Լրահոս

«3 շաբաթ Երեւանում» ֆիլմը ստիպեց ինձ դուրս գալ դահլիճից

 

0a103c1e17d3798ade27086084de8b2e

hraparak.am – Մի ուշացած գրախոսության հետքերով

«Վատ կատակերգությունը պարզապես աղբ է». Ջեյսոն Ստետհեմ

Կատակերգությունը վայելելու համար պետք է տրամադրություն, Կոլա ու պոպկորն: Թվում է, թե դրանց առկայությունը բավական է մի լավ զվարճանալու համար, բայց իրականությունը հաճախ այլ է լինում:

Վերջին շրջանում մեծ էկրաններին կատակերգական ֆիլմերի ցուցադրումը լայն տարածում ստացավ: Իրար հետևից թողարկվող ֆիլմերը մեծ աժիոտաժ էին առաջացնում, ամիսներ շարունակ դահլիճներ լցնում: Քաղաքական վերջին իրադարձությունների ֆորմալ ավարտին հասարակությունը գաղջ մթնոլորտը «ցրելու» համար նորից սկսեց ապավինել հումորին: Հենց նույն իրավիճակում էր, որ երևանյան մի գեղեցիկ երեկո որոշեցի այցելել կինոթատրոն` լիցքաթափվելու, զվարճանալու, դեռ նախորդ ֆիլմերից ստացած տպավորությունները կրկնելու:

Կինոցանկում առկա ֆիլմերի անունները մտահոգեցին ինձ. «Ինքնասպանների ջոկատը», «3 շաբաթ Երևանում» կատակերգություն: Ընտրությունս բնական էր: Առաջին շարքում հարմար տեղավորվելուց հետո տրվեց ֆիլմի մեկնարկը:

«3 շաբաթ Երեւանում»-ը պատմում է ֆիլմ նկարահանելու դժվարին ընթացքի մասին: Գլխավոր հերոսներից Վահիկ Փիրհամզեին եւ Վահե Բերբերյանին մարմնավորող հերոսները գալիս են Հայաստան` ֆիլմ նկարահանելու, նրանց է միանում Հրանտ Թոխատյանի դերակատարն ու օգնում գործը գլուխ բերել: Առաջին հայացքից ֆիլմի սյուժեն բավական հարմար է կատակերգություն նկարահանելու համար, որովհետև կերպարները ևս մոտեցված են ժանրի պահանջներին: Բայց իրականում…

Իրականում յուրաքանչյուր հասցեատեր` հեռուստադիտող, ռադիոլսող, ընթերցող, շատ ավելին է տեսնում, քան պրոֆեսիոնալ աչքը: Եվ գաղտնիք չէ, որ դիտողը շատ ավելի պահանջկոտ է, քան թվում է:

Կատակերգությունը դինամիկ չէ, զարգացումներ չկան

Կատակերգությունը մի շնչով նայելու համար է, բայց այս ֆիլմում դինամիկան, գրեթե, բացակայում է: Բացատրեմ` ինչու: Ֆիլմի ընթացքում բավական անհիմն ու աննպատակ սիրահարվում են Վահիկ Բերբերյանի կերտած հերոսն ու Հրանտ Թոխատյանի մարմնավորած կերպարի քրոջ աղջնակը, ընթացքում զարգացումներ չկան: Մյուս դեպքում` Հրանտ Թոխատյանի և Խորեն Լևոնյանի մարմնավորած կերպարների բախումը, իրար չհանդուրժելը: Համենայնդեպս 1 ժամվա ընթացքում գրեթե պատճառների մասին խոսք անգամ չկա: Դիտողի համար հարցականները շարունակվում են մնալ օդից կախված:

Կատակերգություն` առանց հումորի

Հումորն այնքան է ծամվել մեր շրջանում, որ դրան մոտենալու ու նորովի մատուցելու ձև գտնելը բավական դժվար է, բայց վերջին շրջանում թողարկվող կատակերգական ֆիլմերում այդ ձևը, կարծես, գտնված է, ինչը չեմ կարող ասել վերոնշյալ ֆիլմի դեպքում: Քանի որ ականատես եմ եղել, թե ինչպես է դահլիճը փռթկում, օրինակ, «Սուպեր մամա» ֆիլմի ընթացքում, վերապահում եմ ինձ` արձանագրելու, որ մոտ մեկ ժամ դահլիճից ոչ մի փռթկոց չլսվեց, ինքս էլ մի դրվագում փորձեցի ծիծաղել` փոքր-ինչ ստացվեց: (Ընդունում եմ, որ հումորը ինդիվիդուալ է և նույնկերպ էլ ընդունվում է):

Կերպարներ

Այս առումով ֆիլմը բավական «աստղային» է, նույնիսկ երկրորդական, երրորդական կերպարները հայտնի երգիչ, երգչուհիներ, դերասաններ են: Բայց ինձ համար անհասկանալի է սիրային եռանկյունու հերոսների ընտրությունը: Քրիստինե Պեպելյանի մարմնավորած կերպարի («անտեսված» կերպար է)` գրեթե 17-18- ամյա դուստրը սիրահարվում է Լոս Անջելեսից Հայաստան եկած 60-ամյա ռեժիսորին…

Կիքսեր, թերություններ

Չչարաշահեմ ընթերցողի համբերությունը՝ ֆիլմ դիտողը տեխնիկական, մոնտաժային թերություններն անմիջապես նկատում է: Թե ինչպես է Samsung-ի ռինգտոնը Iphone-ի հայտնի երաժշտությունը, թե ինչու է տարբեր օրերին նույն փաբում նույն երիտասարդությունը, թե ինչու է ընթրիքը մատուցվում ոչ լուսավոր սենյակում, երբ դրսում դեռ ցերեկ է… սրանք թերություններ են, որոնք ֆիլմը դարձնում են ոչ դիտարժան:

Հավանաբար ընթերցողի մոտ հարց կառաջանա, թե ինչու չեմ անդրադառնում հանգուցալուծմանը, ֆիլմի ավարտին, պատասխանեմ` «3 շաբաթ Երեւանում» ֆիլմը ստիպեց ինձ դուրս գալ դահլիճից՝ դիտումը չավարտած:

Իրականում հիգիենիկ հումորը բավական թանկ արժե, ու դա բացարձակապես էլ ուղիղ համեմատական չէ ֆիլմի բյուջեի հետ, պարզապես պետք է գտնել մատուցման ճիշտ կերպը: Գուցե հիշեք դասագրքային այն ճշմարտությունը, թե կատակերգությունը, հումորը «ցածր» ժանրեր են…. բայց հակասել է պետք, քանի որ 21-րդ դարում ողբերգությունը, որպես «թագուհի» ժանր, խցկվել է բոլոր բնագավառներում` բուն և անուղղակի իմաստներով: Հումորը մնացել է օդում, դա բռնել է պետք, եփել ու մատուցել հասարակությանը` համով:

Վով Մուշեղյան


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am