Նիկոլը մեկ շաբաթ ունի և շատ հանգիստ կարող է լուծել այդ հարցը

0

lragir.amՄեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, ՀՀԿ-ն մայիսի 1-ին որոշեց միասնական տապալել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, սակայն մեկ օր անց որոշեց, որ պետք է քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեղի ունեցավ, որ ՀՀԿ-ն փոխեց իր որոշումը, չէին պատկերացնո՞ւմ այն մասշտաբները, որ մարդիկ դուրս եկավ փողոց։

Ոչ մի նոր բան չկա, ընդհանրապես ամբողջ իրենց գործունեության ընթացքում այդ մի խումբ մարդիկ, որոնք ժողովրդի արյունը ծծում էին, հույս ունեին, թե իրենք ինչ-որ բան են ներկայացնում, որ արտաքին ուժերը, Ռուսաստանը գալու են իրենց պահեն, կամ Ռոբերտ Քոչարյանն է օգնելու և այլն, բայց այդ մորթապաշտների խումբը վերջապես հասկացավ, որ ինքն իրենից ոչ մի բան չի ներկայացնում։ Վերջապես հասկացան, որ վերջացած են և պետք է ժողովրդի հետ հարաբերություններ ստեղծել, որ կարողանան ֆիզիկապես շարունակել իրենց կյանքը։ Սա խորքային պրոցես է, որովհետև այդ մարդկանց պատկերացումները կյանքի մասին սնանկ էին։ Երբ երկար տարիներ ուրիշի արյունը ծծելով ապրում ես, տպավորություն է լինում, որ դու ես, որ կաս, որ քո դեմ խաղ չկա։ Բայց այս քանի օրերի ընթացքում իրենք հասկացան, որ իրենք ոչ մի բան են, ընդամենը ժողովուրդը այդ տզրուկներին դուրս է շպրտում, ու հիմա նրանք շատ տխուր են։ Ճիշտ է, հիմա ժողովուրդը մեկ-մեկ շատ կոպիտ է վարվում նրանց հետ, ինչն այնքան էլ լավ չէ, բայց դա էլ բնական է, տարիներ կուտակված այդ չարությունը դուրս է գալիս։ Պետք է դրան էլ հանգիստ վերաբերվել, հասկանալով, որ որոշ մարդիկ մտածում էին, որ կարող են ուրիշների հաշվին ապրել, ու հիմա ժողովուրդն ասում է՝ այդպես չէ։ Փաշինյանը ճիշտ է ասում, որ վենդետա չենք իրականացնելու, բայց օրինականությունը պետք է հաստատվի, և այն միլիոնավոր դոլարները, որ տարել եք, հանգիստ հետ կբերեք։

Եթե ՀՀԿ-ն հավատարիմ մնա իր խոստմանը, և վարչապետ դառնա Նիկոլ Փաշինյանը, ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը՝ փոփոխել ընտրական օրենսգիրքն ու նոր ընտրություննե՞ր անցկացնել։

Իհարկե, բայց կան նաև այլ օրենքներ, որ պետք է փոխվեն։ Դա «Կուսակցությունների մասին» օրենքն է, որով պետք է հստակեցվի, որ ամեն մի խմբավորում, քրեական հանցագործների խմբավորում չի կարող գալ և գործել որպես կուսակցություն։ Կուսակցությունները մարմիններ են, որոնք ընտրությունների միջոցով գալիս և մասնակից են դառնում պետական կառավարմանը։ Դրանք ովքե՞ր են, որ ինչ-որ գեղամյաններ, արթուրբաղդասարյաններ, որ կարողանան իրենց ներկայացնել որպես կուսակցություններ և իրավունք ստանան կոչվել կուսակցություն։ Նոր օրենքը պետք է դաժան լինի, որ մենք պետք է Սահմանադրության համաձայն ունենանք իսկապես կուսակցություններ։ Այդ պարագայում, հասկանալի է, որ ներկայում գործող համակարգը պատերազմ է հայտարարելու այդ նոր օրենքին՝ հայկբաբուխանյանները, մյուսները։ Բայց բոլոր դեպքերում այդ նոր օրենքը պետք է ընդունվի։Հաջորդ կարևոր օրենքը սեփականության մասին օրենքն է։ Հայաստանում սեփականությունը պետք է լինի պաշտպանված։ Այն հանգամանքը, որ Հայաստանում սեփականությունը պաշտպանված չէ, ստիպում է որոշ սեփականատերերի լծակներ ձեռք բերել պետական կառավարման համակարգում։ Դա միակ ձևն է պաշտպանելու իր սեփականությունը։ Հենց այդ պատճառով էլ մենք ունենք այս իրականությունը։ Պետք է ստեղծել օրենք, որով սեփականությունը պաշտպանվում է, պետք է օրենքը հստակ բաժանի պետական կառավարման համակարգը խոշոր սեփականատերերից։ Սրանք շատ էական հարցեր են, որոնք նոր իշխանությունը պետք է անի։ Եթե խոստումներ ես տվել, պետք է կարողանաս դրանք իրականացնել։

Չկա՞ մտավախություն, որ որևէ կերպ Նիկոլ Փաշինյանին չեն թողնի հաջողել, քանի որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի մեծամասնություն։ Նրանք կարող են մեկ տարի ձգձգել այս վիճակը, որից հետո անվստահություն կհայտնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ ունի և շատ հանգիստ կարող է այդ մեծամասնությանը զրկել մեծամասնությունից։ Մի քանի մանդատ է, և մինչև մայիսի 8-ը ՀՀԿ-ն մեծամասնություն չի ունենա։ Դա արդեն մեռած կառույց է և եթե պատգամավորներին լավ բացատրես, որ դա անհույս, հետադիմական կառույց է, 5-6 հոգի դուրս կգան, և ՀՀԿ-ն չի ունենա մեծամասնություն։ Իսկ չունենալով մեծամասնություն՝ ՀՀԿ-ականներն ընդհանրապես գոյություն չեն ունենա, և մենք կմոռանանք նրանց մասին։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache