ԱԱԾ-ն` հեղափոխության առաջնագծում. սպասվում են նոր բացահայտումներ

111

1in.am — Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկա օրերին նոր բացահայտումներ է խոստանում: Վանեցյանը լրագրողներին այս մասին ասել է Սարդարապատում` լակոնիկ ճեպազրույցի ժամանակ:

ԱԱԾ հակակոռուպցիոն բացահայտումները ինդիկատորային են դարձել Հայաստանի քաղաքական կյանքի համար: Դրանք մի կողմից, կապիտալացնում են հեղափոխության արդյունքները, մյուս կողմից` արթուն են պահում հեղափոխական ռեժիմը, որը խիստ անհրաժեշտ է առնվազն մինչև խորհրդարանական ընտրությունները` հեղափոխության քաղաքական հաղթանակը ֆորմալացնելու համար:

ԱԱԾ հակակոռուպցիոն պայքարը, Արթուր Վանեցյանի պարբերական դարձած հայտարարությունները լուծում են խիստ պրակտիկ խնդիրներ, որոնք նոր Հայաստանն իրականություն են դարձնելու ինստիտուցիոնալ, բովանդակային հարթության վրա:

Հակակոռուպցիոն, հակաօլիգարխիկ կամպանիան փոշիանցում է հակահեղափոխության ռեսուրսները, ինչի այսբերգային դրսևորմանը շուտով ականատես կլինենք խորհրդարանում, երբ ՀՀԿ խմբակցության ավելի մեծ թվով պատգամավորներ կցուցաբերեն ավտոնոմ վարքագիծ` նախկին իշխանությանը զրկելով նոր կառավարության հետ ուժի դիրքերից խոսելու, խորհրդարանի միջոցով ռևանշի հասնելու հնարավորությունից:

ԱԱԾ հակակոռուպցիոն կամպանիայի մյուս կարևոր հետևանքը պետք է լինի պետական գանձարան թալանված փողերի վերադարձը: Ինստիտուցիոնալ, համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ: Դրանք, առաջին հերթին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է գտնի երկրի ներսում` տնտեսության ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով: Հակակոռուպցիոն պայքարը, մի կողմից, կառավարության շուրջ կապահովի հասարակական կոնսոլիդացիա, մյուս կողմից` Հայաստանը միջազգային հանրության համար կդառնա վստահելի գործընկեր, ինչը կնպաստի միջազգային աջակցության ծավալների մեծացմանը և օտարերկրյա ներդրումներին:

ԱԱԾ-ն այսպիսով հայտնվել է հեղափոխության առաջնագծում` հանրային գիտակցության մեջ վերաարժևորելով իր դերակատարությունն ու առաքելությունը:



Загрузка...