ԱԱԾ-ն մտավ Սերժ Սարգսյանից հետո

361

lragir.am — Մամուլում տեղեկություն է հրապարակվել Մանվել Գրիգորյանի հարազատներից մեկի հարսանիքին Տարոն Մարգարյանի մասնակցության մասին, որին բոլորը հարցրել են Երեւանի քաղաքապետարանում ԱԱԾ հատուկ գործողության մասին:

Այդ գործողությունն ԱԱԾ-ն իրականացրել է Երեւան հիմնադրամի նկատմամբ, որ գտնվում է քաղաքապետարանի շենքում: ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հիմնադրամի գործունեության մեջ քրեական պատասխանատվության ենթակա իրողությունների մասին տեղեկատվություն ունենալու եւ ըստ այդմ գործելու մասին

Երեւան հիմնադրամի գործունեության կոռուպցիոն ռիսկերի մասին Երեւանի Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները ահազանգել են տարիներ շարունակ, բայց ՀՀԿ բացարձակ իշխանությունը թույլ է տվել անգամ չքննել դրանք, կանխարգելել իրավապահների որեւէ մուտք հիմնադրամ:

Ներկայում նոր իրավիճակ է, ՀՀԿ-ն չունի իշխանություն եւ ԱԱԾ-ն մտել է քաղաքապետարան: Ի՞նչ կհայտնաբերվի այնտեղ, պարզ չէ: Մյուս կողմից, լիովին հավանական է, որ կարող է պարզվել հերթական բարձր քաղաքական մակարդակի կոռուպցիոն պայմանավորվածության մասին, որ կար օրինակ խոշոր առեւտրային ցանցերի դեպքում: Բոլորը կհայտարարեն, թե ոչ մի անօրինականություն կամ բացահայտում չկա, այլ Երեւան հիմնադրամը աշխատել է քաղաքական բարձր պայմանավորվածությունների եւ հովանու ներքո:

Այդ իմաստով, ի դեպ, խիստ ուշագրավ է, որ ԱԱԾ հատուկ գործողության նախօրեին՝ հունիսի 12-ին, ՀՀԿ ամբողջ վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոր՝ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին, նրա ծննդյան օրվա առիթով: Սերժ Սարգսյանի համար դա առաջին հրապարակային հայտնությունն էր ապրիլի 23-ի հրաժարականից հետո:

Գիտե՞ր Սերժ Սարգսյանը, որ հաջորդ օրն իսկ ԱԱԾ-ն մտնելու է քաղաքապետարան: Եվ արդյոք դրա համար չէ, որ հայտնվել էր հրապարակային միջոցառման՝ ոչ միայն Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առիթով նրա շիրմին այցելելու, այլ նաեւ Անդրանիկ Մարգարյանի որդուն ինչ որ բան հավաստիացնելու:

Բանն այն է, որ նախկին իշխող կուսակցության ներքին գործընթացում Տարոն Մարգարյանը հայտնվել է առանցքային դերում: Նա փաստորեն ներկայում միակ ՀՀԿ-ականն է՝ այսպես ասած ղեկավար շրջանակից, որ պահպանել է իր բարձր պաշտոնը, իր իշխանական դիրքը:

Տարոն Մարգարյանը պահեց իր դիրքը առաջին գրոհից հետո, թեեւ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ արեց հայտարարություններ, ցույց տալու համար, որ գրոհողը ինքը չէր: Փաշինյանը հայտարարեց, որ, երբ ինքը հորդորի, Տարոն Մարգարյանը այդ հորդորով կտա հրաժարական:

Այսպես, թե այնպես, Տարոն Մարգարյանը առայժմ «չպարտված» միակ բարձրաստիճան ՀՀԿ-ականն է: Դա էլ իր հերթին խորհրդանշական է դարձնում այն, որ Մարգարյանը ՀՀԿ հիմնադիրներից եւ առաջնորդներից մեկի որդին է, այսպես ասած «ժառանգականության» յուրօրինակ «իրավունքով»:

Իսկ ՀՀԿ պարագայում ներկայում դրված է այդ կուսակցության դե ֆակտո վերակազմավորման հարցը, ընդհուպ գուցե վերակազմակերպման, անգամ անվանափոխությամբ: Մարգարյանն այդ իմաստով ունի դիրքային զգալի առավելություն, քանի որ շատ թե քիչ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ ընկալումներով ձեւավորված, սակայն վարկանիշ ունեցող գործիչներից է:

Դա կարող է նրան հնարավորություն տալ իր հոր «տաճարից» դուրս քշել բոլոր «առեւտրականներին» ու «փարիսեցիներին» եւ հայտարարել, որ նրանք «ապականել» էին «տաճարն», ու այժմ ինքը մաքրում է այն:

Ինչպե՞ս կնայի դրան Սերժ Սարգսյանը: Որովհետեւ կան որոշակի նշաններ, որ ՀՀԿ «վերափոխումը» Սերժ Սարգսյանը տեսնում է Վիգեն Սարգսյանի, ոչ թե Տարոն Մարգարյանի միջոցով:

Տարոն Մարգարյանը Սերժ Սարգսյանի պլաններից դուրս է մնացել նույնիսկ դեռեւս իշխանության եղած շրջանում, ինչի դրսեւորումն էր այն, որ Սարգսյանը Երեւանի Ավագանի մուտքի իրավունք «տվեց» Երկիր Ծիրանի կուսակցությանը, որը Տարոն Մարգարյանի քաղաքապետական կյանքը վերածել էր «դժոխքի»:

Փաստորեն, ԵԾ-ին Երեւանի քաղաքապետարանում այժմ «փոխարինում» է ԱԱԾ-ն, ինչը կարող է հանգեցնել նրան, որ Տարոն Մարգարյանը կուսակցությունը «ժառանգելու» փոխարեն կամ առնվազն մինչ այդ «ժառանգի» Անդրանիկ Մարգարյանի կենսագրությունը՝ «քաղբանտարկյալության» մասով, այդպիսով դուրս մնալով ՀՀԿ ներքին պայքարից:

Ներքին հարցերը ՀՀԿ ներսում թեժացան հատկապես այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն սկսեց «քանդել» նախկին ներքին քաղաքական պայմանավորվածությունները եւ «չճանաչել» դրանք: Այդ հանգամանքն ըստ երեւույթին կուսակցության ներսում հարցեր է առաջացրել Սերժ Սարգսյանի հանդեպ, որը եղել է այդ պայմանավորվածությունների երաշխավորը: Հավանաբար այդ պատճառով էլ օրակարգից հանվել է կուսակցության նախագահի փոփոխության կամ նոր նախագահի հարցը, որը Սարգսյանը հորդորել էր քննարկել դեռեւս ապրիլի 25-ին:

Սարգսյանին ըստ երեւույթին բաց չեն թողնում, պահանջելով տեր լինել նախկին պայմանավորվածություններին եւ ապահովել դրանք: Այդ ֆոնին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին նրա այցելությունը կամ հրապարակ դուրս գալը ստացավ բազմիմաստ խորհրդանշականություն, հատկապես այն բանից հետո, երբ հաջորդ օրը ԱԱԾ-ն հատուկ գործողություն սկսեց քաղաքապետարանում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache