5 ախտանշան, որոնք կօգնեն տարբերել գրիպը սուր վարակիչ շնչառական այլ հիվանդություններից

45

Գրիպը, մրսածությունն ու սուր վարակիչ շնչառական հիվանդությունները խնդիրներ են, որոնք ախտահարում են շնչառական համակարգը, սակայն դրանք առաջանում են տարբեր վիրուսների հետևանքով: Այս հիվանդությունների ախտանշանները հաճախ նման են լինում, ինչի հետևանքով էլ շատերը դժվարանում են տարբերել դրանք:

Հարկ է հիշել, որ գրիպը մարդն ավելի մեծ դժվարությամբ է հաղթահարում, քան հասարակ մրսածությունը: Մրսածությունը հաճախ է ուղեկցվում հարբուխով, սակայն հազվադեպ է այնպիսի լուրջ բարդություններ առաջացնում, ինչպիսին են թոքաբորբն ու բակտերիալ վարակները: Բացի այդ, մրսածության դեպքում հազվադեպ է լինում հոսպիտալացման անհրաժեշտություն, մինչդեռ գրիպը հաճախ է հանգեցնում բարդությունների, որոնց դեպքում անհրաժեշտ է ստացիոնար բուժում:

Նման խնդիրներից խուսափելու համար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրիպի 5 ախտանշան, որոնք կօգնեն տարբերել այս հիվանդությունը սուր վարակիչ շնչառական այլ հիվանդություններից:

Մկանային ցավեր ու հոդացավեր

Այս ախտանշանը բնորոշ է գրիպին, ուստի դրա առկայության դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկին: Երբեմն ցավն անտանելի ուժեղ ու հոգնեցուցիչ է լինում: Այն պայմանավորված է վիրուսի առաջացրած թունավորմամբ, որն օրգանիզմում հայտնվելով սկսում է արագ բազմանալ:

Դող

Գրիպին բնորոշ է նաև դողն ու տենդը: Ընդ որում, երբեմն այս ախտանշանը չափազանց ուժեղ է լինում և դրա ֆոնին ի հայտ են գալիս անոթների սպազմներ: Արդյունքում նկատվում է գունատություն, սառը քրտինք ու սառը վերջույթներ:

Աչքերի ցավ ու զգայունություն լույսի նկատմամբ

Լույսի հանդեպ գերզգայունությունը, աչքերի ցավը, կարմրածությունն ու արցունքահոսությունը վկայում են, որ գրիպի վիրուսը հայտնվել է արյան մեջ և արագորեն տարածվում է:

Հարբուխի ու կոկորդի ցավի բացակայություն

Գրիպի առաջին օրերին կարող է նկատվել քթի փակվածություն, սակայն արտադրություն գրեթե չի լինում: Եթե գրիպով վարակված մարդու մոտ որոշ ժամանակ անց ի հայտ է գալիս հարբուխ ու կոկորդի ցավ, ապա դա վկայում է բակտերիալ բարդությունների զարգացման մասին:

Բարձր ջերմություն

Գրիպին բնորոշ ևս մի ախտանշան է կտրուկ բարձրացող ջերմությունը, որը հարկավոր է իջեցնել 38,5˚C-ից բարձր լինելու դեպքում: Բարձր ջերմությունը վկայում է վարակի դեմ օրգանիզմի պայքարի մասին, սակայն երբ այն շատ բարձր է լինում, ապա սկսում են վերանալ ոչ միայն պաթոգենները, այլև իմունային բջիջները:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache