Լրահոս

Ադրբեջանը չխցկվեց, բայց չի սսկվում. գնդակը հայկական դաշտում է

 

Հուլիսի 4-ից արցախա-ադրբեջանական սահմանի լարումն արժանացավ բավականին բուռն միջազգային արձագանքի, միայն երկու հայտարարություն են տարածել Մինսկի խմբի համանախագահները, առանձին անդրադարձեր են կատարել համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները, ՄԱԿ-ը, եվրոպական կառույցները: Այդ ամենը հուշում է, որ իրավիճակի լարման հերթական դրվագը միջազգային կառույցներին մտահոգել է բավականաչափ: Ի՞նչն է եղել դրա պատճառը, դժվար է ասել, գուցե ընդամենն այն, որ եղել են քաղաքացիական զոհեր, իսկ գուցե նաև այն, որ տեղի է ունեցել ավելի խորքային ինչ-որ բան: Համենայնդեպս, այդ առումով ուշագրավ է այն, որ հուլիսի 5-ից երկու օր անց երկրորդ հայտարարությունը տարածեցին Մինսկի խմբի համանախագահները, ըստ որում բավականին ուշագրավ շեշտադրումներով: Նրանք խոսում են «սադրիչ գործողության» մասին, որը հանգեցրել է քաղաքացիական զոհերի:

Այսինքն՝ չի նշվում սադրողի անունը հասցեական, սակայն շատ հստակ է, որ հայտարարության սլաքը ուղղված է Ադրբեջանին, և գոնե տողատակի իմաստով այստեղ ոչ ոքի համար չկա անհասկանալի բան և համանախագահներն ու հակամարտ կողմերը այդ իմաստով «միմյանցից գաղտնիք չունեն»: Մյուս կողմից, չնայած բազմաթիվ հայտարարություններին, Ադրբեջանը փաստորեն շարունակում է իրավիճակը պահել լարված, և հրադադարի խախտումները, այն էլ հրետանու կիրառմամբ, շարունակվել են նաև հուլիսի 7-ին: Ընդ որում խորհրդանշական է, որ լարվածությունը զուգորդվում է Համբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովի հետ, մասնավորապես դրա շրջանակում սպասվող Պուտին-Թրամփ հանդիպման, որը առաջինն է լինելու այս երկու գործիչների միջև: Այստեղ քննարկվող հարցերի օրակարգը կազմելու են Սիրիան, Ուկրաինան, Հյուսիսային Կորեան:

Ադրբեջանն իհարկե շատ կցանկանար, որ այստեղ լիներ նաև Արցախը, որովհետև եթե լիներ Արցախը, ապա միայն Ադրբեջանի համար նպաստավոր շեշտադրումով, այսինքն՝ Արցախն այդ մակարդակի օրակարգում կարող է լինել միայն ներկայիս իրավիճակում ինչ որ բան փոխելու, այսինքն՝ ստատուս-քվոն փոխելու շեշտադրումով:

Իսկ դա Բաքվի համար նվազագույն շեշտադրում է, որը կօգնի դուրս գալ ապրիլին ռազմական գործողությամբ ստատուս-քվոն փոխելու անհաջող ջանքից հետո ստեղծված փակուղուց: Բայց Պուտինի և Թրամփի օրակարգում Արցախի խնդիր չկա, հետևաբար ստացվում է, որ առնվազն միջնորդ տերությունների օրակարգում չկա Ադրբեջանը փակուղուց դուրս բերելու խնդիր: Ավելին, դա Բաքվի համար բերում է բավականին բացասական սպասումներ Պուտին-Թրամփ հանդիպումից հետո մի քանի օր անց սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման առումով, որը տեղի է ունենալու համանախագահների միջնորդությամբ:

Ադրբեջանի համար ըստ ամենայնի հույժ կարևոր է եղել այդ հանդիպումից առաջ փոխել օրակարգը, փոխել արցախյան խնդրում աշխարհաքաղաքական մթնոլորտը, օգտվելով Մեծ Քսանյակի գագաթնաժողովի և մասնավորապես դրա շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման առիթից, այլ կերպ ասած՝ հույս ունենալով «խցկվել» այդ հանդիպման օրակարգ: Ըստ ամենայնի հենց այդ պատճառով Ադրբեջանը շարունակում է կրակել մի քանի օր, չնայած հուլիսի 4-ի սադրանքին միջազգային արձագանքը Բաքվին բավական թափանցիկ մեսիջ էր, որ «խցկվելու» փոխարեն Բաքուն պետք է մտածի «սսկվելու» մասին:

Սակայն սա իհարկե ունի մասշտաբային նշանակություն, կամ այլ կերպ ասած՝ Բաքվին հորդորում են «սսկվել» լայնամասշտաբ հավակնությունների իմաստով, իսկ «մանր խուլիգանության» առումով, որ Բաքուն թույլ է տալիս առաջնագծում զինվորների և փաստորեն նաև սեփական խաղաղ բնակչության կյանքի հաշվին, միջազգային օրակարգից բացակայում է արդեն ոչ թե այսպես ասած հրատապության կամ փոփոխության անհրաժեշտության բացակայության, այլ պարզապես անկարևորության պատճառով, մանր խնդիր լինելու պատճառով: Եվ այստեղ արդեն գնդակը հայտնվում է հայկական կողմում, պահանջելով դիվանագիտական և քաղաքական հմուտ խաղարկում: Ադրբեջանը փորձելով ուղղել ապրիլյան սխալը, ըստ էության գործում է նորանոր սխալներ:

Կարճաժամկետ իմաստով հայկական կողմը դրանք կարողանում է վերածել քաղաքական, դիվանագիտական կապիտալի, մասնավորապես հասնելով նվազագույն անհրաժեշտ շեշտադրման՝ որ բանակցությունը բացարձակապես անիմաստ է, եթե այն Ալիևի համար ընդամենը սահմանում շանտաժի և սպանությունների քաղաքականությունը ծածկելու միջոց է: Սակայն ակնհայտ է, որ երկարաժամկետ իմաստով Հայաստանի դիվանագիտությունը դեռևս ունի Ադրբեջանի փակուղին և սխալները կապիտալիզացնելու խնդիր:

 

1in.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing