Առանց կատեգորիա

Ադիբեկյանը հայտնեց`քանի ուժ է անցնելու խորհրդարան, և ով է լինելու երրորդը

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց այսօր բոլորիս հուզող օրակարգային թիվ մեկ հարցին՝ քանի քաղական ուժ է անցնելու խորհրդարան, և ով է լինելու երրորդը։

Ա. Ադիբեկյանի խոսքով՝ այսօրվա պայքարը նրանով է հետաքրքիր, որ քարոզչության ընթացքում 32%-ի մոտ քարոզի հիման վրա փոխվել է կարծիքը: Մյուս կողմից՝ընտրողների 17%-ը դեռ կողմնորոշում չունի, թե ում է ընտրելու: Նա հայտնեց, որ ընտրությունների արդյունքները կառուցված են ներքոհիշյալ երեք գործոնների վրա` ռեյտինգային թեկնածուների վարկանիշ, ուժ, ազդեցություն, կազմակերպչական ռեսուրս և հիմնականում ընտրողների քանակ:

«Սիստեմային տեսությունում գոյություն ունի «սահմանափակող գործոն» հասկացությունը, այսինքն՝ դու ունես 49%, քեզ պակասում է 1 % +1։ Այդ 1+1-ը չնայած փոքր թիվ է, բայց նշանակալից։ Ուստի, քաղաքական ուժը, ստանալով ձայների ընդամենը 1%-ը, մյուս քաղաքական ուժի միջոցով կարող է դառնալ մեծամասնություն և այդպիսի հետաքրքիր ձևով անցնել խորհրդարան» ,- ասաց Ա.Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի` ներկայիս ընտրակարգում բավականին պարադոքսալ դրվագներ կան։ Առաջինը՝ ինչքան շատ լինի ձայների քանակը, այնքան կբարձրանա շեմը։ Եթե 1 միլիոն ընտրող գա, դա 50-70 հազար է, իսկ 1 մլն 200 հազար ընտրողների մասնակցության դեպքում թվերն աճում են՝ վերածվելով 60-84 հազարի:

Քաղաքական ուժը՝ լինի դա դաշինք, թե կուսակցություն, քաղաքակական պայքարի մեջ մտնելով, գոնե պետք է պատկերացում ունենա հնարավոր ընտրության մասնակիցների թվի վերաբերյալ, որպեսզի կարողանա ապահովել իր 5 կամ 7 %-ը։

Այսինքն՝ եթե քաղաքական ուժը չգիտի, թե որքան ընտրող է մասնակցություն ունենալու, նա չի կարող անցնել խորհրդարան։

Որպես երկրորդ կարևոր չափորոշիչ, նա առանձնացնում է հետևյալը՝ եթե ընտրողների թվաքանակը նվազում է, ապա մեծանում է 2 կարևոր խաղացողների ծավալը, և մյուս ուժերի համար տեղ չի մնում։ Ուստի, ըստ իրենց կողմից արված սոցիոլոգիական ուսումնասիրությունների` օպտիմալ հաշվարկներով իրենք դիտարկել են այն հավանական դեպքը, որ 2 խաղացողները կստանան ձայների մոտ 80 %-ը՝ համապատասխանաբար 45% և 35%-ներով, և ազատ կմնա ձայների ընդամենը 20%-ը։ Այդ 20%-ը ավելացնելու դեպքում, շեմային թվերը կփոխվեն։ Ավելի պարզ ասած՝ 20%-ն իրենից կներկայացնի 2 դաշինք և 1 կուսակցություն, կամ 1 դաշինք և 2 կուսակցություն։

Ինչ վերաբերում է կարևոր հարցին, թե ով կլինի 3-րդ-ը, Ա.Ադիբեկյանի խոսքով՝ իրենց տվյալներով 3-րդ տեղի համար հավակնում են. 1. «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, 2. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ), 3. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը (ՕՐՕ), 4. «Ելք» դաշինքը։

Նա վերոնշյալ տվյալները բացատրում է այսպես. «Հայկական վերածնունդը» և Հայ հեղափոխական դաշնակցությունն ունեն սոցիալական հենք. դա համայնքներն են, որոնց ղեկավարներն իրենց կուսակցության ներկայացուցիչներն են և բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել ՏԻՄ ընտրություններին։

«Հայկական վերածնունդը» տարբեր համայնքներում ունի 166 ավագանու անդամ։ ՀՅԴ-ն ունի մոտ 30 համայնք։ Նրան բավական է հավաքել ձայների 2,5 տոկոսը, որին այդ 30 համայնքներից ստացված ձայները գումարելու դեպքում ՀՅԴ-ն կընտրվի։

Ինչ վերաբերում է ՕՐՕ-ին, ըստ Ա. Ադիբեկյանի, իրենց ուսումնասիրություններով Րաֆֆի Հովհաննիսյանն ունի ստաբիլ վարկանիշ, որը 8%-ից չի իջնում, և եթե այդ 8%-ին գումարվեն Օհանյանի և Օսկանյանի ձայների 1%-ը, իրենք որպես դաշինք կանցնեն: Ըստ Ա. Ադիբեկյանի`« Ելքն» աշխատում է ընտրողների հոգնածության վրա, խորտակվողները փորձում են ձեռքերը գցել փրփուրներից,« Ելքն» այդ փրփուրն է:

Ա. Ադիբեկյանը կարևորում է վարկանիշային թեկնածուների ֆակտորը։ Ըստ նրա՝ հայաստանյան ընտրողների ձայնին արժանանալու համար ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուն պետք է ունենա հետյալ 5 հատկանիշները. 1. լինի կրթված, 2. լինի տղամարդ, 3. լինի հարուստ, 4. լինի բարեգործ, 5. ունենա հեղինակություն։ Այս 5 գործոնները «ձգող» են՝ ըստ բանախոսի, և կախված այն հանգամանքից, թե ՀՀԿ-ն և Ծառուկյան դաշինքը քանի այդպիսի թեկնածու են առաջադրել իրենց ռեյտինգային ցուցակում, կորոշվեն նրանց ձայները։

Ա. Ադիբկյանի խոսքով, ի տարբերություն սոցիոլոգիական ուսումնասիրություններ կատարող այլ կազմակերպությունների, իրենք ընդհանուր ձայների բաշխվածության հետ համադրում են նաև կազմակերպչական և այլ ռեսուրսները։

Սոցիոլոգը նշեց, որ երկրորդ գործոնը կազմակերպչական ռեսուրսն է։ Այս ընտրություններում առանձնացվել է մոտ 2000 ընտրատեղամաս, և միայն ՀՀԿ-ն այդ բոլոր ընտրատեղամասերում ունի ընտրական շտաբներ։ Մի քիչ մոտ է այդ թվին Ծառուկյան դաշինքը։

Նրա խոսքով՝ 5-րդ տեղի համար պետք է պայքարեն Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և Ազատ դեմոկրատները։ Սակայն ազատ դեմոկրատներն առկա մոտ 2000 ընտրատեղամասերից ընդամենը 110 շտաբ ունեն, նրանց հաշվարկներով՝ յուրաքանչյուր շտաբից ստանալու են մոտ 500 ձայն, բայց այդ պարագայում նրանք չեն կարողանա հաղթահարել շեմը, քանի որ նվազագույնը 700 հազար ձայն պետք է ստանան դրա համար։

Ըստ նրա` եթե ՀՅԴ-ն ստանա ձայների 5%-ը, ՀՀԿ-ի 45,5% տոկոսի հետ միասին նրանց ձայների թիվը կհասնի 51,5% և նրանք կդառնան կոալիցիոն մեծամասնություն: Իսկ հակառակ դեպքում, եթե ՀՅԴ-ն չստանա վերոնշյալ 5%-ը և ՀՀԿ-ն չգտնի կոալիցիոն անդամ, ապա Ծառուկյան դաշինքի հավակնությունները կտրուկ կմեծանան: Բայց հայտնի է, որ մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են, որ ընտրվելու դեպքում Ծառուկյան դաշինքի հետ դաշինք չեն կազմի: Այդ դեպքում հավանական է, որ կլինի ընտրությունների երկրորդ փուլ շեմն անցած քաղաքական ուժերի միջև: «Որքան էլ տարածում են, թե սա ոչ թե գաղափարական, այլ տնտեսական ընտրություններ են, այդպես չէ. սա իր չափի մեջ նաև գաղափարական ընտրություններ են» ,- հայտնեց Ա. Ադիբեկյանը:

Մարիաննա Եղիազարյան



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing