ԱԱԾ-ն քանդեց հրեշավոր շղթան

117

ԱԱԾ-ն տեղեկություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը»:

Այս բացահայտումը կարող է առանցքային դառնալ մարտի 1-ի գործում: Մի քանի օր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը խոսել էր նաեւ մարտի 1-ին կիրառված զենքի ու կրակված փամփուշտների փորձաքննության մասին, որը կարող է լույս սփռել 10 մարդու սպանության վրա: Նա ասել էր, որ դա շատ դժվար է լինելու, բայց հույս կա, որ այդ զենքը կհայտնաբերվի:

Եվ ահա, ԱԱԾ-ն հայտնում է, որ հնարավոր է՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերված զենքը ստուգվում է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը պարզելու համար:

Հովիկ Արահամյանը 2008 թ. նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի ղեկավարն էր: Նրա անունը շոշափվում էր նաեւ օլիգարխների թիկնազորին զինելու եւ ցուցարարների դեմ օգտագործելու համատեքստում:

Հովիկ Աբրահամյանը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք դարձել էր քրեա-օլիգարխիկ համակարգի առանցքային ներկայացուցիչներից մեկը, ով նաեւ հավակնում էր իշխանությունը Սերժ Սարգսյանից «ժառանգելուն»: Սակայն նրա պլանները ձախողվեցին, նա հեռացվեց համակարգից: Բայց ուշագրավ է, որ մարտի 1-ի զենքը ի պահ էր տրված նրան, եթե պարզվի, որ դա այդ զենքն է:

Մյուս կողմից, հարց է առաջանում, թե ինչի համար է այդ քանակության զենքը պետական բարձրաստիճան պաշտոնյայի տանը: Եթե խոսքը պատերազմի մասին է, դրա համար կա բանակ, եթե ներքին անվտանգության խնդիր կա՝ դրա համար կան իրավապահ զանազան կառույցներ: Մնում է մի տարբերակ՝ անձնական կամ խմբային շահերի պաշտպանությունը, հանրության դեմ կիրառելը:

Եթե հայտնաբերված զենքը հենց մարտի 1-2-ին կրակած զենքն է, դա առանցքային պահ է գործը լիարժեք բացահայտելու հարցում: 10 մարդու սպանության հանգամանքների, հրաման տվողների ու կրակողների բացահայտումը «ամբողջացնում» է Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը, նկատի առնելով, որ ընդդիմախոսները հղում էին անում հենց սպանությունների հանգամանքներին: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանն ու համակարգի այլ ներկայացուցիչներ պնդում են, որ դրանք տեղի են ունեցել իշխանության ու ընդդիմության կողմից չվերահսկվող տարածքում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache