Լրահոս

2018-ի պատանդները

 

Այսօր Ժիրայր Սէֆիլյանի գործով անցնող Ներսես Պողոսյանի պաշպաններ Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը ներկայացել են դատարան որպես քաղաքացի: Պապիկյանը չէր ծանուցվել, իսկ Կարապետյանցը, իր խոսքերով՝ խուզարկությունից հրաժարվել էր և պայուսակը թողել դրսում: Դատարանը Ներսես Պողոսյանի և Ժիրայր Սէֆիլյանի համար` հակառակ նրանց կամքի, հանրային պաշտպան ներգրավելու որոշում է կայացրել և հայտնել, որ գրությամբ կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակ: Սա ևս մեկ անգամ հաստատում է երեկվա մեր կանխատեսումը, որ «ծռերին» առնչվող դատական գործընթացներն իշխանությունները որոշել են վերածել խեղկատակության և այսօրվա իրավիճակը պահպանել մինչև հաջորդ տարվա ապրիլ, երբ հստակություն է մտնելու նոր իշխանության հարցում:

Ասվածը, իհարկե, չի ենթադրում, որ ապրիլից հետո իշխանությունները հումանիստական վերաբերմունք են ցուցաբերելու «ծռերի» հանդեպ կամ կայացնելու են արդարացման վճիռներ: Ուղղակի փոխվելու է քաղաքական իրավիճակը, և իշխանությունները համակարգային կոնսոլիդացիա ապահովելու արհեստական գործոնների անհրաժեշտություն չեն ունենալու: Մյուս կողմից, ակնհայտ է, որ արդարացված չէ բոլոր «ծռերին» «համահարթեցնելու» իշխանության քաղաքականությունը: ՊՊԾ գնդի գրավման գործի արհեստական երկատումը չբերեց «ծռերին» սորտավորելու և նրանց միջեւ հակասություններ առաջացնելու` իշխանության համար ցանկալի արդյունքին:

Իշխանությանը ժամանակ է պետք, որպեսզի ուսումնասիրեն «ծռերին», ըստ քաղաքական նպատակահարմարության, խմբավորելու և նրանցից յուրաքանչյուրի հանդեպ տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցը: Մինչև իշխանության հարցի որոշակիացումը` պատկան մարմինները կզբաղվեն այս «ինվենտարիզացիայով»: Բուն դատական գործընթացի ականատես կլինենք մյուս տարի, երբ իշխանությունը կփորձի լուծել մի քանի խնդիր: «Ծռերի» նշանային դեմքերը կստանան ծանր պատիժներ, որպեսզի համակարգը կայունության երաշխիքներ ստանա, մյուս կողմից`բոլոր «տաք գլուխները» հասկանան, թե իրենց ինչ է սպասվում` իշխանության դեմ զենքով դուրս գալու դեպքում: Չենք բացառում, որ «ծռերի» շարքում գտնվեն «մոլորյալներ», որոնց նկատմամբ դատարանը մեղմ գտնվի, անգամ որոշների մասով կայացնի ազատազրկման հետ կապ չունեցող վճիռներ:

Ի վերջո, դատավարությունը լավ առիթ է, որպեսզի իշխանությունները միջազգային հանրությանը և մեր հասարակությանը ցույց տան, որ իրենք անհանդուրժող են ահաբեկչության հանդեպ, բայց չեն փակում «մոլորյալների» հետդարձի ճանապարհը: Իշխանության խմդիրն է հաշվեհարդար տեսնել Ժիրայր Սէֆիլյանի և նրա մերձավոր շրջապատի հանդեպ, մյուսների միջոցով իշխանությունը ձեռք է բերելու «մարդկային դեմք»: Սակայն այս ամենը` հաջորդ տարի, իսկ հիմա այս դատավարություններն իրենց բոլոր մասնակիցներով, դարձել են 2018-ի պատանդները:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing