Հետաքրքիր

5 պարզ միջոց՝ մինչեւ ուշ ծերություն առողջությունը պահպանելու համար. իսրայելցի գիտնական

 

12016

Med.news.am Մարդու կյանքի միջին տեւողությունն այսօր ավելին է, քան անցյալ դարում, բայց բազմաթիվ տարեց մարդիկ քաղցկեղ, սիրտ-անոթային եւ այլ հիվանդություններ ունեն, որոնք վատթարացնում են նրանց կյանքի որակը:

Ի՞նչ կարելի է անել՝ մինչեւ խոր ծերություն առողջությունը պահպանելու համար: Իսրայելցի հայտնի էնդոկրինոլոգ, վերարտադրողական բժշկության մասնագետ, պրոֆեսոր Բրունո Լունենֆելդը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց մի քանի պարզ քայլ, որոնք կարող են օգնել առողջ եւ ամուր մնալ նույնիսկ 90 տարեկանում:

Ուղեղ

Պրոֆեսոր Լունենֆելդի խոսքով՝ մարդը պետք է անընդհատ մարզի իր ուղեղն ու որեւէ նոր բան սովորի: Նույնիսկ մեծ տարիքում հարկավոր է կարդալ, ինչ-որ խնդիրներ լուծել, այլապես ուղեղը կսկսի դեգրադանալ, ճանաչողական գործառույթները կվատթարանան, իսկ բազմաթիվ տարիքային հիվանդությունների զարգացման վտանգը կմեծանա:

Մկաններ

Մկանները մարզելը, ըստ մասնագետի, նույնքան կարեւոր է, որքան ուղեղի մարզումը: Նա խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն երեք անգամ վարժություններ անել: Ընդ որում՝ ամենապարզ վարժությունները. օրինակ՝ բարձրանալ ոտքերի մատների վրա, կանգնել մեկ ոտքի վրա՝ փակելով աչքերը եւ այլն:

Մասնագետը նշում է, որ շատ օգտակար է հասուն տարիքում լողալը, նույնիսկ ավելի, քան զբոսանքը: Մարզասրահ հաճախելը նույնպես լավ գաղափար է, սակայն ջրում տարբեր վարժություններ անելն ավելի օգտակար է:

Սեքս

Պրոֆեսոր Լունենֆելդի խոսքով՝ սեքսը նույնպես կարեւոր է մինչեւ խոր ծերություն առողջությունը պահպանելու համար: Ըստ նրա՝ ցանկալի է, որ 70-ն անց մարդիկ շաբաթը գոնե մեկ անգամ սեքսով զբաղվեն: Ավելին, կարեւոր է ոչ միայն սեքսի, այլեւ վստահելի զուգընկերոջ, սիրո առկայությունը: Եթե մարդը միայնակ է, նրա կյանքի տեւողությունը կրճատվում է:

Վիտամին D

D վիտամինի պակասն այսօր լուրջ խնդիր է, քանի որ մարդիկ տարբեր միջոցներով պաշտպանվում են արեւի ճառագայթներից: Առողջությունը պահպանելու եւ ոսկորների ամրության համար D վիտամինը շատ կարեւոր է. խորհուրդ է տրվում այն վիտամինով հարուստ մթերքներ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ սննդային հավելումներ օգտագործել:

Հորմոնները փոխարինող թերապիա

Դաշնադադարից հետո կանայք հորմոնները փոխարինող թերապիայի կարիք ունեն՝ առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու համար: Իսկ տղամարդիկ, ըստ մասնագետի, որոնց մոտ տարիքի հետ տեստոստերոնի մակարդակը նվազում է, պետք է այդ հորմոնը ստանան՝ մկանային զանգվածն ու առնականությունը պահպանելու համար:

Կարծիք կա, որ տեստոստերոնը մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի վտանգը, սակայն պրոֆեսոր Լունենդելդը համաձայն չէ այս պնդմանը: Նրա խոսքով՝ համոզվելու համար, որ տեստոստերոնի ներարկումն ու շագանակագեղձի քաղցկեղը կապ չունեն միմյանց հետ, բավարար է ուսումնասիրել վիճակագրությունը եւ որոշ պարզ փաստեր. երբ տղամարդիկ ծերանում են, տեստոստերոնի մակարդակը նվազում է, սակայն տարիքի հետ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունն աճում է: Սա, պրոֆեսորի կարծիքով, ցույց է տալիս, որ այդ քաղցկեղն առաջանում է հենց տեստոստերոնի մակարդակի նվազման ֆոնին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...