ԻՆՉԸ ԵՒ ՈՎՔԵՐ ՍՏԻՊԵՑԻՆ ՀԵՌԱՆԱԼ

2

hraparak.am — Մեր աղբյուրները ներկայացնում են վերջին օրերի խրոնիկան։ Տեւական ժամանակ հատուկ ծառայությունների եւ ոստիկանության ղեկավարները «փափուկ բարձ» են դրել Սերժ Սարգսյանի գլխի տակ, թե՝ խնդիր չկա, բողոքողների քանակը մեծ չի, «էսա ինքնիրան կմարի», հանգստացրել են, թե՝ տիրապետում ենք իրավիճակը եւ այլն։ Հետո երբ բանը բանից անցել է, համոզել են Սերժ Սարգսյանին, որ «խնդիրը Նիկոլն է»՝ Նիկոլին մեկուսացնենք, մի օրում կճնշենք, կավարտվի։ Անգամ մերձավոր շրջապատից ոչ ոք ռիսկ չի արել «բացել» Սերժ Սարգսյանի աչքերը։ Միայն երկու մարդ են իրականությունը ներկայացրել այնպես, ինչպես կա եւ առաջարկել են դիմում գրել ու գնալ։ Մեկը Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ մյուսը՝ ՀՅԴ ղեկավար Հրանտ Մարգարյանը։

Մեզ պատմեցին, որ Սերժ Սարգսյանի վերջին հույսը եղել է Ղարաբաղը եւ Ղարաբաղի բանակը, որը կարող է ամենավճռական պահին աջակցել իրեն ու իր ներկայությամբ վախի մթնոլորտ ստեղծել եւ ցրել ցուցարարներին, ինչպես արեցին 2008-ին, սակայն Բակո Սահակյանը բոլորովին այլ դիրքորոշում է ունեցել։ Նա այցելել է Սերժ Սարգսյանին եւ ուղղակի առաջարկել՝ մոտեցիր պատուհանին եւ տես, թե ինչ է կատարվում, հանուն երկրի՝ պետք է հրաժարական տաս։ Ավելի ուշագրավ է եղել ՀՅԴ-ի պահվածքը։ Երբ նախօրեին գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ՝ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով եւ ՀՀԿ-ում հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա՝ անգամ գործուղումներից են հետ կանչել պատգամավորներին, որ քվորում ապահովեն եւ կալանքի սանկցիաները տան, ԱԺ ՀՅԴ խմբակցությունն անսպասելիորեն հայտարարել է, որ՝ իրենք կողմ չեն քվեարկելու։ Ապա Հրանտ Մարգարյանը մտել է Սերժ Սարգսյանի մոտ, համոզել, որ նման ծայրահեղ քայլի չգնան ու խնդրել է իրեն թույլատրեն այցելել Նիկոլին՝ կալանավայրում։ Նիկոլ Փաշինյանի ու Հրանտ Մարգարյանի հանդիպումը բավականին ջերմ է եղել եւ Մարգարյանը նրան հավատացրել է, որ իրենց համար կարեւորը երկրի շահն է՝ իրենք պատրաստ են ամեն ինչով աջակցել համաժողովրդական շարժմանը։

 Եւ վերջապես, այս բոլոր հորդորներն ու իրադարձությունները կարող էին անպտուղ անցնել, եթե չլիներ վերջին կաթիլը՝ բանակը չսկսեր անցնել ցուցարարների կողմը։ Երբ Կրկեսի մոտ գտնվող Խաղաղարար գնդից մի խումբ ծառայողներ են հայտնվել ցուցարարների կողքին եւ ազատամարտիկներ՝ զինվորականների համազգեստներով, Սերժ Սարգսյանը հասկացել է, որ համառելն ու հրաժարական չտալը կարող են շատ ավելի վատ հետեւանքներ ունենալ, իսկ ինքը չի կարող կրկնել 2008-ը եւ կրակելու հրաման տալ՝ այս անգամ փողոցում երիտասարդությունն է եւ իրեն դա երբեք ու ոչ ոք չի ների։

Անի Առաքելյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache