ԱԱԾ-ն գիծ կքաշի ՀՀԿ-ում

174

1in.am — ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ինքը մտահոգվելու բան չունի ԱԱԾ պետի հայտարարությունից, թե առաջիկա օրերին լինելու են խոշոր կոռուպցիոն բացահայտումներ: ՀՀԿ խոսնակն ու ԱԺ փոխնախագահը հայտարարել է, որ ինքը 24 ժամ զբաղվել է քաղաքականությամբ: Էդուարդ Շարմազանովը միաժամանակ ասել է, որ եթե ԱԱԾ պետը ասում է, ուրեմն մի բան գիտե, քանի որ ԱԱԾ-ն լուրջ կառույց է: ՀՀԿ խոսնակի հայտարարությունն ունի ուշագրավ տողատակ: Նրա ակնարկը այն մասին է, որ ՀՀԿ այսպես ասած քաղաքական թևը չունի ԱԱԾ պետի հայտարարությունից մտահոգության առարկա, որի ներկայացուցիչ է նաև ինքը:

Ըստ այդմ, ովքեր 24 ժամ չեն զբաղվել քաղաքականությամբ, նրանք մտահոգվելու տեղ ունեն: Իսկ ՀՀԿ-ում, մեղմ ասած, բավականաչափ կան մարդիկ, որոնք չեն զբաղվել քաղաքականությամբ: Հիմա փաստորեն եկել է ժամանակը, երբ քաղաքականությունն է զբաղվելու իրենցով: Ընդ որում, այստեղ հնարավոր են ուշագրավ ու բազմազան մի քանի շերտեր, երբ ԱԱԾ բացահայտումները կարող են բերել մինչև անգամ ՀՀԿ զտման գործընթացի, որովհետև նրանք, ովքեր ունեն մտահոգվելու տեղիք, պետք է թերևս շտապեն նոր իշխանության հետ համաձայնության: Խոսքը իհարկե ստվերային համաձայնությունների մասին չէ, ԱԱԾ տնօրենի հայտարարությունը գրեթե բացառում է նման հավանականությունը: Խոսքը պետությունից յուրացվածը վերադարձնելու մեխանիզմի շուրջ համաձայնության մասին է, որը նրանց կտա համաներվելու հնարավորություն և կօգնի խուսափել քրեական պատասխանատվությունից, եթե չկա այլ ծանր հանցագործություն: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն, ըստ էության, նոր բաժանարար գծով է բաժանվում երկու մասի՝ նրանք, ովքեր մտահոգվելու պատճառ չունեն, և նրանք, ովքեր ունեն այդպիսի պատճառ: Հետևաբար, դա էլ իր հերթին նշանակում է, որ լինելու է առնվազն երկու տարբեր վարքագիծ:

Ըստ այդմ հարցը այն է, թե ով ինչպես է պահելու իրեն և որ հարցում, ու հանգելո՞ւ է բանն արդյոք ՀՀԿ դե յուրե տրոհման, թե, այդուհանդերձ, գործընթացը կծավալվի կուսակցության ներսում, և կոռուպցիոն բացահայտումների մասին ԱԱԾ պետի հայտարարությունը, ըստ էության, այսպես թե այնպես, կնպաստի ՀՀԿ-ում նրանց դիրքերի ամրացմանը, որոնք չունեն մտահոգվելու բան: Չի բացառվում նաև հակառակն իհարկե, երբ մտահոգվողների կամ մտահոգության պատճառ ունեցողների առաջ կարող է դրվել խնդիր ոչ թե անհատական, այլ կուսակցական վարքագծի մասով, և նրանք ստիպված լինեն ակտիվ ջանք գործադրել կուսակցությունում սեփական դիրքերը գերակա դարձնելու և այդպիսով ֆինանսատնտեսական համաներման շուրջ նոր ղեկավարության հետ քաղաքական համաձայնության գալու համար:

Ընդ որում, դա կլինի ոչ թե թաքուն, զարտուղի համաձայնություն, այլ շատ պարզ ու հասկանալի տրամաբանությամբ գործընթաց, երբ սուբյեկտները կհամաձայնեն վերադարձնել այն, ինչ տարել են պետությունից ու հանրությունից, փոխարենն իրենց կվերադարձնեն այդ պետության ու հանրության նոր կյանքում տեղի և դերի հնարավորությունը: Այսինքն՝ խոշոր հաշվով, ոչ ուղղակի, սակայն ԱԱԾ պետի հայտարարությունից ՀՀԿ քաղաքական թևի առաջնորդները, այդուհանդերձ, կարող են մտահոգության առիթ ունենալ, որովհետև նրանց կարող է սպասել թեժ մրցակցություն կուսակցության գերակա դիրքերի համար, նրանց հետ, որոնք ԱԱԾ բացահայտումից մտահոգվելու հիմքեր ունեն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache