2018-ի ինտրգը լուծվել է, Սերժ Սարգսյանը հրաժարվում է վարչապետի պաշտոնից

0

«2018-ի ապրիլի 9-ից հետո Հայաստանի վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը: Ուրիշ երկրորդ մարդ չկա»:Սա հատված է Գալուստ Սահակյանի ընդամենը երկու շաբաթ առաջ տված հարցազրույցից, որտեղ նա նույնքան հոդաբաշխ հայտնում էր, որ վարչապետի թեկնածուին առաջարկելու է Հանրապետականը եւ, որ հաջորդ տարվա ապրիլին Հանրապետականը չի կարող չառաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Բառացի ասում եմ, որ ՀՀԿ-ում շատ- շատ են մարդիկ, որոնք նույնպես ուզում են, որ հաջորդ տարի վարչապետ դառնա ոչ թե Կարեն Կարապետյանը, այլ Սերժ Սարգսյանը. «Ոչ միայն հիմնական գործադիր մարմինը, այլ ընդհանրապես, որոնք նաեւ տեղերում կուսակցական կազմակերպություն են, դրանց հիմնական մասը ձգտում է դրան»:

Հաշված օրեր հետո Գալուստ Սահակյանը հրաժարվեց իր խոսքերից, ասելով, որ վարչապետի պաշտոնում պետք է շարունակի հենց Կարեն Կարապետյանը.«Ես կարծում եմ, որ ինքը պետք է շարունակի իր աշխատանքը, որովհետև ինքը ներկայացրել է շատ լավ նախագիծ, և ինքը կշարունակի այդ նախագիծը»:

2018-ից հետո էլ կշարունակի պաշտոնավարել հարցին ԱԺ նախկին նախագահը պատասխանեց. «Իհարկե, կշարունակի, բայց ինչո՞ւ եք հենց հիմա ինձանից պահանջում, որ ես ասեմ, թե ով որտեղ կաշխատի: Պաշտոնական այնպիսի հնարավորություններ կան, որ բոլորը կարող են աշխատել: Հենց եկավ այն ժամանակը, երբ ՀՀԿ-ն իր որոշումն ընդունեց, ինքը կորոշի, թե ինչպես դա կլինի: Ես այսօր ասում եմ, որ երկրի քաղաքական, տնտեսական ղեկավարը պետք է լինի Սերժ Սարգսյանը: Երկրի հետագա կառավարումը պետք է իրականացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը »:

Ով ով, բայց Գալուստ Գրիգորիչը երբեք  պարտադրված չի եղել այսպես ասած կրուտիտներ անել, որպես կանոն ՀՀԿ-ի ներկայիս առանցքային ներկայացուցիչը միշտ մի քայլ էլ առաջ է ընկնում, քան շարքային կուսակցականները: Փաստն այն է, որ պարոն Սահակյանը 360 աստիճանով դիրքորոշում է փոխում, ինչը որոշակի հետեւությունների տեղիք է տալիս: Սա նշանակում է, որ իշխանության ներսում վարչապետության պայքարը կամ այնքան է սրվել, որ զինադադար կնքելու անհրաժեշտություն է առաջացել, ինչն էլ փաստորեն Գալուստ Սահակյանին մղել է հետողորմեա անել իր խոսքերում: Ու եթե հաշվի առնենք Կարեն Կարապետյանի սենտիմենտալ արձագանքը կուսակիցների կողմից Սերժ Սարգսյանի աջակցության մասին հարցերին, ապա թերեւս հասկանալի է դառնում, որ մի կողմը այսպես ասած ամբողջովին տրվել էր սադրանքներին:

Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում վարչապետը կարճ-կոնկրետ փակեց այդ հարցը՝ ասելով, որ ինքը մասնավոր կարծիքներ չի մեկնաբանում: Սակայն առավել հավանական է, որ Սերժ Սսարգսյանը թերեւս որոշել է իր վերջնական կարգավիճակը: Վերջին շրջանում մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ Սարգսյանը ցանկանում է անվտանգության մարմին, խորհուրդ ձեւավորել, որը կստանձնի Հայաստանի անվտանգության եւ պաշտպանության հարցերը, անվերապահ վերահսկողության տակ կպահի բանակը, եւ որ այդ մարմնի ղեկավարումը կստանձնի հենց ինքը՝ Սարգսյանը: Եթե դրան գումարենք այն, որ նա ՀՀԿ-ի ղեկավարն է, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, ապա կստացվի, որ վարչապետի լիազորությունների տիրույթում կմնան զուտ տնտեսական հարցերը:

Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը այս հարցում կայացրել է վերջնական որոշում, իսկ հիմա նրան ժամանակին արջի ծառայություն մատուցողները որոշել են հետ վերցնել իրենց խոսքերը: Հարցին, թե երկրի ղեկավարումը ստանձնելու շուրջ զրուցե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Անհնար է զրուցել, որովհետև նա այդ հարցի մասին չի ցանկանում զրուցել»։

Ուշագրավ է, որ բառացիորեն մեկ օր առաջ մենք գրել էինք, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում քաղաքական հարցերի քննարկման վրա տաբու է դրել, ինչը տարակուսանքի տեղիք է տվել: Ըստ էության Սերժ Սարգսյանը դեռ վերջնական ճշգրտումների փուլում է, սովորության համաձայն նա միայնակ է որոշումները կայացնում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache