Լրահոս

800 հա-ի զգալի մասը նախկին ԼՂԻՄ-ի տարածքն է, այնտեղ ոչ մի չեզոք գոտի չկա. Արման Մելիքյան

 

timthumb

times.am-ը գրում է.  Նախքան ապրիլյան իրադարձություններն ունեինք անորոշ, անկայուն, անհասկանալի ապագա ունեցող ստատուս քվո, իսկ ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում ունեցանք անընդունելի տարածքային կորուստներ և տարածքների հանձնման բացվող դուռ, որն արդյունք է ոչ միայն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այլ այն, որ տարիներ շարունակ հայկական կողմերը զլացել են վարել իրապես արդյունավետ արտաքին քաղաքականություն։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած հարցազրույց-ասուլիսին հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Այդ քնկոտ մոտեցումը մեր երկրի ճակատագրի հանդեպ հանգեցրեց նրան, որ մենք այսօր կանգնած ենք իրական  տարածքային կորստի շեմին, հայկական շահերի համար բացառապես անընդունելի, կոնկրետ տարածքների դիմաց անորոշ կարգավիճակ ստանալու հեռանկարի առջև: Եվ  եթե հայկական կողմերն անհապաղ քայլեր չձեռնարկեն, մեզ համար շատ դառն իրադարձություններ են սպասվում առջեւում»,- շեշտեց նա:

Հիշեցմանը, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը մշտապես հայտարարում է, թե Բաքուն և միջազգային հանրությունը խոսում են տարբեր  լեզուներով, իսկ ՀՀ-ի դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության մոտեցումների հետ, մինչդեռ ոչ մի հասցեական քննադատություն չեղավ Ադրբեջանին ուղղված, Մելիքյանն արձագանքեց՝ չէր էլ կարող լինել, սա մեր դիվանագիտական մոտեցումների ուղիղ հետևանքն է. այն, որ հայկական և միջազգային հանրության տեսակետները համընկնում են,  որևէ դրական բան չունի․ «Դրանք տանում են տարածքների հանձման, այդ համաձայնությունը դրական որևէ բան չի պարունակել: «Տարածքներ անորոշ կարգավիճակի դիմաց» բանաձևի գործարկումը կհանգեցնի տարածքների իրական կորստի,  չի ավելացնի մեր անվտանգությունը, այլ կսպառի անվտանգության այն  ռեսուրսը, որը  մենք ունենք, իսկ քաղաքական տեսանկյունից կզրոյացնի ՀՀ-ի իրական միջազգային վարկը»:

Անդրադառնալով ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի՝ կորցված 800 հա տարածքի մասին հայտարարությանը, Արման Մելիքյանը նկատեց, թե  երկրի ղեկավարը ռազմական գործչին հատուկ  կամ ռազմական նախարարի մակարդակով հայտարարություն անելու  իրավունք չուներ.  «Այս ամեն ինչը պետք է դիտարկվի քաղաքական հարթության վրա։ Նա դաշտային գեներալի չպետք է փոխարինի, այլ իր արտահայտություններով պետք է քաղաքական տեսլական տա: 800 հա տարածքի զգալի մասը նախկին ԼՂԻՄ-ի տարածքն է, հյուսիսում չեզոք անվտանգության գոտու մասին խոսել չի կարելի: Դրանք ԼՂԻՄ-ի բուն տարածքներն են: Սրանք պարզապես  մարդկանց ուշադրությունը գլխավոր խնդրից շեղելու միտված արտահայտություններ են»:

Հակադարձմանը, որ նմանօրինակ գնահատականներին ԼՂՀ-ից միայն մեկ-երկու ընդդիմադիր պատգամավոր դեմ արտահայտվեց, իսկ ՀՀ-ում առավել պասիվ էին,  ԼՂՀ նախկին արտգործնախարարն ակնարկեց, թե սա  վկայությունն  է այն բանի, որ  խնդրի լուծման ծրագիր նրանցից ոչ մեկ չունի, առհասարակ, չկա  այլընտրանքային ծրագիր ոչ ԼՂՀ-ի , ոչ էլ ՀՀ իշխանություների ձեռքում:

Ըստ նրա՝ կա երկու մոտեցում. առաջինը, որ պետք է համախմբվել մադրիդյան սկզբունքների շուրջ, ինչը մեզ դրական ապագա չի խոստանում, երկրորդը  ԼՂՀ անկախության ճանաչման պնդումն է, որը ևս այս իրավիճակում լուծում չի պարունակում:

«Եթե աշխարհաքաղաքական համատեքստում նայենք, ապա առաջինն ամրագրում է ՌԴ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում, երկրորդը հակառակը՝ ՌԴ-ի վերջնական և անվերապահ դուրս մղումը:  Քաղաքական դիսկուրսը հանգում էր այս եզրակացության, որից և ոչ մեկը հայկական շահի հետ առնչություն չունի: Կա երրորդ ուղին, որով կարող ենք լուծել տարածքային խնդիրներ, Արցախի սուբյեկտությունն էապես բարձրացնել՝ ընդհուպ մինչև անկախության ճանաչում, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ-ի կողմից,  ագրեսորի պիտակը վերացնել ՀՀ-ի ճակատից, ինչպես նաև առաջարկել այլընտրանքային տարբերակ, որը չի վնասի  մեր շահերին, նաև չի վտանգի արտաքին գլխավոր խաղացողների  շահերը մեր տարածաշրջանում»,-պնդեց Արման Մելիքյանը՝ վստահեցնելով, որ քաղաքական և դիվանագիտական քայլերի միջոցով կարող է նոր իրավիճակ ստեղծել, ինչն Ադրբեջանը փորձում է անել ռազմական ճանապարհով:

Հակադարձմանը, թե Հայաստանի վախվորած քաղաքականությունն ինչի՞ հետևանք է, գուցե Մինսկի խումբն ունի ճնշման լծակ, որի մասին մենք չգիտենք, Մելիքյանը պատասխանեց, թե հայկական կողմը նախաձեռնողականություն չի ցուցաբերում, որովհետև հստակ ծրագիր չունի, ուստի նախաձեռնողականությունը կամ Ադրբեջանի կամ միջնորդների ձեռքում է:

«Հայաստանի քաղաքական քայլերը կարող են նվազեցնել Ադրբեջանի ռազմական ակտիվությունն առաջնագծում, մեր փոխարեն ոչ մեկ մեր անելիքը չի անելու: Հրաժարականի խնդիր չեմ դնում և դա անիմաստ եմ համարում, ուստի մեզ ոչ թե հեղափոխություն, այլ մոտեցումների փոփոխություն է պետք»,-լրացրեց Մելիքյանը:

Խոսելով ՀՀ-ԼՂՀ միավորման նպատակահարմարությունից, նախկին արտգործնախարարը նշեց. «Անվտանգության տեսանկյունից նախընտրում եմ ԼՂՀ անկախության ճանաչումը՝ և ՀՀ-ի, և միջազգային հանրության կողմից: Հետո թե ՀՀ-ն և Արցախը կդառնան դաշնություն,  թե  ունիտար պետություն, հետագայի խնդիր է: Բայց այսօր պետք է ֆիքսել, որ անկախ Արցախն  Ադրբեջան հանրապետության հետ որևէ առնչություն չունի: Երբ մենք խոսում ենք ՀՀ-ի և ԼՂՀ -ի միավորման մասին այս 25 տարիների համատեքստում, ապա դա պարզապես վերահաստատելու է Հայաստանի ագրեսոր լինելու հանգամանքը: Այո, ԼՂՀ-ն կարող է ճանաչվել և ՀՀ-ի, և միջազգային հանրության կողմից, իսկ խիստ էքստրեմալ պայմաններում կարող է դառնալ ՀՀ-ի մաս, բայց սա ես համարում եմ որպես վերջին հույսի քայլ: Պետք չէ գործը դրան հասցնել, կարելի է հանգիստ ռեժիմով հարցը լուծել, որի հետ և միջազգային հանրությունը հաշվի կնստի, և Ադրբեջանն այլևս ագրեսոր պետության դեմագոգիկ հայտարարություններ անելու հիմքեր չի ունենա»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing