5 միլիարդը Սերժ Սարգսյանի մեգազամբյուղում

2

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միջուկային էներգետիկան պահպանելն ու զարգացնելը Հայաստանի համար մնում է ռազմավարական ուղղություն: Սարգսյանի արտահայտությունն անխոս պատասխան է այն ասեկոսեներին, որ ընդդիմախոսության եւ փաստարկի տեսքով փորձ էր արվում տարածել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի բովանդակության հրապարակումից հետո, որտեղ կա դրույթ, որ Հայաստանը պետք է փակի ատոմակայանը:Խնդիրը սակայն միայն պատասխանը չէ, որովհետեւ Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացման հարցի համատեքստում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը մանիպուլյացիաներից պաշտպանելը անկասկած կարեւոր, սակայն շատ փոքր խնդիր է:

Ի վերջո, եթե այդ համաձայնագրին պետք է հնարավոր լիներ հարվածել լոկ ատոմակայանի մասին ձեւակերպումը նենգափոխված ներկայացնելու մանիուլյացիայի միջոցով, ապա դա կնշանակեր, որ համաձայնագիրը խիստ թույլ է եւ անպաշտպան:

Բարեբախտաբար թերեւս այդպես չէ: Իսկ միջուկային էներգետիկայի զարգացման խնդիրը Հայաստանում ունի շատ ավելի լայն համատեքստ եւ նշանակություն, ընդհուպ ռազմա-քաղաքական էֆեկտի առումով: Եվ գուցե առաջին հերթին ռազմա-քաղաքական էֆեկտի:Իսկ դա նշանակում է, որ հայկական ատոմակայանի պահպանումը նույնիսկ երկրորդական խնդիր է, քանի որ առաջնայինը նոր ատոմակայանի կառուցումն է: Հայկական ատոմակայանը ունի զուտ ֆիզիկական շահագործման սահմանափակ ժամկետներ: Հնարավոր է դա երկարաձգել, եւ ներկայում Հայաստանը իրականացնում է դրան ուղղված աշխատանք՝ մինչեւ 2027 թվականը շահագործելու համար:

Գուցե հնարավոր կլինի հետո եւս հինգ կամ տասը տարով շահագործել:Բայց, հարց է առկա՝ մինչեւ 2040 թվականը պլանավորող Սերժ Սարգսյանը պլանավորու՞մ է մինչ այդ էլ նաեւ ներկայիս ատոմակայանը շահագործել: Իսկ հնարավո՞ր է ակնկալել հուսալի ու երաշխավորված շահագործում մինչ այդ:Հայաստանի համար ռազմավարական խնդիրը նոր ատոմակայանն է, եւ ռեսուրսներն ու ջանքը պետք է ուղղվի այդ ուղղությամբ: Իսկ այստեղ հետաքրքիր վիճակ է: 2008 թվականին հանդես գալով Ազգային Ժողովին եւ հանրությանը հղված ուղերձով, Սերժ Սարգսյանը հայտարարեց երեք մեգանախագծերի մասին՝ Համահայկական բանկ, Հայաստան-Իրան երկաթուղի, նոր ատոմակայան: Անցել է 9-10 տարի, մեգանախագծերից որեւէ մեկը չի մոտեցել անգամ «մեգայի» քառորդին: Ստեղծվեց Համահայկական բանկը, բայց դրա գոյությունը այդպես էլ չզգացվեց, եւ ի վերջո ամիսներ առաջ հայտարարվեց, որ բանկը փակվում է, վերածվում ներդրումային հիմնադրամի:Երեք մեգանախագծերից թերեւս ամենաթանկը դիտարկվում է նոր ատոմակայանը: Այն կարծես թե գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլարի սահմանում, մոտավոր: Մինչ այժմ խոսվել է 1 միլիարդ ներդրման հավանականության մասին: Կառավարությունը տարիներ առաջ համաձայնագիր ստորագրեց Ռոսատոմի հետ, որով ռուսական ընկերությանը փաստացի հանձնվեց նոր ատոմակայանի ճակատագիրը, իսկ դրա դիմաց Մոսկվան պարտավորվեց ապահովել ատոմակայանի արժեքի 20 տոկոսը:

Որտեղի՞ց Հայաստանին մյուս 80 տոկոսը, որը մոտավոր կազմում է նվազագույնը 4 միլիարդ դոլար, ըստ նախնական հաշվարկի, որ ներկայացվել է մինչ այժմ: Ամենակարեւորը՝ ո՞վ կտա փող, եթե արդեն իսկ կա Ռուսաստանի այսպես ասած քաղաքական «պատրոնաժության» փաստաթուղթը:2011 թվականի հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Սարկոզին հայտարարեց, որ աշխատանքային խումբ կգա Հայաստան, որպեսզի քննարկի նոր ատոմակայանի կառուցմանը Ֆրանսիայի հնարավոր ներգրավվածության հարցը:Սարկոզիի հայտարարությունը չմանրամասնվեց, սակայն կուլիսային խոսակցություններում ֆրանսիացի դիվանագետները հայտնում էին, որ խոսքը գուցե ընդամենը միջուկային թափոնների կառավարման մասին է, հազիվ թե իրատեսական դիտվի այլ կարգի մասնակցություն:

Հայաստանի նոր ատոմակայանն անկասկած քաղաքական հարց է: Ո՞վ Հայաստանի քաղաքական նշանակությունը կգնահատի մոտ 5 միլիարդ դոլար, այն էլ մի դեպքում, երբ Հայաստանը գտնվում է եվրասիական քաղաքական ծիրում: Ընդ որում, իհարկե ամենեւին միարժեք չէ, որ այլ ծիրում միլիարդները հոսելու էին եւ ատոմակայանը դառնալու էր իրականություն:Բայց անկասկած է, որ խնդրի արմատը առաջին հերթին ինքնիշխանության մեջ է, պետական սուբյեկտության մեջ: Ընդհանուր առմամբ, աշխարհքաղաքական միջավայրն ու կոնյուկտուրան Հայաստանի շահի եւ անվտանգության խնդիրների տեսանկյունից բարեխառն է, այդօրինակ մասշտաբային հարցի ուղղությամբ մտածելու համար: Ամբողջ խնդիրը այն է, թե որքանով է Հայաստանի պետական քաղաքականությունը համահունչ այդ բարեխառն կլիմային:Հայկական ատոմակայանի հարցում ժամանակը չի աշխատում Հայաստանի օգտին, եւ միաժամանակ գնդակը որեւէ արտաքին դաշտում չէ, այլ Հայաստանի կիսադաշտում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache