ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների քննարկումներ կլինեն. Փաշինյան

0

armpress.am  -ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, որպես վարչապետի թեկնածու առաջադրված  Նիկոլ Փաշինյանը վարչապետի ընտրությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն է համարում: Խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների հետ կապված դեռ քննարկումներ կլինեն:

«Բայց մինչ արտահերթ ընտրություններ, մենք պետք է համոզված լինենք, որ ստեղծել ենք բոլոր նախապայմանները՝ ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման համար: Մեզ պետք են ընտրություններ, որոնց արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չեն առաջացնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցության անդամների հետ հանդիպման մասին նա նշեց, որ քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրա հանգուցալուծման տարբերակները: Փաշինյանը հայտնեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը վստահեցրել է, որ կողմ է քվեարկելու վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը:

Հարցին, թե ինչի դիմաց է «Ծառուկյան» խմբակցությունը խոսք տվել պաշտպանել իր թեկնածությունը, Փաշինյանը պատասխանեց. «Ես ուզում եմ արձանագրել, որ մենք նման հարց չենք քննարկել և կարծում եմ, որ ճիշտ էլ չէր լինի, եթե մենք նման հարց քննարկեինք»,-  ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների հետ:

«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: Վարչապետի ընտրությունը խորհրդարանում նախատեսված է մայիսի 1-ին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache