Լրահոս

21-րդ դարի ամենախայտառակ պարտությունն ու խոշոր հաշիվը

 

0-5

Top-News.am — Սպասում էինք, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վատ է խաղալու ռումինացիների դեմ, բայց որ այսքան վատ՝ շատ քչերն էին կռահում: Արդեն 12-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հիմար, ապուշ սխալների պատճառով արդեն մնացել էր տասը հոգով եւ պարտվում էր 3:0 հաշվով:

Ֆուտբոլիստը բացի գնդակին ոտքով հարվածել կարողանալուց, պետք է օժտված լինի խելքի, մտածողության որոշակի կարողություններով: Ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ էր մտածում կամ ինչո՞վ էր մտածում Գոռ Մալաքյանը, որը որոշեց արդեն երրորդ րոպեին թիմին թողնել տասը հոգով: Հաստատ որեւէ մեկը չի կարող ասել: Դարպասապահ Բեգլարյանի գերկոպտագույն սխալից հետո Մալաքայանը որոշեց դարպասում փոխարինել նրան, բայց այդ սխրանքը չգնահատվեց: Նշանակվեց 11 մետրոնոց, այն իրացվեց, բացի այդ թիմը մնաց տասը հոգով:

Վստահաբար կարող ենք ասել, որ եթե անգամ թիմը չմնար տասը հոգով, ապա նույն խայտառակ խաղն ու հաշիվն էր գրանցվելու: Վարուժան Սուքիասյանի թիմը դաշտ էր դուրս եկել, չիմանալով, թե ինչ պետք է անի եւ ինչ խնդիր պետք է լուծի: Հաջորդ երկու գոլերը, որոնք ռումինացիները խփեցին, ցույց տվեցին, որ մեր հավաքականը խայտառակ վիճակում է: Նման խայտառակ վիճակում մեր թիմը երբեք չի եղել սկսած 1992 թվականից:

Հետո ռումինացիները բարեգութ գտնվեցին եւ չցանկացան շատ գոլ խփել եւ ինչպես ռուսաստանյան ալիքներից մեկի հաղորդավարը նշեց, ընդամենը վարժություններ էին կատարում: Դրա համար էլ պարտվեցինք ոչ թե 10:0, այլ՝ 5:0: Լեհաստանի հավաքականի հետ հաջորդ խաղում պատկերը նույնն է լինելու: Պարտվելու ենք կամ 7:0, կամ 5:0: Հաշիվը դեռ էական չէ, էականն այն է, որ խաղի, նորմալ խաղի հույս չկա:

Մթնոլորտը հավաքականում այնքան վատն է, որ պաշտպան Գաել Անդոնյանը հետեւելով Մխիթարյանի օրինակին, ձեւացրեց թե վնասվածք ունի եւ դուրս եկավ դաշտից: Խաղադաշտում միակը, ով փորձում էր ֆուտբոլխաղալ Արազ Օզբիլիսն էր, բայց Սուքիասյանը վերցրեց եւ հենց նրան դուրս բերեց դաշտից: Ռուսաստանցի մեկնաբանն այստեղ բացականչեց՝ սա արդեն շատ տխուր պատմություն է:

Անկախ նրանից, թե ինչ վիճակում է ՀՖՖ նախագահի առողջությունը, անկախ նրանից, թե ով է գլխավոր մարզիչը, չի կարելի երկիրն այսպես խայտառակ անել, չի կարելի Հայաստանը ծաղրուծանակի առարկա դարձնել: Ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար: Ո՞վ է պատասխան տալու, որ մի ամբողջ թիմ չի հրավիրվում հավաքական, իսկ նրանց փոխարեն թիմում հայտնվում են մարդիկ, որոնք որեւէ արժանիք չունեն հավաքականում տեղ զբաղեցնելու համար: Եթե այս վիճակը չփոխենք, ապա հետո ավելի վատ է լինելու: Եթե 19 տարեկանների հավաքականը պարտվում է Լյուքսեմբուրգին, ապա հետոն չի կարող լավ լինել, եթե չքանդվի, չոչնչացվի այս խայտառակ համակարգը:

Հայաստանի հավաքականը կրեց 21-րդ դարի ամենախոշոր հաշվով պարտությունը, եւ որ ամենավատն է, ցուցադրեց ամենադժգույն խաղը: Այսօր Հայաստանի հավաքականից վատ խաղում է միայն … Ոչ, Հայաստանի հավաքականն այսօր ամենավատն է Եվրոպայում:

 

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am