25 500 դրամը որքանո՞վ իրավիճակ կփոխի

51

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագիծ, որի համաձայն՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում 2019թ. հունվարի 1-ից ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։ Սա ենթադրում է, որ չափից ցածր կենսաթոշակները 2019 թվականի հունվարի 1-ից կվճարվեն նվազագույն կենսաթոշակի չափով՝ 25 500 դրամ։

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ այս խնդիրը՝ կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ (պարենային) աղքատության հաղթահարումը, կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից է։

Հիմնավորման մեջ նաև նշված է 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների մոտավոր թիվը՝ 497 394, որից՝ աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463 069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32 420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։

Միանշանակ, հաշվի առնելով այն, որ ներկայումս հիմնական կենսաթոշակը կազմում է ընդամենը 16 հազար դրամ, սպասվող փոփոխությունը մեծ քայլ պետք է համարել այս ոլորտում. ի վերջո, պարզ թվաբանությամբ 60 տոկոսով բարձրացում կլինի։ Ենթադրվում է, որ նվազագույնի նոր շեմն օդից բռնած թիվ չէ, այլ ստացվել է որոշակի հաշվարկների արդյունքում և, իրոք, միտված է հաղթահարելու հիմնավորման մեջ նշված ծայրահեղ աղքատության խնդիրը։

Կասկածի տակ չդնելով նպատակի ու ցանկության մեծ ու արդարացված լինելը՝ այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ 25 500 դրամով կենսաթոշակառուն ծայրը ծայրին կկարողանա հասցնել։ Միայն խիստ կենսական նշանակության որոշ ապրանքներ ձեռք բերել կկարողանա, որոնց, անշուշտ, 16 000 ստանալու դեպքում մոտենալ չէր կարողանում, բայց, մեծ հաշվով, համեստ ապրելու պայմաններ ստեղծել այդ նվազագույն կենսաթոշակով, չի ստացվի։

Հաշվի առնելով, որ պարենային զամբյուղի արժեքն ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է 35 215.5 դրամ (ամսական կտրվածքով), որը հազիվ միջին վիճակագրական թոշակառուն կարող է փակել, այն էլ՝ լրացուցիչ ոչ մի ծախս չանելու դեպքում, նվազագույն կենսաթոշակ ստացողների վիճակն արդեն պատկերացնելի է։ Ի դեպ, եթե նկատի ենք ունենում նաև այն, որ սեպտեմբերի համար ոչ թանկ հաճույք համարվող որոշ գյուղմթերքների՝ հատկապես լոլիկի գինն օրեցօր նոր ռեկորդներ է գրանցում, պարենային զամբյուղի նշված արժեքը միանշանակ աճում է՝ խեղճ ու կրակ վիճակում հայտնված թոշակառուին ավելի խեղճացնելով։

Բայց ունենք այն, ինչ ունենք։ Եվ այս պարագայում կատարված թեկուզ ոչ մեծ դրական տեղաշարժը չողջունելը ճիշտ չէր լինի, ուղղակի, նման քայլերը պարբերական բնույթ պետք է կրեն դեպի մայրամուտ գնացող տատիկ-պապիկների համար քիչ թե շատ անհոգ ծերություն ապահովելու համար։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache