ԱԱԾ դարձած իմ Էրեբունի

72

Ազգային անվտանգության ծառայությունը դարձել է մեր ժողովրդի կողմից ամենասիրված գերատեսչությունը։ Նա է ապահովում կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դարձել է մեր առօրյա ժամանցի ամենակարեւոր տարրը։ Սերիալներին այժմ փոխարինում են ԱԱԾ գործողությունների տեսագրությունները եւ լայվերը, իսկ հասարակությունը անհամբեր սպասում է դրանց հերթական թողարկմանը։

Քաջարի ԱԱԾ-ն ձեռնարկել է այնպիսի խիզախ գործողություններ, ինչպես Սաշիկ Սարգսյանին պարբերաբար ԱԱԾ ուղեկցելը, կամ Սերժի Վաչոյին բանկից դուրս գալուց ձերբակալելը, որոնք իսկապես պահանջում են լուրջ հոգեբանական եւ մարտական պատրաստվածություն։ Այնտեղ, ուր առաջ հանգիստ աշխատում էր ոստիկանությունը, ԴԱՀԿ-ն կամ հարկային տեսչությունը, այժմ քաջարի ԱԱԾ-ն է՝ իր սեւ դիմակներով ու տեսանկարահանող սարքերով։

ԱԱԾ-ն դարձել է ամենակարեւոր գերատեսչությունը, ստվերելով մնացած նախարարությունների աշխատանքը եւ տարված կոռուպցիայի դեմ պայքարով, մենք հաճախ չենք էլ հարցնում՝ իսկ մնացած նախարարությունները աշխատու՞մ են։ Մինչդեռ մնացած նախարարությունները նույնպես սկսում են ընդօրինակել ԱԱԾ ոճը։ Այնտեղ, ուր առաջ ասենք հարկայինը մտնում էր սեւ փողկապներով ու հաշվիչներով, այժմ նույն հարկայինը մտնում է սեւ դիմակներով ու տեսախցիկներով։

Ի դեպ, մյուս նախարարւթյուններն էլ հաճախ հաճույքով դառնում ԱԱԾ։ Քանի որ երկրի զարգացման ռազմավարությունը դեռեւս մշակվում է, մյուս նախարարները դեռ չգիտեն, թե կոնկրետ ինչ անեն, միաժամանկ աշխատում են խուսափել այնպիսի քայլերից, որը համահունչ չի լինի կառավարության քաղաքականությանը։ Սակայն մի հարցում բոլորը միակամ են՝ կոռուպցիայի դեմ պայքարում։ Եվ, ասենք կրթության նախարարությունը զբաղվում է կոռուպցիայով դպրոցներում եւ պատժում է կաշառակեր տնօրեններին, մշակույթի նախարարը գողացած նկարներ է հայտնաբերում, առողջապահության նախարարը՝ օրինազանց հիվանդանոցի տնօրեններին է պատժում։ Այսինքն, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարված է կառավարության հիմնական քաղաքականություն, եւ քանի որ հասարակությունը դա շատ է սիրում, բոլորն էլ պայքարում էլ կոռուպցիայի դեմ։ Թե ուրիշ ինչ են անում կրթության, մշակույթի կամ առողջապահության նախարարները՝ մենք կոնկրետ չգիտենք։

Նիկոլ Փաշինյանը նույնպես շատ լավ է հասկանում ԱԱԾ-ի կարեւորագույն դերը հայկական առօրյայում։ Պատահական չէ, որ վերջին հանրահավաքի ժամանակ նա  սպառնաց սխալ բաներ ասող մարդկանց վրա ԱԱԾ ուղարկել։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը խիստ կարեւորում է ԱԱԾ-ի վախեցնող դերը եւ պատժիչ ֆունկցիան։ Թե Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը ապահովելու՝ ԱԱԾ մյուս գործառույթների մասին ինչ է մտածում Նիկոլ Փաշինյանը՝ մենք կոնկրետ չգիտենք։

Հետաքրքիր է, որ հասարակության մի մասին դուր է եկել «կազակի-ռազբոյնիկի» այս խաղին մասնակից լինելու գաղափարը։ Հայաստանում սկսվել է մատնիչության եւ իրար զրպարտելու մի աննախադեպ ալիք, մանավանդ, որ դա ունի կոնկրետ իրավական հիմք եւ ունենում է կոնկրետ արդյունքներ։ Օրինակ, հայտնում են այն մասին, որ իրենց համագյուղացիներից մեկը գերազանցել է կառուցված գոմի թույլատրված չափերը։ Արդյունքում ԱԱԾ-ն գյուղապետին պաշտոնանկ է անում։ Իհարկե, հետո կարող է պարզվել, որ ոչ մի խախտում էլ չի եղել, բայց գնացքն արդեն գնացել է եւ բոլորի կողմից ատելի գյուղապետը պաշտոնանկվել է։ Անկախ կոնկրետ արդյունքներից, այս դեպքում շատ կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարին բոլորիս համաժողովրդական մասնակցությունը, քանի որ դրանով մեր օժանդակությունն ենք հայտնում իշխանություններին։

Իհարկե, ԱԱԾ-ն նույնպես զուրկ չէ թերություններից։ Օրինակ, վերջերս իշխանավորներից մեկին պատկանող թերթում հրապարակվել էր գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը բանտախցում։ ԱԱԾ-ին դեռւես չի հաջողվել գտնել ԱԱԾ մեկուսարանում արված լուսանկարի հեղինակին։ Բայց սրանք փոքրիկ թերություններ են, որ ԱԱԾ-ի համաժողովրդական օժանդակության պայմաններում կարելի է անտեսել։

Հ.Գ. Խնդրում եմ սույն գրվածքը նույնպես դիտարկել որպես մատնագիր ԱԱԾ աշխատանքի մասին։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache