Կուլմինացիա. Նիկոլի առանցքային հայտարարությունն ու ուժայինների որոշումը

0

lragir.am — Ապրիլի 19-ին եւ հատկապես 20-ին իշխանությունը սկսեց երկխոսության առաջարկներ անել Իմ քայլը շարժմանը, որ ծավալվում էր Երեւանում եւ արդեն Հայաստանի տարբեր քաղաքներում ապրիլի 13-ից, ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Երկխոսության առաջարկները հատկապես աշխուժացան նախօրեին: Դրանք արել է ՀՅԴ-ն, Արամ Առաջին կաթողիկոսը, Արմեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ: Ապրիլի 21-ին երկխոսության առաջարկով հանդես եկավ անձամբ Սերժ Սարգսյանը: Նրա անունից տարածվեց հայտարարություն, որտեղ նա Նիկոլ Փաշինյանին անում է անհապաղ երկխոսության կոչ, «անդառնալի կորուստներից խուսափելու համար»:

Սարգսյանի կոչից այդքան էլ միարժեք պարզ չէ, թե ինչ ձեւաչափի երկխոսության մասին է նա խոսում՝ որեւէ մեկի միջնորդությա՞մբ, թե՞ այսպես ասած դեմ առ դեմ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմաններն ու անվտանգության երաշխիք տալ նրա ընտանիքին:

Պատրա՞ստ է Սերժ Սարգսյանը քննարկել այդ հարցը, թե՞ հրաժարականի հարց նա չի դիտարկում: Իհարկե առաջին հայացքից կամ-կամ իրավիճակը գործնականում շատ ավելի բազմաշերտ է եւ օրինակ շատ բան կախված է, թե ինչ վիճակ է իշխանության ներսում, տարբեր սուբյեկտներ, թեւեր ու բեվեռներ ինչպես են գնահատում իրավիճակը եւ արդյոք իշխանության ներսում կա թեւ, որը հանգուցալուծման տարբերակ դիտարկում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իսկ գուցե Սարգսյանի առաջ իշխանության ներսում խնդիրը դրված է կամ-կամ՝ կամ հրաժարական տալ, կամ ստանձնել ուժային հանգուցալուծման պատասխանատվություն եւ անել այդ քայլը:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը թերեւս լավ է հասկանում ու պատկերացնում, որ քաղաքական իմաստով մնալու է այսպես ասած ուժային որեւէ հանգուցալուծման բեռի տակ եւ անկարող է լինելու կրել այդ բեռը, դառնալով արդեն այն համակարգի լիակատար պատանդը, որը պահպանելու համար էլ գնացել է ուժի կիրառման:

Ի վերջո, Սերժ Սարգսյանն ունի Մարտի 1-ի դառը փորձը, այն դեպքում նույնիսկ, երբ դրա պատասխանատվությունը չի ընկել անմիջականորեն իր վրա եւ հիմնական բեռը մնացել էր Ռոբերտ Քոչարյանի վրա: Անգամ այդ տարբերակում, Սարգսյանը գործնականում տասը տարում այդպես էլ չկարողացավ դառնալ իրապես, խորքային առումով լեգիտիմ նախագահ հենց իշխող համակարգի համար:

Նա թերեւս պատկերացնում է, որ ուժային հանգուցալուծումը մղձավանջի կվերածի արդեն նրա վարչապետությունը:

Մյուս կողմից, անգամ դա միարժեք չէ եւ դարձյալ կախված է, թե ներկայում փողոցում ծավալվող զարգացումների ֆոնին ինչ դասավորություն ու հարաբերակցություն է իշխանության ներսում, ինչ փաստարկներ են դրված սեղանին տարբեր թեւերի միջեւ, արդյոք կան «անջատականության» կամ «սաբոտաժի» այսպես ասած դրսեւորումներ եւ դրանց վերաբերյալ պատասխան տալու անհրաժեշտություն:

Պակաս բարդ չէ իրավիճակը Նիկոլ Փաշինյանի համար: Նրա շարժումը, որ թվում էր, թե մի քանի օր առաջ հասել է պիկին, ստացել է երկրորդ շնչառություն, ըստ այդմ կարծրացնելով Փաշինյանի պահանջները եւ դրանք բերելով թերեւս առավելագույնին: Այդ հանգամանքը կարծես թե փակում է բանակցության հեռանկարը:

Այստեղ անշուշտ առանցքային է հարցը, թե երկխոսությունը կամ բանակցությունը ինչ կանի փողոցում Նիկոլի այսպես ասած լիդերության եւ առաջնորդության հետ, ինչպե՞ս կընդունի ոչ առավելագույն պայմանով երկխոսության գնալու նրա որոշումը հանրությունը, որին նա հենց սկզբից բերել է շատ բարձր նշաձողի: Այդ նշաձողի ֆոնին որեւէ այլ սահմանով երկխոսությունը կարող է դիտվել պարտություն:

Մյուս կողմից, չկա որեւէ երաշխիք, որ երկխոսությունը չի բերի փողոցի ալիքի անկման, իսկ դա էլ իր հերթին չի հանգեցնի նրան, որ Սերժ Սարգսյանն ուղղակի հտ կկանգնի իր քայլից, գտնելով որեւէ բացատրություն: Ի վերջո կա օրինակ ՀԱԿ-ի հետ երկխոսության օրինակը, երբ Սարգսյանն օգտագործեց առաջին իսկ առիթն ու խզեց կապը, Տեր-Պետրոսյանին թողնելով ձեռնունայն:

Ինչպես երկխոսել ու պահել փողոցը միաժամանակ, որպեսզի իշխանությունը մշտապես մնա երկխոսությանը գամված: Սա իսկապես բարդագույն խնդիր է: Մյուս կողմից, ոգեւորության ալիքին զուգահեռ, բարդագույն խնդիր է իշխող համակարգի «կապիտուլյացիայի» հասնելը, ինչի մասին խոսում է Նիկոլի թիմը եւ ինչը խոշոր հաշվով պարունակում է դաշտն ավելի ու ավելի նեղացնելու վտանգ եւ իրավիճակը բերում ամեն ինչ կամ ոչինչ, կամ այլ կերպ ասած «մահ» կամ «հաղթանակ» գերվտանգավոր դիլեմայի:

Մյուս կողմից, Նիկոլը արել է բավական առանցքային եւ էական մի հայտարարություն, դիմելով ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ու ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ասելով, որ Սերժ Սարգսյանին հայտնեն, թե նա չի տիրապետում իրավիճակին եւ կորցրել է իշխանությունը: Նիկոլը հայտարարել է, որ դա դավաճանություն չի լինի:

Սա պատասխանատու եւ առանցքային հայտարարություն է, որի տողատակում փաստացի այն է, որ Նիկոլը այսպես ասած ժողովրդական իշխանության դիրքերից «սկսում» է երկխոսություն Հայաստանի համար երեք առանցքային ուժային կառույցների հետ՝ ԱԱԾ, ոստիկանություն, պաշտպանության նախարարություն, որոնք իրավիճակի կայունության եւ Հայաստանի անվտանգության երաշխավորներն են:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը դրանով նաեւ բավական հստակ ազդակ է հղում, որ ամենեւին մտադիր չէ վնասել պետության կենսական օրգանները, ըստ այդմ մեղմ ասած անտեղի են լինելու շահարկումներն ու մանիպուլյացիաները այդ թեմայով: Նիկոլը փաստացի հայտարարում է, որ ժողովրդական իշխանությունը՝ անկախ դրա ներկայիս մաստաբներից եւ աճման դինամիկայից, ճանաչում է երեք առանցքային օրգանների ֆունկցիոնալ դերակատարությունը, ակնկալելով ժողովրդական իշխանության փոխադարձ ճանաչում:

Ինչպե՞ս կարձագանքեն երեք առանցքային կառույցները Նիկոլ Փաշինյանի արձագանքին, ի՞նչ կդնեն նրանք Սերժ Սարգսյանի սեղանին, նրան կբերեն, հանդարտ, սթափ ու սառնասրտորեն կուղեկցեն Հայաստանի համար իրապես պատմական հնարավորություն բացող պատմական որոշմա՞ն, թե Հայաստանի պատմություն կբերեն հանրության ու պետության դեմ հերթական ոտնձգությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache