ԱԱԾ-ն անակնկալի է բերել Սերժ Սարգսյանին

928

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Սերժ Սարգսյանը գեներալ Մանվելի վերաբերյալ ԱԱԾ տեսանյութից հետո հավաքել է ՀՀԿ-ն ու ասել, թե իր համար անսպասելի էր բացահայտվածը եւ ինքը չէր ուզի հավատալ, բայց տեսանյութը այլ բան է ասում:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը, ըստ մամուլի իհարկե, ասել է, որ տեղյակ չէր Մանվելի արածից կամ տան եղածից:

Իսկ է՞լ ինչից տեղյակ չի եղել Սերժ Սարգսյանը: Օրինակ, մի առիթով էլ նա հայտարարել էր՝ Կիսելյովին տված հարցազրույցներից մեկում, թե տեղյակ չէր ապրիլյան քառօրյայի ընթացքում Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի հանդիպման մանրամասներից, որից հետո հաստատվեց հրադադարը: Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չէր, թե Մոսկվայում ինչ մանրամասներ է բանակցում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը:

Իսկ գուցե ավելի հեշտ լինի ասել, թե ինչից էր տեղյա՞կ Սերժ Սարգսյանը:

Իսկ Սարգսյանը տեղյա՞կ էր աղքատության ցուցանիշից, արտագաղթի ծավալներից, տնտեսության վիճակից ընդհանրապես: Թե նրա մոտ ամեն ինչ միայն թղթերով էր, իսկ թղթերով էլ ամեն ինչ կարգին էր:

Իսկ գուցե Սարգսյանն անտեղյակ էր ձեւանում, այդպիսով խուսափելով ավելորդ պատասխանատվությունից, միեւնույն ժամանակ ապահովելով նաեւ գերճկունություն: Նա ի վերջո գիտեր, որ չի կարելի որեւէ բան վստահել Հայաստանի իշխող համակարգին ու կուսակցությանը մասնավորապես:

Ի դեպ, գեներալ Մանվելի այս պատմությունն էլ վկայություն է, թե ինչպես մի վայրկյանում կուսակցությունը հրաժարվեց իր հերոս գեներալից: Թվում է, թե հրաժարվեցին, որովհետեւ նա օրենք է խախտել կամ բարոյականություն: Դա թվացյալ է: Հրաժարվեցին, որովհետեւ գեներալն այլեւս բեռ է, ոչ թե ուս, որի վրա հնարավոր է դնել համակարգի բեռն ու այդպիսով երկուսը մեկում անել՝ թե պատասխանատվությունը թողնել նրա վրա, թե օգտվել նրա «բեռնակրությունից»:

Սերժ Սարգսյանն այդ իսկ պատճառով երբեք չստանձնեց պատասխանատվություն, լավ իմանալով, որ ՀՀԿ-ն դրան արժանի կուսակցություն չէ: Ավելին, նա անգամ իր վարչապետության համար պատասխանատվություն չստանձնեց, ստեղծելով վիճակ, երբ այդ վարչապետությունը դարձավ անփոխարինելիության մասին ՀՀԿ պնդումների արգասիք, երբ Սերժ Սարգսյանն ընդամենը վերջում հայտարարեց, թե կընդունի առաջարկը, միայն պայմանով, որ փորձը փոխանցելու է եւ հեռանա:

Սերժ Սարգսյանը պատասխանատվություն ստանձնեց միայն իր հեռանալու համար, որովհետեւ դա խոշոր հաշվով միակ իրավիճակն էր, որ նա պատասխանավություն ստանձնում էր բացառապես իր համար: ՀՀԿ-ն նրա պատասխանատվության շահառուն չէր, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների հետագա զարգացումը:

Կարո՞ղ էր Սերժ Սարգսյանը տեղյակ չլինել, թե ինչ է արել Մանվել Գրիգորյանը: Թող որեւէ մեկը չզարմանա, բայց իսկապես կարող էր: Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, չէր կարող տեղյակ չլինել, թե ինչ է կատարվում իր շուրջը: Նա պայմանավորվածության խախտումով հեռախոս ներկրող դատախազին աշխատանքից հեռացնելու համար չէր սպասել նույնիսկ երկուշաբթիին, հրամանագիրը ստորագրել էր շաբաթ օրով: Սերժ Սարգսյանը սակայն կարող էր տեղյակ չլինել, թե ինչ է անում Մանվել Գրիգորյանը: Որովհետեւ Սերժ Սարգսյանը գերադասում էր ոչնչից տեղյակ չլինել, չլսել ոչինչ, թե ինչ է կատարվում, քանի որ հետո չէր կարող ստանձնել դրա պատասխանատվությունը, չուներ դրա համար բավարար իշխանական ռեսուրս:

Նա իրական իշխանություն այդպես էլ չունեցավ եւ ապրիլի 23-ին հանձնեց ոչ թե իր իշխանությունը, այլ հանձնեց այն իշխանությանը, որն իրենը չէր, այլ որի գործող «քավության նոխազն» էր դարձել ինքը՝ անփոխարինելի նոխազը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache