Լրահոս

ԱԱԾ ուշագրավ ակնարկը Իգլայի վերաբերյալ. Որտեղ է պոչը

 

Ազգային անվտանգության ծառայությունը նոր հայտարարություն է տարածել արդեն հայտնի Իգլայի գործի վերաբերյալ, որի շրջանակում ձերբակալվել է նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: ԱԱԾ նախորդ հայտարարության մեջ նշվում էր, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերված Իգլա զինատեսակի ներկրման համար ձերբակալված անձինք հայտարարել են, թե ներկրել են Սամվել Բաբայանի պատվերով:

 

ԱԱԾ նոր հայտարարությունը, որ Իգլայի ներկրման եւ Բաբայանի ձերբակալության մասին երկու հայտարարություններից հետո երրորդն է, պարունակում է ձեւակերպումներ, որոնք առաջացնում են հարցեր:Մասնավորապես, ԱԱԾ հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի իրավապահների հետ համատեղ կատարվում է աշխատանք՝ «հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու» համար:

Հարց է առաջանում, թե արդյոք կասկած կա, որ Իգլան Հայաստան է ներկրվել ոչ հայ-վրացական սահմանով: Թե՞ խոսքն ընդամենը իրավական անհրաժեշտ եւ տրամաբանական գործողությունների մասին է, երբ ստացված նախնական տեղեկությունն ունի ստուգման անհրաժեշտություն:Համենայն դեպս ուշագրավ է, որ ԱԱԾ հայտարարության մեջ օգտագործվում է «հավաստիությունը ստուգել», ոչ թե «պարզել» արտահայտությունը: Դրանից բացի, ԱԱԾ նոր հայտարարության մեջ Իգլայի վերաբերյալ օգտագործվում է «մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստ» արտահայտությունը:Այսինքն, ստացվում է, որ ԱԱԾ համար փաստ է, կասկածի ենթակա չէ, որ զինատեսակը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է Հայաստան:Այժմ հայտարարվում է այդ փաստի «հայ-վրացական սահմանով անցկացնելու» նախնական տվյալը ստուգելու մասին: Ի՞նչ կստացվի, եթե ստուգումը պարզի, որ զինատեսակը հայ-վրացական սահմանով չէ անցկացվել: Այդ դեպքում որտեղո՞վ, ի՞նչ ճանապարհով կարող էր զինատեսակը Հայաստանում հայտնվել «մաքսանենգ տեղափոխումով», ուրիշ ի՞նչ սահմանով:

Մյուս կողմից, հայ-վրացական սահմանի մասով փաստի ստուգման տակ ըստ երեւույթին այլ գործընթաց է, որը պարզապես պահանջում է բավական նուրբ եւ հավասարակշռված իրավական ձեւակերպումներ, քանի որ խոսքը վերաբերում է միջպետական հարաբերությանը:Ի դեպ, այդ մասով, Իգլայի մասին առաջին հայտարարության մեջ արդյոք ԱԱԾ-ն կարող էր թույլ տալ անզգուշություն եւ խոսել Վրաստանի տարածքից ներկրված լինելու մասին, եթե կար դրա վերաբերյալ փոքր ինչ կասկած:
Չէ՞ որ խոսքն այս դեպքում այլ պետության մասին է, հետեւաբար Վրաստանը կարող էր Հայաստանից պահանջել տվյալներ, որոնք կհաստատեն զինատեսակն իր տարածքով ներկրված լինելու փաստը: Կարո՞ղ էր Հայաստանի ԱԱԾ-ն, չունենալով հավաստի փաստարկ եւ ապացույց, առաջին իսկ հայտարարության մեջ անզգուշաբար տալ Վրաստանի անունը:Թե՞ խոսքն ընդհանրապես հայ-վրացական օպերացիայի մասին է, եւ Հայաստանի ԱԱԾ-ն Իգլայի ներկրումը բացահայտել է հենց Վրաստանի հատուկ ծառայության աջակցությամբ, իսկ այժմ Հայաստանի եւ Վրաստանի իրավապահները փորձում են պարզել նաեւ, թե այդ Իգլան որտեղից է հայտնվել Վրաստանի տարածքում: Ի վերջո, իրերի այդպիսի դասավորության պարագայում ստացվում է, որ առկա է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Վրաստանի ազգային անվտանգությանն առնչվող խնդիր:Իրավիճակն իսկապես բավական նուրբ է եւ բարդ, քանի որ այդ պարագայում ի վերջո կարող է առաջանալ մեկ այլ հարց՝ իսկ արդյոք երկու երկրների շահն այս դեպքում կարող է շղթայի մինչեւ վերջ բացահայտումը լինել նույնական, թե՞ ինչ որ պահից կարող է առաջանալ տարբեր մոտեցում, եւ նրանցից մեկն օրինակ շահագրգռված լինի մինչեւ վերջ գնալու հարցում, իսկ մյուսը՝ կանգ առնելու:
Դա իհարկե կախված է այն բանից, թե ի վերջո ով եւ ինչ նպատակով է ներկրել Իգլան, ինչ շրջանակի նախաձեռնություն է եղել դա եւ ինչ ծրագիր է ենթադրել, որտեղ է ծրագրի «գլուխը», իսկ որտեղ՝ «պոչը», Հայաստանում հայտնաբերվել է ամբո՞ղջը, թե՞ միայն գլուխը, իսկ «պոչը» չի հասցրել անցնել սահմանը, եվ հիմա Հայաստանն ու Վրաստանը փորձում են պարզել, թե որտեղ է այն:

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing