good-banner
Լրահոս

Կարեն Կարապետյանի ակնարկը 2018-ի մասին. Նա դիմադրում է

 

Հայաստանը 2018 թվականից ակնկալում է կայուն տնտեսական աճ, որը կարող է լինել 4-5 տոկոսի սահմանում, Ռոյթերզին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախօրեին նա 2018 թվականից սպասվող կայուն աճի մասին հայտարարել էր նաեւ Արմավիրի մարզ կատարած նախընտրական այցի ընթացքում: Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է նաեւ 3,2 միլիարդ դոլարի հաստատված տնտեսական ներդրումային ծրագրերի մասին, որոնց փողի աղբյուրն, ըստ նրա, հստակ է:
Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, թե 2017-ը լինելու է կայունացման տարի, իսկ աճ պետք է ակնկալել արդեն 2018-ից: Ինչ խոսք, դա տրամաբանական է, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական գահավիժումը: Այն պետք է կանգնեցնել, նախ պետք է ստեղծել աճի հնարավորությունները, հետո նոր միայն ակնկալել դա: Իսկ դրա համար պետք է ժամանակ, եթե իհարկե ենթադրենք, որ կառավարությունն իրապես տրամադրված է եւ կատարելու է համակարգային փոփոխությունները եւ օպտիմալացումը:
Այդուհանդերձ, 2018-ից սպասվող աճի մասին հայտարարությունների համատեքստում առկա է քաղաքական խնդիրը: Խոսքը 2018 թվականից հետո վարչապետի խնդրի մասին է՝ ով է լինելու վարչապետ:
Այդ հարցը բաց է, Սերժ Սարգսյանը չի ասում՝ ինքը վարչապետ լինելու մտադրություն ունի՞, թե ոչ: Նա բաց է պահում ինտրիգը: Կարեն Կարապետյանը բարձրաձայնել է իր մտադրության մասին, հայտարարելով, որ իր կարծիքով 2018 թվականին այլեւս չի ունենա վերջին չորս տարվա բնակության սահմանադրական արգելքը:
Խոսելով 2018 թվականից սպասվող կամ ակնկալվող կայուն տնտեսական աճի մասին, Կարեն Կարապետյանն ըստ երեւույթին ակնարկում է նաեւ, որ այդ աճը կլինի, եթե ինքը լինի վարչապետ:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի համար Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետ է, այլ «ճգնաժամային կառավարիչ», որը պետք է իրականացնի ծանր վիճակում գտնվող տնտեսության մենեջմենտը իշխանության ձեւավորման փուլում գտնվող Սերժ Սարգսյանի համար:
Որպես «ճգնաժամային կառավարիչ» նա իսկապես նախընտրելի, գուցե ամենանախընտրելի թեկնածուն էր, հաշվի առնելով թե նպաստավոր իմիջը հասարակության համար, թե ներիշխանական «կոնսենսուսային» հանգամանքը Ռոբերտ Քոչարյանի գործոնի տեսանկյունից, թե նրա տնտեսական կապերը Ռուսաստանում, այդ թվում ներկայում ամենահարուստ հայի՝ Սամվել Կարապետյանի հետ, թե նաեւ նրա ընկալելիությունը Վաշինգտոնում կամ Բրյուսելում:
Այս գործոնների հանրագումարում Սերժ Սարգսյանն ակնկալում է Կարեն Կարապետյանի դեմքով լուծել իշխանության ձեւավորման ներկայիս խնդիրը, լուծել համակարգային անցման խնդիրը 2017 թվականի անաղմուկ ընտրությամբ, որից հետո արդեն «ճգնաժամային կառավարչի» դերից Կարապետյանը նրա համար աստիճանաբար կստանա «քավության նոխազի» դեր:
Կարեն Կարապետյանին ՀՀԿ քարոզարշավի «միակ եւ անփոխարինելի» դեմք դարձնելով, Սերժ Սարգսյանը նրան դնում է իրավիճակի համար գլխավոր պատասխանատուի դերում, այն դեպքում, երբ հստակ է, որ Կարապետյանը իշխանության մեջ դեռ գլխավորը չէ:
Միամիտ կլինի կարծել, թե Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով ակնկալում է հանրության մեծ վստահություն: Որքան էլ Կարեն Կարապետյանին վերագրվում է բավական բարձր հանրային վարկանիշ, ինչը զգալի մասով իհարկե իրական է, այդուհանդերձ հանրությունը իրավիճակը գնահատում է բավական սթափ եւ հազիվ թե չի գիտակցում, որ Կարեն Կարապետյանը չէ իշխանության գլխավորն ու առնվազն ներկայում նա է աշխատում ՀՀԿ վերարտադրության տրամաբանության շրջանակում, ոչ թե հակառակը: Համենայն դեպս առայժմ հանրությունը չունի հակառակի հիմնարար համոզիչ փաստեր եւ ապացույցներ:
ՀՀԿ-ի համար ձայն բերողը Կարեն Կարապետյանը չի լինելու, այլ «ճկուն ու բարբարոս» ռեյտինգային համակարգը: Այդ իմաստով, Կարապետյանն իրականում առաջին դեմք նշանակվելով՝ դրվում է արդեն իշխանության համար պատասխանատվության հնարավորինս լիարժեք ռեժիմի տակ, դրանից բխող հետեւանքներով:
Կարապետյանն անշուշտ գիտակցում է այդ խնդիրը, ինչի համար էլ աճը թողնում է 2018 թվականին: Ընդհանրապես խնդիր է` աճ կլինի, թե ոչ: Դա այլ հարց է: Բայց քաղաքական համատեքստի առումով Կարեն Կարապետյանը իր վարչապետությունը հնարավորինս փորձում է ապահովագրել շոշափելի կամ չափելի արդյունքների համար «օպերատիվ» պատասխանատվությունից, ինչի համար էլ խոստումների կամ հավաստիացումների «ծանրության կենտրոնը» տեղափոխում է 2018 թվական, 2017-ը թողնելով Սերժ Սարգսյանի վրա:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing