Լրահոս

Ադրբեջանցի երգչուհին Հայաստանում հանդես կգա համերգով

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական ծագում ունեցող Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկը՝ Գուգուշը (քաղաքացիական անունը Ֆաիեգ Աթեշին) Instagram–ի իր էջում գրառում է կատարել օգոստոսի 31–ին Երևանում կայանալիք համերգի մասին: Երգչուհին իր այդ գրառումը վերնագրել և առանձնացրել է՝ «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով:

Տեղեկացնենք, որ հայտնի երգչուհու այցը Հայաստան մի քանի առումով է հետաքրքիր: Նախ, որ այն հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: 2011–ին, երբ Բաքվում փորձել են կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվել է Ադրբեջան մեկնել առանց իր հայ ընկերոջ, որի պատճառով էլ համերգը չեղյալ է հայտարարվել: Այսինքն, իրանցի արտիստը ազգությամբ հայ զուգընկեր ունենալու պատճառով արդեն իսկ հասցրել է ադրբեջանական սև ցուցակում գրանցվել, ինչը նշանակում է, որ այլևս չի կարող այդ երկիր մեկնել:

Բայց սա, կարծես թե, այնքան է ազդել ադրբեջանական կողմի վրա և հիմա էլ սեփականատիրական զգացումից ելնելով մտածում են, որ հայտնի երգչուհին այնուամենայնիվ իրենցն է և չի կարող Հայաստանում համերգ տալ:

Ի դեպ, 2000 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո սա Գուգուշի առաջին համերգն է նախկին ԽՍՀՄ–ի տարածքում: Հայաստանից հետո, սեպտեմբերի 3–ին երգչուհին ելույթ կունենա նաև Վրաստանի մայրաքաղաքում:

Անշուշտ այս համերգը նշանակալի իրադարձություն է ոչ միայն հայկական շոուբիզնեսի, այլև հանդիսատեսի համար, քանի որ նման հայտնի աստղի ցանկացած ելույթ տարբեր ուղղություններով միանգամից մի քանի շղթայական ռեակցիաներ է առաջացնում: Առավել ևս, երբ նրա իրանցի բազմահազար երկրպագուները այս համերգին ներկա գտնվելու համար պատրաստ են բավականին մեծ գումարներ ծախսել:

Ի դեպ, Մարզահամերգային համալիրում համերգի տոմսի գները սկսվում են 75 դոլարից, իսկ VIP տոմսերի արժեքը 600 դոլար է:

«Փաստը» փորձեց հասկանալ, թե ովքեր են կազմակերպիչները և արդյոք սա կրկին այն դեպքը չէ՞, երբ կարող է բավականին բարձր գնով տոմսեր վաճառվել ու հետո, համերգի օրը հայտարարվել, թե երգչուհին չի կարող համերգ տալ ու հանդիսատեսի համար տոմսերի վճարված գումարը հետ ստանալը կրկին դառնա հերթական քաշքշուկի առիթ:

«Բուլու–Արթ» ընկերության ներկայացուցիչը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ Գուգուշն այն երգչուհին չէ, որ նման կերպ վարվի իր հանդիսատեսի հետ: Նա ասաց նաև, որ բազմաթիվ մարդիկ են այցելելու Հայաստան միայն նրա համերգին ներկա լինելու համար: Այնպես որ, նախինում տեղի ունեցած դեպքերը պետք չէ նույնացնել Գուգուշի նման աշխարհահռչակ երգչուհու հետ, քանի որ նա բոլորովին այլ որակի արտիստ է:

«Նման բան չի կարող լինել: Բացառվում է: Մի քիչ լավատես եղեք, պետք չէ նման բաներ մտածել»,– ասաց ընկերության ներկայացուցիչը: Ինչու են տոմսերի գներն այդքան բարձր հարցին նա պատասխանեց, որ Գուգուշի դեպքում դա նորմալ գին է: Ի դեպ, ըստ մեր զրուցակցի, 600 և 400 դոլարանոց ամենաթանկ տոմսերը, որոնք ընդամենը 100–ական հատ են ամենաարագն են սպառվել և այս պահին արդեն մոտ 20–ական տոմս է մնացել վաճառքում: Նա նաև տեղեկացրեց, որ համերգի հայաստանյան կողմի կազմակերպիչը «Մարկ փրոդաքշն» ընկերությունն է:

«Փաստը» կապ հաստատեց նաև նրանց հետ, պարզելու, թե իրականում իսկապե՞ս տոմսի գներն այդքան թանկ են, և արդյո՞ք հայկական ընկերությունը չի սահմանել նման բարձր գինը: «Ոչ, մենք միայն տեխնիկական մասն ենք ապահովում: Տոմսի գները մենք չեն սահմանել: Մենք ընդամենը ընդհանուր կազմակերպչական մասն են, իրականացնում: Բայց ասեմ, որ Գուգուշի նման հայտնի երգչուհու դեպքում դա թանկ չի համարվում: Ի դեպ, Վրաստանում տոմսերի գները 90 դոլարից են սկսվում»,– ասաց ընկերության աշխատակիցը: Գուգուշի համերգի շուրջ բարձրացած անհավանական մեծության հասնող ալիքը շարժել է նաև որոշ մարդկանց հետաքրքրությունը: Եվ հատկապես նրանք, ովքեր լեգենդար երգչուհու մասին ոչինչ չգիտեն կամ էլ շատ քիչ բան գիտեն, սկսել են զարմանալ, թե ինչու է նման աժիոտաժ բարձրացել: Նման անտեղյակների տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար հաղորդավար պրոդյուսեր Արա Ղազարյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է: «Ժողովուրդ, ախր 2017 թիվն ա: Ինտերնետ, գուգլ կա: Ախր մի հատ փնտրեք, գտեք, կարդացեք, հետո ավել պակաս գրեք: 80 միլիոնանոց ազգի աստվածուհի ա Գուգուշը: Մուղամ կամ արևելյան երաժշտություն չեմ սիրում, մեքենայիս մեջ չեմ լսում, բայց անձամբ գնացել ու տեսել եմ, թե ինչպես ա 8000 անոց դահլիճը ոտքի վրա 2 ժամ անգիր երգում նրա բոլոր երգերը: Իրանում նա արգելված ա…»:

Տեղեկացնենք նաև, որ բացի մշակութային իրադարձությունից Գուգուշի Հայաստան այցը ամենայն հավանականությամբ կդառնա համաշխարհային մամուլի կողմից ամենալուսաբանվածներից մեկը, քանի, որ նա իրոք բազմաշերտ և ինքնատիպ անհատականություն է և այս գործոնը թե՛ քաղաքական և թե՛ այլ նկատառումներից ելնելով չի կարելի անտեսել:

Հավելենք նաև, որ Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ հաստատվեցին կրոնական կարգեր, Գուգուշին արգելեցին ոչ միայն երգել, այլև՝ երկրից դուրս գալ: Երկար տարիներ այդ պայմաններում ապրելուց հետո, 2000 թվականին նրան վերջապես հաջողվեց մեկնել ԱՄՆ և հաստատվել այնտեղ: Եվ չնայած Իրանում ապրող քաղաքացիների գրեթե երկու սերունդ չի տեսել նրան, սակայն ավագ սերնդի կողմից Գուգուշի հանդեպ ունեցած մեծ սերն ու համակրանքը հանգեցրել է նրան, որ բոլոր սերունդներն անգիր երգում են նրա երգերը:

Իսկ անցյալ դարի 70–ականներին Գուգուշը ԽՍՀՄ–ում հայտնի դարձավ պարսիկ ռեժիսոր Փարվիզ Սայադի «Երկար գիշեր» ֆիլմից հետո, որը ցուցադրվեց նաև Հայաստանում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing