տանկ գնելու համար շուն եմ քերթում: Վախենամ, թե չկարողանանք իրականություն դարձնել Ձեր առաջարկը:
— Իսկ դու կարո՞ղ ես հաշվել, թե ինչքան միլիարդներ եք ծախսելու պատերազմի ողջ ընթացքում, էլ չեմ ասում հազարավոր զինվորների անդարձ կորուստը: Հավատա, տասնապատիկ ավելի թանկ է նստելու հաղթանակը, եթե չստեղծենք այդ հրթիռները: Դու չես պատկերացնի, թե որպես գիտության մարդ, ինչ ողբերգություն է ինձ համար, որ իմ մաքուր գիտական հայտնագործությունը վերածվել է զենքի: Ու այսօր ուզում եմ, որ այդ զենքը խաղաղությանը ծառայի: Արդյո՞ք ես հայրենիքին էլ պիտանի չեմ,- Առնոն դողում էր կատաղությունից:
Նախարարը հուզվեց, ուզեց պինդ գրկել պրոֆեսորին, որին անչափ հարգում ու սիրում էր: Բայց գիտեր, որ Սարոյանին միմիայն դրական պատասխանը կհանգստացներ:
— Առնո Լվովիչ, ես կխոսեմ երկրի ղեկավարության հետ, ամենայն հավանականությամբ, կառավարության ղեկավարը կհանդիպի Ձեզ հետ: Բայց չեմ ուզում Ձեզ խաբել: Վախենամ, թե ուժներս չպատի… Իսկ հայրենիքին Դուք միշտ եք պետք,- Նախարարն ամուր գրկեց Սարոյանին ու դուրս եկավ:
***

Երկու օր անց Սարոյանին հրավիրեցին կառավարություն: Վարչապետի ընդունարանում նա ևս մեկ անգամ թերթեց գծագրերը, ինչ-որ հաշվարկներ արեց: Անցավ կես ժամ: Ինչ-որ մարդիկ էին ներսուդուրս անում: Առնոն նյարդայնանում էր.
— Երիտասարդ, վարչապետը տեղյա՞կ է, որ Սարոյանն սպասում է իրեն,- խիստ տոնով հարցրեց օգնականին:
— Այո, իհարկե, բայց նա շատ զբաղված է, մի քիչ էլ սպասեք,- ասաց օգնականը:
Եվս կես ժամ անցավ, նոր մարդիկ եկան ու աղմուկով լցվեցին վարչապետի աշխատասենյակ: Առնոն շշմած նայում էր այդ ամենին: Նա առաջին անգամ էր տեսնում այսպիսի փնթի, անմակարդակ, անկազմակերպ վիճակ կառավարությունում: Բրեժնևի, Կորոլյովի, Կելդիշի ընդունարաններում երբեք իրեն չեն սպասեցրել: Այս ի՞նչ վիճակ է, ովքե՞ր են երկրի տերերը: Դեռ կոմունիստներին էլ հայհոյում են: Ի՜նչ կարգապահություն ունեին:
Սարոյանն այլևս չհամբերեց: Ոտքի ելավ և մոտենալով օգնականին, բարձրաձայն, գրեթե գոռալով ասաց.
— Հայտնեք Ձեր վարչապետին, որ ինքը շատ փոքր մարդ է, որ Սարոյանին երկու ժամ սպասեցնի: Նա իր տեղում չէ և վարկաբեկում է այդ պաշտոնը:
Ընդունարանում քար լռություն տիրեց: Առնոն շրջվեց և դուռը թափով շրխկացնելով, դուրս եկավ…
***

Մեկ շաբաթ անց զանգահարեց Պաշտպանության նախարարը:
— Առնո Լվովիչ, ես ցավում եմ, որ կառավարությունը միջոցներ չկարողացավ հայթայթել Ձեր առաջարկությունը իրականություն դարձնելու համար: Կներեք: Հոյակապ առաջարկ էր, բայց երկիրն այսօր ի վիճակի չէ նման գլոբալ հարց լուծելու… Իսկ վարչապետի պահվածքի համար ուղղակի կներեք: Ես ամաչում եմ… թյուրիմացություն է եղել…
— Թյուրիմացներին վստահելով երկիր չեք կառուցի,- պատասխանեց Սարոյանը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am