2008-Ի ՇԱՐԺՈՒՄԸ ԱՅՍՕՐՎԱ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՂԵԼ Է ՊԱՏՎԱՆԴԱՆ

0

hraparak.am — Արդեն երկու շաբաթ ընթացող քաղաքացիական անհնազանդության շարժումը կարգախոս դարձրեց «Մերժի՛ր Սերժին»-ը՝ հետին պլան մղելով քաղաքական բովանդակության տեքստերը, որոնք նախկինում հնչում էին ընդդիմության կազմակերպած հանրահավաքների ժամանակ։ Փոխարենը կիրառվեցին ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք ուղերձ են հղում տարբեր շերտեր ներկայացնող քաղաքացիական հանրությանը։ «Բաց ձեռքեր»-ի շարժումն իր շուրջը համախմբեց հիմնականում երիտասարդներին, ուսանողությանը, որոնք ավելի զգայուն են սոցիալական անարդարությունների նկատմամբ եւ լավ են գիտակցում սեփական իրավունքները։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը քաղաքական տեքստի դուրս մղումը բացատրում է հետեւյալ կերպ՝ այսօր կա միտում «Ֆեյսբուք»-ից անցում կատարելու «Ինստագրամ», ինչը համաշխարհային միտում է եւ նշանակում է տեքստերից անցնելու նկարների, պատկերների, շարժումների։ Նույնը, ըստ նրա, այժմ կատարվում է քաղաքական շարժումների ժամանակ, եւ տեքստերը փոխարինվում են փոքրիկ ռեպլիկներով, նկարներով, շարժումներով։ «Տեքստերն, իհարկե, անհրաժեշտ են ինտելեկտուալ հատվածին կողքին պահելու համար։ Տեքստերի մշակույթը դրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ․ շարժման ժամանակ, երբ մարդիկ գալիս էին հրապարակ՝ տեքստ լսելու, վերծանելու։ Այդ շարժման ժամանակ մարդիկ գիտելիքներ էին ձեռք բերում տարբեր բնագավառներից։ Ես նոստալգիկ եմ ասում այդ ամենը, քանի որ դա եղել է ինձ համար համալսարան, դպրոց, եւ այդ դպրոցը ինձ հնարավորություն է տվել վերլուծել, հասկանալ, եզրակացություններ անել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է այսօրվա շարժմանը, ապա, ըստ «Անտարես»-ի տնօրենի , նրանում ներգրավված են տարբեր խավեր, նկատելի է նաեւ տարիքային մեծ տարբերությունը՝ շատ երիտասարդներից մինչեւ պապիկներ։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ շարժման մեջ ներգրավված են ինտելեկտի տարբեր պաշարներ ունեցող մարդիկ՝ գյուղացուց սկսած մինչեւ գիտնականներ։ «Դժվար է այդ մարդկանց տալ նույն տիպի ինֆորմացիա։ Կարծում եմ, հարթակում պետք է կանգնած լինեն տարբեր շերտերին բավարարող մարդիկ։ Բայց այս շարժման մեջ ավելի շատ են տիրապետում արեւմտյան տեխնոլոգիաներին։ Եվ դրա արդյունքը Սերժ Սարգսյանի հրաժարականն է»,- կարծում է Արմեն Մարտիրոսյանը։ Ինչ մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը, հաճախ են համեմատություններ անցկացվում այս շարժման 2008 թվականի եւ 88-ի շարժումների միջեւ։ Մեր այս դիտարկմանը Արմեն Մարտիրոսյանն արձագանքում է․ «2008-ի շարժումը չհասավ այդ հաջողությանը, չնայած այն ժամանակ էլ կար փետրվարի 26, երբ Հանրապետության հրապարակի բազմությունը եկավ Ազատության հրապարակ, եւ բոլորը կարծում էին, որ հաղթել են։ Այս երկու շարժումները ոչ թե պետք է հակադրել, այլ դրանք Ղարաբաղյան շարժման երկու փուլերն են։ Եվ մեկը մյուսի համար եղել է թռիչքի պատվանդան։ 2008-ի շարժումը եղել է այսօրվա շարժման համար պատվանդան, որպեսզի կարողանան հասնել մինիմալ արդյունքի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Կհասնեն մաքսիմալ արդյունքի՝ կպայքարեմ, կաջակցեմ, ամեն ինչ կանեմ, որ դա լինի նաեւ իմ, իմ շրջապատի աջակցությամբ։ Մի ուրիշ գործոն էլ կա՝ այն շարժումը չուներ ֆինանսական մեծ հոսքեր, այս շարժումն՝ ունի։ Շարժման առանձնահատկություններից է նաեւ շատ մարդկանց ներգրավվելը, որոնք պատրաստ են քո գաղափարի համար վճարել աշխատանքով կամ գործողությամբ։ Հայաստանի Հանրապետության ազատության գաղափարի համար մարդիկ վճարում են, գնում, հոժարակամ աշխատանք են կատարում։ Հիմնականում վճարումներ եղել են սփյուռքից։

 Իհարկե, դժվար է անհնազանդություն դսրեւորել, որովհետեւ դա սրտի կանչ է, քաղաքացիական դիրքորոշման ընկալում եւ արտահայտություն է։ Ութ ժամ անհնազանդությունն ավելի դժվար է, քան աշխատանքը։ Արդեն անցել է 14 օր, եւ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ շարունակում պայքարել։ Ճիշտ է, մեր աչքի առաջ մենք ունենք ուկրաինական երկու հեղափոխությունները, երբ մարդիկ կանգնեցին չորս ամիս։ Ես, իհարկե, կուզենայի, որ ուկրաինացիներից ավելի տոկուն լինենք, հաշվի առնենք իրենց սխալները եւ հասնենք նրան, որ իշխող կուսակցությունը դառնա ընդդիմություն։ Այդ կուսակցությունը սպասարկել է խունտայի եւ 20 տարով հետ գցել մեր պետության զարգացումը։ Եթե նա ձեւափոխվի, դառնա նորմալ կուսակցություն՝ քաղաքական անուններով, ապա սիրով թող պայքարի հետագայում ԱԺ-ում տեղ ունենալու համար»։

Թագուհի Հակոբյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache