«55 ավազակները» ծուղակում. Վերջին շանսը

0

lragir.am — Երկրում հետաքրքիր ու միաժամանակ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Կա դե ֆակտո իշխանություն հանձին ժողովրդական հեղափոխության, իսկ դե յուրե իշխանությունից մնացել են խորհրդարանում «պաշարված» ՀՀԿ պատգամավորները: Նրանք ունեն մանդատ եւ առայժմ խորհրդարանական մեծամասնություն, եւ փաստացի նրանց ձեռքում է քաղաքական ճգնաժամի սահմանադրական հանգուցալուծման բանալին:

 Մի այլ իրավիճակում նրանց կարելի էր համեմատել 300 սպարտացիների կամ Վիեննայի պաշտպանների հետ, որոնք քաղաքակրթությունը պաշտպանում էին բարբարոսներից: Բայց Հայաստանում իրավիճակն այլ է՝ նրանք կանգնած են քաղաքակրթական գործընթացի՝ Հայաստանի վերափոխման առաջ եւ բարբարոսների՝ քրեական օլիգարխիայի իշխանության վերջին պատվարն են:
Ճիշտ է, մայիսի 1-ի ընտրությունը տապալելով՝ նրանք էլ խոսում էին հայրենիքից, պետությունից, մտահոգություններից, բայց հհկ-երենից թարգմանաբար դա լիովին այլ բան էր նշանակում, որում հայ ժողովուրդը համոզվել է նրանց իշխանության տարիների գործունեությամբ, որը կարելի է հակիրճ բնորոշել այսպես՝ հանրային-պետական խնդիրների վրա մակաբուծելն ու արտոնյալ դիրքերի պահպանումը:
Հակառակ պարագայում, նրանք չէին ձգձգի այս իրավիճակը, քանի որ իրադարձությունների զարգացման ցանկացած պարագայում ՀՀԿ-ն կանգնում է վերացման եզրին:
ՀՀԿ-ն մայիսի 1-ին տապալեց վարչապետի ընտրությունը, սակայն արդեն մայիսի 2-ին որոշում կայացրեց հաջորդ ընտրությանը վարչապետ ունենալու, մեկ երրորդի թեկնածուին ընտրելու մասին: Թե ինչ փոխվեց այդ մեկ գիշերվա մեջ՝ դժվար է ասել՝ հնարավոր է մայիսի 1-ի հզոր ակցիաները, արտաքին աջակցության ակնկալիքների չիրականանալը, մայիսի 1-ից հետո հանրության վերաբերմունքի կոշտացումը:
Փաստն այն է, որ ՀՀԿ-ն մայիսի 1-ին խոշոր սխալ գործեց ու իր համար այլ ելք չթողեց: Եթե մայիսի 8-ին կրկին վարչապետ չընտրվի, խորհրդարանը կլուծարվի, եւ նրանք կմնան առանց մանդատների: Ընդ որում, զուր են այն հույսերը, որ այդ պարագայում գործադիրը մնում է ՀՀԿ-ական, եւ դա հնարավորություն կտա անցկացնել նոր ընտրություններ իրենց ցանկացած ելքով: Այդ ժամանակներն անդառնալիոեն անցել են:
Կա տարբերակ, որ ՀՀԿ-ն կարող է հույս դնել այսպես ասած ոչ ժամանակավոր վարչապետի վրա: Այսինքն, ընտրվում է ոչ թե ժամանակավոր, այլ մշտական վարչապետ, խորհրդարանը չի ցրվում, նրանք պահում են մանդատները եւ հետագա տարիներին, օգտագործելով մեծամասնության հանգամանքը, մշտական առեւտրի մեջ են մտնում գործադիրի հետ:
Սա հնարավոր է միայն նոր իշխանության հետ գործարքի պայմաններում: Սակայն Նիկոլ Փաշինյանը խոստացել է արտահերթ ընտրություն եւ երեք կարեւոր օրենքների ընդունում՝ Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին եւ դեկապիտալիզացիայի, կամ Սեփականության մասին օրենքները:
Ի դեմս ՀՀԿ-ի՝ օլիգարխիային ձեռնտու չէ այս օրենքների ընդունումը, սակայն ՀՀԿ-ն չի կարող դեմ գնալ նոր վարչապետին, եթե նա այս օրենքները մտցնի խորհրդարան: Ի դեպ, նույնը վերաբերվում է նաեւ Ծառուկյան դաշինքին ու ՀՅԴ-ին, որոնք օլիգարխիկ համակարգի մի մասն են:
Այսպիսով, այս 55 մանդատավորները հայտնվել են ծուղակում: Սակայն իրավիճակն անելանելի չէ, եւ նրանց միակ շանսն էլ արժանապատիվ հեռանալն է: Եվ այստեղ ՀՀԿ-ն կարող է օգտագործել իր մանդատը ժողովրդական հեղափոխությանն աջակցելու համար: Նիկոլ Փաշինյանը շարժումից ստացել է այդ երեք օրենքներն ընդունելու մանդատը, ՀՀԿ-ն իր մանդատներով կարող է նպաստել դրանց ընդունմանը, այդ թվում իր հերթին պատասխանատվության տակ դնելով իր քվեարկած ժամանակավոր վարչապետին: Այս ձեւով նրանք կհաղթահարեն նաեւ հոգեբանական խնդիրը՝ իրենք ձայն են տալիս ոչ թե Նիկոլին, այլ Հայաստանի ժողովրդին ու Հայաստանի ապագային:
Օլիգարխիան պարտվել է, երկրում տեղի են ունեցել անդառնալի փոփոխություններ: Եթե ՀՀԿ-ն չգիտակցի այս իրողությունները, կարիք չկա ասել, թե ինչ հետեւանքներ կարող են լինել:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache