Բումերանգի էֆեկտ. ՀՀԿ-ն ստացավ ժողովրդի հանդեպ 20 տարի շարունակ ցուցաբերած վերաբերմունքի պատասխանը. խմբագրական

0

armlur.am — Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության վերջին օրերի պահվածքից, նաեւ հայտնի քվեարկությունից հետո, երբ 56 պատգամավորները մերժեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, պետք է արձանագրենք մեկ կարեւոր իրողություն. այսուհետ երկրում տեղի ունեցող բացասական բոլոր իրադարձությունների ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀԿ-ն, որը բացահայտ պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլեւ Հայաստանի Հանրապետությանը:

Մի կողմից Հայաստանում գնալով ավելի է սաստկանում անհանդուրժողականության մթնոլորտը: Ապացույցը ՀՀԿ խմբակցության պատգամավորների դեմ վերջին օրերի հարձակումներն են՝ սոցիալական ցանցերում նրանց հասցեին հնչեցված ամենավերջին հայհոյանքները, ծաղրուծանակը, նվաստացումները, երբ պատգամավորներից մի քանիսի տների մոտ հենց նրանց նկարներով ծաղկեպսակներ էին մարդիկ դրել: Հանուն արդարարության պետք է նկատենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն իրենց գործողություններով վաստակեցին այդ վերաբերմունքը, երբ 20 տարի շարունակ գործում էին «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, բացահայտ արհամարհելով եւ նվաստացնելով ժողովրդին: Իսկ արդեն ԱԺ վերջին նիստում ՀՀԿ-ականների ցինիկ կեցվածքը կարելի էր համարել այս ամենի գագաթնակետը: Ու հիմա ՀՀԿ-ն ինչ ցանել է, այն էլ հնձում է:

Բացի այդ, ՀՀԿ քվեարկությանը ՀՀ քաղաքացիներն արձագանքեցին քաղաքացիական անհնազանդության նոր դրսեւորումներով. ողջ ՀՀ-ով մեկ երեկ փակվել էին փողոցները, անգամ` միջպետական ճանապարհները, հայտարարված էր տոտալ գործադուլ: Երեկ չէին աշխատում ե՛ւ պետական, ե՛ւ ոչ պետական հիմնարկությունները` ուսումնական հաստատություններից բացի, նաեւ խանութներ, արտադրական ձեռնարկություններ, մի շարք սպասարկման օբյեկտներ, բանկեր: Անգամ գործադուլ էր օդանավակայանում, մետրոյում, իսկ երկաթուղին ճանապարհների շրջափակման պատճառով հայտարարեց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Ասել է, թե ՀՀ տնտեսությունը գրեթե մեկ օր կաթվածահար վիճակում էր` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Եւս մի քանի օր այսպես շարունակվելու դեպքում հետեւանքները բավական լուրջ կարող են լինել, ու երկիրը կարող է բռնել սնանկացման ուղին:

Այս իրավիճակն ուշագրավ է մեկ այլ առումով. ՀՀԿ-ն վաղ, թե ուշ ստիպված է լինելու հանձնել իշխանությունը: Բայց որքան երկար նրանք համառեն, ատամներով կառչելով իշխանությունից, այնքան ավելի վատ երկրի համար: Կստեղծվի մի իրավիճակ, երբ նոր իշխանությունն, ի թիվս զանազան խնդիրների, ՀՀԿ-ից ժառանգություն կստանա նաեւ դատարկ բյուջե, սնանկացած տնտեսություն: Տա Աստված, չհասնենք դրան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache