«Հարգանքով եմ հիշատակում մեր կորցրած օսմանահայերին»․ Էրդողանը ուղերձ է հղել Ապրիլի 24-ի առիթով

1

azatutyun.am — Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքարանում Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կրոնական արարողության առթիվ ուղերձ է հղել Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և «շատ թանկագին հայազգի քաղաքացիներին»:

«Ձեզ ողջունում եմ սիրով և իմ ամենասրտանց զգացումներով», — Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանցմամբ՝ ասված է Էրդողանի ուղերձում: — «Դուք այսօր համախմբվել եք Կոստանդնուպոլսո Հայոց Պատրիարքության հարկի տակ՝ վերհիշելու համար այն օսմանահայերին, ովքեր մահացել են Առաջին աշխարհամարտի բարդ ու դժվարին պայմաններում»։

«Հերթական անգամ հարգանքով եմ հիշատակում մահացած օսմանահայերին, որոնց զավակներին ու թոռներին հայտնում եմ անկեղծ ցավակցություններս։ Այս առիթով ամենակարող Աստծուց հայցում եմ ողորմություն ու թողություն այն միլիոնավոր օսմանահպատակների համար, որոնց նույն ժամանակաշրջանում մենք կորցրեցինք համաճարակների, գաղթերի, պատերազմների ու բախումների հետևանքով», — իր ուղերձում գրել է Թուրքիայի նախագահը:

«Մենք պատմության ընթացքում եղել ենք մի ազգ, որը մրցակցության մեջ չի դրել ցավերը միմյանց հետ, խտրականություն չի դրել այդ ցավերի միջև, այլ միշտ կիսել է դրանք։ Մեր տարածքների բնակիչներից բացի, մենք միշտ փութացել ենք օգնության բոլոր նրանց, ովքեր հայտնվել են դժվարության մեջ՝ Անդալուզիայից մինչև Աֆրիկա, Հարավային Ասիայից մինչև Եվրոպա։ Սա անելիս նկատի չենք ունեցել մարդու հավատը, լեզուն, կրոնը, ազգությունը և մշակութային պատկանելությունը», — պնդել է Էրդողանը:

«Այսօր էլ որպես երկիր՝ ջանում ենք պահպանել մեր այս ժառանգությունը և ամրապնդել եղբայրությունը, սրտացավությունը, խաղաղությունը և անդորրը», — վստահեցրել է Թուրքիայի նախագահը՝ շարունակելով․ — «Թուրք ազգի խղճի և բարոյական կեցվածքի հրամայականն է՝ կիսել այն ցավերը, որ մեր հայազգի քաղաքացիները կրել են պատմության ընթացքում»։

«Տա Աստված, գալիք ժամանակաշրջանում էլ կշարունակենք կիսել ձեր ցավերը, լուծում գտնել ձեր նեղություններին ու հարցերին։ Մենք ոչ մի կերպ թույլ չենք տա անգամ մեր մեկ քաղաքացու վանումի կամ խտրականության ենթարկումը՝ իր հավատի, կրոնի կամ կողմնորոշման պատճառով», — ասված է ուղերձում:

«Համոզված եմ, որ մեր հայազգի քաղաքացիներն էլ ավելացնելով պիտի շարունակեն իրենց նպաստը մեր մշակութային, սոցիալական, քաղաքական և առևտրական կյանքում։ Խնդրում եմ ձեզ՝ ինչպես մինչև այսօր, այնպես էլ ապագայում տեղի չտալ նրանց, ովքեր մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելով փորձում են պատմությունից դուրս բերել ոխ, ատելություն ու թշնամանք», — հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

«Այս խոհերով կրկին հարգանքով եմ հիշատակում Առաջին աշխարհամարտում մեր կորցրած օսմանահայերին։ Իմ ողջույններն ու հարգանքն եմ հղում իմ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցում եմ ոգեկոչման արարողությանը», — ասված է Թուրքիայի նախագահի ուղերձում:

Հիշեցնենք, Ռեջեփ Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով ցավակցական ուղերձներով է հանդես գալիս 2014 թվականից սկսած՝ նախ՝ Թուրքիայի վարչապետի, ապա՝ նախագահի պաշտոնում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache