good-banner
Լրահոս

Ադրբեջանցիները ֆիլմ են նկարահանել «իրենց» Երևանի մասին

 

3815722

Ադրբեջանը վավերագրական ֆիլմ է նկարահանել, որտեղ ասվում է, թե Երևանն իրենց մշակութային տարածքն է, իսկ հայերը փորձում են թաքցնել ճշմարտությունը: Ոչ մի հիմնավորում չունեցող ապատեղեկատվությանը հայաստանյան փորձագետները հորդորում են լուրջ չվերաբերվել՝ «եթե բանավեճի մեջ ես մտնում հիմարի հետ, իջնում ես նրա մակարդակին» պատճառաբանությամբ:
Ադրբեջանական ախորժակը միայն Լեռնային Ղարաբաղով չի սահմանափակվում. հիմա էլ երևակայական ճամփորդություն են սկսել դեպի Երևան:

«Էրիվան. թաքցրած ճշմարտություններ». Խոսքն այս ֆիլմի մասին է, որի պրեմիերան օրերս կայացել է Ադրբեջանում: Սրա մասին առաջինն ընթերցել է «Ազգ» օրաթերթի իմ գործընկերը՝ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական կայքում:
Բավական է այցելես այդ կայքէջ ու քեզ կթվա, թե ադրբեջանական կյանքն անհետաքրքիր կլիներ առանց Հայաստանի գոյության: Դեսպանատան պաշտոնական կայքում կա խորագիր` «Ադրբեջանի մասին» անվամբ, երբ փորձում ես մտնել այդ խորագրով, բացվում է Ադրբեջանի արտգործնախարարության կայքը, որտեղ ենթավերնագիր կա՝ «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ»: Այդտեղ էլ ընթերցողի առջև բացվում է ամբողջ ապատեղեկատվությունը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ եվրոպացիներին բնավ դուր չի գա դեսպանատան կայքում նմանօրինակ նյութեր կարդալը: «Եվրոպացիներին խրտնացնում է, երբ ինչ-որ դեսպանատան կայքում ագրեսիվ նյութեր է գտնում: Այսօրվա քաղաքակիրթ աշխարհը չի ընդունում էթնիկ բնույթի մեղադրանքները, դա ընկալվում է որպես ֆաշիզմ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմում հայկական դերակատարությանը, ապա Մարտիրոսյանը կարծում է՝ հակառակորդի քարոզչական գործողություններին առհասարակ ճիշտ է պատասխան տալը, բայց ոչ բոլոր դեպքերում: «Դեպքեր կան, երբ սիմետրիկ պատասխանը ավելի վնասակար է, որովհետև եթե դու մտնում ես բանավեճի մեջ հիմարի հետ, դու նրա մակարդակին ես իջնում, իսկ կողքից նայողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նա այնքան հիմար չէ, ինչքան տպավորություն է գործում: Մենք այդ հարցերում չպետք է ուղիղ առճակատման մտնենք»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը: Չնայած տեղեկատվական պատերազմում Ադրբեջանն ավելի շատ է աշխատում քանակի վրա, բայց մի պարզ ճշմարտություն կա՝ եթե Հայաստանով հետարքրվողը սկսի իտերնետային նյութեր փորփրել, ամբողջ իրականությունը նրա համար պարզ կդառնա: Իսկ Հայաստանի մասին հետաքրքրվելու առիթներ լինում են: Օրինակ՝ հայաստանյան ինտերնետային պատմության մեջ ամենաշատը «Արմենիա» բառը փնտրեցին հանրահայտ Դեն Բրաունի «Ինֆերնո» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը դիտելուց հետո:

«Այնտեղ պահ կա, որտեղ պատին Հայաստանի քարտեզն է, իսկ հետևում գաղտնի դուռ է: «Google»-ում երբեք այդքան շատ «Արմենիա» բառը չեն փնտրել, որքան այդ ֆիլմի պատճառով»,-ասաց Մարտիրոսյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ վերը նշյալ ադրբեջնական քարոզչության ու ապատեղեկատվության վերաբերյալ ասաց՝ նման բաներին լուրջ չի վերաբերվում: «Ինչպես ռուսներն են ասում՝ կարիք չկա ապացուցել, որ ոչ թե ուղտ ենք այլ մարդ: Ադրբեջանի դեսպանատների կայքերում կա ամեն ինչ բացի դիվանագիտական աշխատանքից: Ամեն տեղ դեսպանատները վերածում են պրոպագանդայի գործիքի, որ դրանով ինչ-որ բան ապացուցեն: Այն երկրներում, որտեղ Ադրբեջանի դեսպանատունն այդպես է վարվում, Ադրբեջանը դառնում է ծաղրանքի առարկա»,-ասաց նա:

Նա ևս այն կարծիքն ունի, որ տեղեկատվական պատերազմում հայկական կողմը լավ է գործում, պարզապես ծավալների խնդիր կա:

Ի դեպ, այս ուսումնասիրության ֆոնին դիտեցինք նաև հայաստանյան դեսպանատների կայքէջերը: Ամեն ինչ ակնհայտորեն այլ է: Տարբեր երկրներում հայկական դեսպանատների կայքերում կարելի է տեսնել տվյալ երկրի հետ գործընկերային հարաբերությունների մասին պատմող նորություններ, տեղեկատվություն, թե ինչպես կարելի է դեսպանատան հետ աշխատանքում այս կամ այն գործողությունը կատարել, իսկ 1915 թվականի ցեղասպանության կամ ԼՂՀ հիմնախնդրի մասին միայն փաստարկված էջեր են՝ առանց ավելորդությունների:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing