ԱՆՏԵՐ ԵՐԿՐԻ ԱՆՏԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ

0

hraparak.am

Արդեն հինգերորդ օրն է՝ ժողովուրդը դրսում է, բայց ոչ մի իշխանավոր նրանց հետ հանդիպելու փորձ չի արել: Իրենց գործելաոճին հավատարիմ՝ իջել են ջրի հատակը ճիշտ այնպես, ինչպես 2008-ի մարտի 1-ին, ինչպես «Սասնա ծռերի» ու ապրիլյան պատերազմի օրերին:

Չեղավ մեկը, որ համարձակվեր ստանձնել «դուխով» պաշտոնյայի դերն ու զրուցել ժողովրդի հետ նույնիսկ այս օրերին, երբ Սերժ Սարգսյանն ուղղակի պաշտոնաթող թոշակառու էր: Նրա ուրվականն անգամ ահ ու սարսափի մեջ է պահում երկրի նորընտիր նախագահին:

Քանի՞ քոռ կոպեկ արժեն Արմեն Սարգսյանի հարուստ փորձն ու գիտելիքները, նրա բարի անունն ու համբավը ողջ աշխարհում, եթե խորշում է սեփական ժողովրդից, նրան առերեսվելուց, կոչով կամ հորդորով դիմելուց:

Չնայած՝ նա երբեք էլ իրեն հայ ժողովրդի մաս չի համարել, երբեք էլ հայի խնդիրն իրենը չի եղել: Իսկ հիմա, երբ ՀՀԿ-ն «կապույտ սկուտեղով» նախագահի պաշտոն մատուցեց, հազիվ թե այնքան քաղաքական կամք գտնի իր մեջ, որ անի բաներ, որոնք ՀՀԿ-ին ու նրա ղեկավարին դուր չեն գա:

Հերթական անգամ ազգն անտերության է մատնվել: Նույնիսկ եկեղեցին է լքել ժողովրդին: Հոգեւոր գլխավոր հովիվը հոտն անտեր է թողել: Ժողովրդի մեջ հարգանք վայելող մի հոգեւորականի չի՞ գտնում, որին ասի՝ գնա, հոտի հետ եղիր ու հոգա, որ այս շարժումը եղբայրասպան պատերազմի չվերածվի:

Նիկոլի հետ ոմանք գուցե համաձայն են, ոմանք՝ ոչ: Բայց կա մի բան, որ Նիկոլի հետ չհամաձայնել չես կարող՝ Հայաստանը պետք է փրկել ասիական տերության վերածվելուց:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache