ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԱԴՐՈՒՄ

3

hraparak.am -Հանրության շրջանում մոլեգնող բացասական հույզերի ալիքը չի խնայում համաժողովրդական շարժմանը դեմ արտահայտվող եւ ոչ մեկին` պատգամավորից մշակութային գործիչ կամ շարքային քաղաքացի: Համացանցը այս օրերին պայթում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների հասցեին հնչող հայհոյանքներից ու վիրավորական արտահայտություններից: Իշխանության շահերը պաշտպանող սոցցանցային ակտիվիստներն էլ հակագրոհի են անցել՝ վիրավորելով ու հայհոյելով «Նիկոլին ու նիկոլականներին»: Անգամ ՄԻՊ-ն ու ԱԺ նախագահն են կոչով դիմել՝ վերջ տալ ատելության ու անհանդուրժողականության քարոզին: Ի՞նչպես դիմադրել ատելության ալիքին, փորձեցինք պարզել հոգեբանական գիտ. դոկտոր, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանից: Նա, ի դեպ, չթաքցրեց իր վրդովմունքը մայիսի 1-ին ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկության եւ հնչած ելույթների վերաբերյալ եւ զրույցի ընթացքում զայրույթի պոռթկումներ ունեցավ:

-Իհարկե, ատելության քարոզը, հայհոյանքները, սպառնալիքներն անընդունելի են: Բայց եկեք պարզենք, քննենք դրանց առաջացման պատճառները, ինչն է հարուցում նման վարք, պահվածք: Այդ վրդովմունքը, զայրույթը, որն ի հայտ է եկել իշխանության հատկապես վերջին օրերի պահվածքից, ինչ-որ կերպ պե՞տք է դրսեւորվի, արտահայտվի: ՀՀԿ-ն իրեն դրսեւորում է ուղղակի խայտառակ ձեւով, եւ պետք է սպասեր նման ռեակցիայի՝ նույնքան խայտառակ վերաբերմունքի: Մարդն, ի վերջո, ունի էմոցիաներ, որոնք անխուսափելիորեն պետք է արտահայտման ելք փնտրեն՝ դրսեւորվելով տարբեր կերպ՝ բանավոր խոսքով, հոդվածով, գործողությամբ եւ այլն: Իսկ ի՞նչ էիք ակնկալում, որ ՀՀԿ-ն ինչ-որ մեկի թելադրանքով, ցուցումով հակաժողովրդական ելույթներ ունենար, քվեարկություն կազմակերպեր եւ արժանանար քնքուշ ու գեղեցիկ գնահատականների՞, ասեին՝ վա՜յ ապրե՞ք, կեցցե՞ք: Հասկացեք՝ եթե չլինի հայհոյանք հարուցող վարք, չի լինի նաեւ հայհոյող: Չէ՞ որ ժողովրդի կողմից իբրեւ թե ընտրվածները ժողովրդի՛ն են դեմ դուրս եկել եւ հակաժողովրդակա՛ն քայլ են արել՝ ագրեսիա են իրականացրել, սադրել են: Իսկ ի՞նչ պիտի աներ ժողովուդն այս դեպքում՝ պատասխաներ գործողությանը, որը նաեւ հայհոյանքի տեսքով է դրսեւորել եւ որը բնական ռեակցիա է: Ես հայհոյելուն, կրկնում եմ՝ դեմ եմ, փաստարկված քննադատությանն եմ կողմ: Բայց այն մարդիկ, ովքեր ընտրված են ժողովրդի շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու համար, այսինքն՝ ժողովրդի ձայնն են ԱԺ-ում, այսօր արհամարհում են այդ ժողովրդին: Ես, օրինակ, կողմ եմ, որ հայհոյելու փոխարեն ժողովուրդը ետ կանչի այդ պատգամավորներին՝ ստիպելով վայր դնել մանդատները: Մի նկատառում էլ՝ հանրության բոլոր շերտերը չէ, որ մտավորական են, ովքեր զուսպ են արտահայտվելիս, ոչ ագրեսիվ վարք են ցուցաբերում: Կան նաեւ մարդիկ, ովքեր, այո, հայհոյում են, դա էլ իրենց արտահայտչաձեւն է:

-Պարոն Խուդոյան, համաձայնեք, որ մինչեւ երեկվա քվեարկությունն էլ հանրության շրջանում բացասական հույզերը գերիշխում էին։

-Այո, համաձայն եմ, քանի որ դա էլ իր հիմքերն ունի, քանի որ այդ կուսակցությունը ժողովրդի կամքը տարիներ շարունակ մեկ բառով ասած՝ բռնաբարել է: Մայիսի 1-ին էլ, այդ տղաներն ու աղջիկները, ես նրանց այդպես եմ անվանում, նախարարները, ովքեր, ինչպես ժողովուրդն է ասում՝ օգտվել են լափամանից, հանրության շահերի մասին են ճոռոմախոսում եւ այսպիսով վիրավորում, ձեռ առնում քաղաքացուն: Մարդիկ, ովքեր այսօր հանրության ատելության թիրախում են հայտնվել, թող հեչ չզարմանան, իրենք վաստակե՛լ են, արժանացե՛լ են այդ ատելությունը: Նկատեմ, որ Արփինեին՝ Հովհաննիսյան, Արմանին՝ Սաղաթելյան, Կարենին՝ Բեքարյանին, Գեւորգին՝ Կոստանյանի, ես մինչեւ այս հարգում էի, համարում ինտելիգենտներ, կիրթ մարդիկ: Սակայն պարզվում է՝ ես թյուր կարծիք եմ ունեցել, քանի որ նրանք երեկվա իրենց պահվածքով, կեղծ ու ստահոդ քարոզչությամբ ապացուցեցին, որ կողմ են թալանին, կոռուպցիային, ապօրինությանը, լկտիությանը, սրիկայությանը, ազգի կործանմանը եւ բոլոր բացասական երեւույթներին…Պարզվում է՝ նրանք կեղծ, իսկապես ծախված, կանխակալ մարդիկ են: Սաղաթելյանը, օրինակ, պրոպագանդիստ է, նրա հորեղբայրն էլ Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի պրոպագադայի հարցերով է զբաղվել, ուստի բնական է, որ նման, թույլ տվեք ասել՝ սրիկայական հակաքարոզչություն պիտի իրականացներ: Եւ երբ բարձր ամբիոնից հնչում է Փաշինյանի մայկայի գնի մասին հայտարարություն՝ 4 եվրո 99 ցենտ, սա արդեն դուրս է ճղճիմության, նողկանքի սահմաններից: Սա, ուշադրություն, ասում է ինտելիգենտի համբավ ունեցողը: Մի հարց՝ որտեղի՞ց նա գիտեր մայկայի գինը, եւ երկրորդ՝ ի՞նչ արժե նրա կոռուպցիոն, սերժա-քոչարյանական, կաշառակերական ճանապարհով գնված կոստյումը: Ես մի բան ուղղակի չհասկացա՝ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանն իրենց թալանածի վրա են դողում, բա դո՞ւք ինչի համար էիք պայքարի ելել, ցեխ շպրտում, գուցե ձեզ էլ էին մի երկու կոպեկ վճարել դրա համար: Էդուարդ Շարմազանովն էլ, ի դեպ, իմ ուսանողն է եղել, ասեմ, որ հոյակապ ուսանող է եղել, բայց ես չեմ կարողանում նրա քծնանքն ընդունել, սարսափելի է, դա անմարդկային քծնանք է…Ակնհայտ էր, որ նրանց ելույթները թելադրված էին մեկ կենտրոնից, սակայն լինել այդ աստիճան սրիկա եւ լպիրշ՝ ես չէի պատկերացնում: Անկեղծ ասած՝ արդեն մի քանի օր է՝ չեմ կարողանում հանդարտվել, ուշքի գալ եւ ինչպես տեսնում եք՝ ինձ մոտ էլ է առկա խիստ վրդովմունք, եւ դա բնական է: Մարդը ռացիոնալ էակ է, բացասական երեւույթները բացասական հույզեր պիտի առաջացնեին:

 -Այնուամենայնիվ, մի կողմ դնելով հույզերը, ի՞նչ խորհուրդ կտաք հանրությանը, ինչպե՞ս զսպել բացասական էմոցիաները, չտրվել ատելության ալիքին:

-Կոռեկտության կոչ եմ անում բոլորիս, բայց հատկապես ԱԺ պատգամավորներին: Կներեք՝ նրանք ինչ հիմարություն էլ դուրս տան, հայտարարեն, թող պահեն չափավորության զգացումը, կրքեր չբորբոքեն, լինեն հարգալից, որպեսզի արժանանան հարգանքի: Կրկնում եմ՝ պետք է հայհոյանքները, սպառնալի հայտարարությունները բացառվեն, բայց հիմա մարդկանց նյարդերը պրկված են, էմոցիաները փոթորկված են, այլ ռեակցիա հնարավոր չէ: Ի վերջո, հասարակությունը բազմաշերտ է եւ տարբեր մարդիկ տարբեր կերպ են արտահայտում իրենց հույզերը: Մեկը գուցե կասի՝ բերեք ձեր ճակատը համբուրեմ, մեկն էլ գուցե հայհոյի, վիրավորի: Ես, օրինակ, իմ ֆեյսբուքյան էջում երեկվա քվեարկությունից հետո գրել եմ՝ անիծում եմ: Ես էլ այս կերպ եմ իմ բացասական հույզերն արտահայտել, քանի որ լացս գալիս էր ուղղակի: Չպայթել հնարավոր չէր:

**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ **




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache