ԱԱԾ-ն ժամանակ է տվել. ԱՄՆ-ն ու Ռուսաստանն արել են իրենց գործը

324

lragir.am — ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան ԱԱԾ պետի հայտարարության մասին հարցի հորդորում է սպասել բացահայտումներին: ԱԱԾ պետը հայտարարել էր, որ մայիսի 23-ից կլինեն կոռուպցիոն խոշոր սխեմաների բացահայտումներ, թե ինչպես են տարբեր անձինք 350 տարբեր քաղաքացիների անունով բացել ընկերություններ ու հարստացել պետության եւ հանրության հաշվին:

Թե քանիսն են այդ անձինք, որոնք օգտագործել են այն 350-ին, ԱԱԾ պետը չէր ասել: Բայց, ասվածն արդեն իսկ աննախադեպ է, որովհետեւ հանրայնորեն խոստացվում է բացահայտել շատ կոնկրետ սխեմա: Ընդ որում, դա աննախադեպ է ոչ միայն իբրեւ հայտարարություն-խոստում, որի առաջ հեղինակն այլեւս պատասխանատու է կոնկրետ գործով:

Հայտարարությունն աննախադեպ է նաեւ նրանով, որ ԱԱԾ պետը կամա թե ակամա փաստորեն «ժամանակ» է տալիս նրանց, ովքեր բացահայտվելու են: Հանրությանը չի ասվում, թե նրանք ովքեր են, բայց ովքեր օգտագործել են այն 350-ին, անկասկած գիտեն, որ ԱԱԾ-ն գիտե այդ մասին:Հետեւաբար հետաքրքիր է դառնում, թե ինչու՞ է տրվում այդ «ժամանակը»: Նրանք «փախչելու»  տեղ չունեն այլեւս եւ դա՞ է պատճառը, որ ԱԱԾ պետը շատ հանգիստ ու վստահ հայտարարում է առաջիկա օրերից սկսվող բացահայտումների մասին, թե՞ հրապարակային հայտարարության ներքո կա զուգահեռ այլ գործընթաց, գործընթացի բնականաբար ոչ հրապարակային մաս, որտեղ գուցե առկա է որոշակի բազմաշերտ իրողություն, եւ հրապարակային հայտարարությունը ուներ հենց այդ բազմաշերտ իրողություններում ԱԱԾ կամ ավելի լայն՝ քաղաքական նոր ղեկավարության դիրքերն ամրացնելու նպատակ:

Ուշագրավ է այն, որ ԱԱԾ պետը հայտարարել էր, թե գործընթացը կամ բացահայտումները կսկսեն մի քանի օրից, երբ ինքը կմեկնի Ռուսաստան ու կվերադառնա: Ռուսաստան մեկնելը նա անմիջականորեն չէր կապել իր հայտարարած բացահայտումների խնդրին: Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Սանկտ-Պետերբուրգ մեկնում է հակահետախուզությունների ղեկավարների հավաքին մասնակցելու համար:

Այսինքն, խոսքը կարծես թե պլանավորված միջոցառման մասին է, ուր նա մեկնում է ի պաշտոնե:

Բայց բոլոր դեպքերում ուշագրավ է, որ բացահայտումների «մեկնակետ» դիտարկվում է Ռուսաստանի այցին հաջորդող օրը: Իհարկե պարզունակ է մտածել, թե խնդիրը այդ բացահայտումների համար Ռուսաստանի հավանությունը ստանալն է: Այդպիսի խնդիր լինելու դեպքում նաեւ հրապարակային հայտարարությունը կարվեր Ռուսաստան այցից հետո:

Ըստ ամենայնի խնդիրն առնչվում է մասշտաբների վերջնական հստակեցմանն ու «սլաքների ճշգրտմանը», որովհետեւ կասկած չկա, որ կոռուպցիոն սխեմաները չէին կարող սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այն բավական փոքր է եւ ըստ այդմ բավական բարդ կլիներ թաքցնել կամ կորցնել հետքը միայն Հայաստանի տարածքում:

Իսկ դրանից դուրս մասշտաբներում Հայաստանի անվտանգության կառույցներն ու հատուկ ծառայությունները հասկանալիորեն ունեն «հասանելիության» խնդիր բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով: Այդ խնդիրը չունեն եզակի պետությունների հատուկ ծառայություններ, եւ այդ իմաստով խիստ հատկանշական է ոչ միայն Ռուսաստան այցի հանգամանքը, այլ նաեւ ԱԱԾ պետի պարզաբանումը ԱՄՆ հետաքննական խմբի ժամանման հետ կապված, որի վերաբերյալ հրապարակումներ էին եղել հայկական մամուլում:

ԱԱԾ պետը չի հաստատել այդ տեղեկությունը, սակայն հետաքրքիրն էլ հենց այդ է, որ այն հերքվում է միայն բազմաթիվ օրեր անց, եւ միայն անսպասելի «բացահայտումների» խոստմանը «զուգահեռ», ինչը թողնում է տպավորություն, որ ամերիկյան հետաքննական խումբը «արել է իր գործը»՝ դարձյալ բուն, թե պատկերավոր իմաստով, ու այն կարող է «հեռանալ»:

Այդպիսով, փաստացի ստացվում է, որ ԱՄՆ ու Ռուսաստանը «արել են իրենց գործը», եւ ԱԱԾ պետն ըստ երեւույթն «ժամանակ» է տվել որոշ մարդկանց գիտակցելու, թե ինչ մասշտաբում է խնդիրը եւ որքան է անիմաստ դիմադրության մասին մտածելը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache