good-banner
Լրահոս

Աչքեր հանող, կաշի քերթող, գնդակահարող, բռնաբարող տեսակը ո՞նց կհանդուրժի

 

arm148708016363

Մեր զրուցակիցն է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը

Տիկին Թուխիկյան, 2016-ի վերջին օրը Հաց բերող Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց, սակայն հիմա երկամսյա կալանքի տակ է: Հաշվի առնելով նրա հանդեպ հանրային աջակցությունը՝ ինչո՞ւ էր պետք նախընտրական շրջանում նրան կալանավորել:

Գիտեք, Արթուր Սարգսյանը իր մտածված, կամավոր քայլով վերականգնել է մեր հասարակության մեջ Մարդու բարոյական, քրիստոնեական տեսակը, կերպարը: Մենք տեսանք, որ աղճատված արժեհամակարգը չի կարող իսպառ վերացնել անձնազոհության գնով մարդասիրությունը և գթությունը վերահաստատելու պահանջը և կարողությունը: Մենք միշտ դժգոհում էինք, որ այսօր չկան հերոսներ: Այդ հերոսներին մենք գտանք ռազմի դաշտում: Ճիշտ է, հերոսություն անելը նրանց` զինվորների, նաև առաքելությունն է: Իսկ քաղաքացիական կյանքում մենք վաղուց հերոսներ չունենք: Մեր արվեստը՝ գրականությունը, երաժշտությունը, կերպարվեստը, կինոն այսօրվա հերոսական-քաղաքացիական տիպար չուներ: ՀԱՑ ԲԵՐՈՂԸ կդառնա այդ տիպարը: Եվ ինչքան նրա նկատմամբ իրավապահ մարմինները կամ հայկական «արդարադատությունը» ճնշիչ քայլեր կատարի, ակամայից նրան առավել կհերոսացնի:

Գուցե նորից կալանավորելու հրաման տվողը ներքուստ հենց սա է ուզեցել`ՀԱՑ ԲԵՐՈՂԻ կերպարը զարտուղի ճանապարհով առավել պարուրել լույսով: Եթե այդպես է, ապա դա հաջողվել է: Կամ գուցե կալանավորելու պատճառը խանդն է Արթուրի նկատմամբ: Այն տեսակը, որ երբեք հասարակության կողմից չսիրվեց ու չընդունվեց, այդ տհաճ տեսակը ուրիշ տարբերակ չունի, քան կոպտությունը: Եվ սա վրեժ է ոչ միայն ՀԱՑ ԲԵՐՈՂԻՑ, այլև բոլոր նրանցից, ովքեր, ի դեմս Արթուրի, գտել են իրենց այսօրվա հերոսին: Նրան կարող են ազատազրկել, գնդակահարել, տեղափոխել ԵԱՏՄ անդամ այլ երկրի բանտ, չէ՞ որ մենք հիմա մեկ ընդհանուր բանտ ունենք: Ոչինչ չի օգնի: ՀԱՑ ԲԵՐՈՂՆ այլևս հավաքական կերպար է:

Հիմա, նրա կողքին հիշեք գլուխ ջարդող, աչք հանող, ցեղասպանության 100-րդ տարելիցին հուշահամալիրում քրքջացող (ի դեպ, նրանք հայ կանայք էին` ուսուցիչներ, պատգամավորներ և այլն), սեփական երկար եղունգներով նորից աչքեր հանող, կաշի քերթող, գնդակահարող, բռնաբարող տեսակը: Հիմա այս տեսակը ո՞նց հանդուրժի Արթուր Սարգսյանի մարդկային հմայքը:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ փոխեցին հուլիսյան դեպքերը մեր իրականության մեջ, արդյոք քաղաքացին ավելի պահանջատե՞ր է դարձել, այնքան է փոխվել, որ այլ որակի ընտրություններ կունենանք և այլ արդյունք կարձանագրենք՝ հասնելով համակարգափոխության:

Հուլիսյան դեպքերը շատ բան են փոխել նրանց համար, ովքեր ընդունակ են մտածելու, փոխվելու և փոխելու: Թե հասարակության քանի տոկոսն է այդպիսին, չեմ կարող ասել: Իսկ ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպիսին եղեն են: Ռեյտինգային ցուցակները` վկա:

Ընդհանրապես հանրային պահանջ կա՞ փոփոխությունների:

Հանրային պահանջ կա այն պարագայում, երբ քաղաքացին իր կյանքի որակի վատթարացման մեջ տեսնում է պատճառահետևանքային կապ ընտրությունների հետ կապված: Իսկ ով այդ կապն ունակություն չունի տեսնելու, ուզում է փոփոխություն, բայց չի գիտակցում, որ ինքը գործ ունի անելու, որ իր ընտրությամբ պատասխանատու է դրա համար:

Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը նախընտրական այս փուլում, արդյոք տեսնո՞ւմ եք առողջ մրցապայքար: Նշվում է, որ այս ընտրապայքարում չկա գաղափարական հենք:

Թերևս մեկ դաշինքի դեպքում: Մյուս դեպքերում «մրցապայքարը» կարծում եմ հերթական անտաղանդ մարիոնետային բեմադրությունը կլինի:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...