Լրահոս

Ադրբեջանը հանձնեց Նախիջեւանը

 

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչին այցելել է Կարս քաղաք, որտեղ հայտարարել է Նախիջևանի հետ ազատ առևտրի ռեժիմի սահմանման մասին:
Նրա խոսքով, սխեմա է մշակվում Նախիջևանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ: Զայբեքչին նշել է, որ փոխադարձ առևտուրն իրականացվելու է թուրքական լիրայով, ազատ առևտուրը կնպաստի Կարսի նահանգի զարգացմանը:
Ավելի վաղ, Նախիջեւանում տեղի են ունեցել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, թուրքական բանակը փաստացի որոշակի ներկայություն ունի Նախիջեւանում: Ներկայում այստեղ բացվելու է նաեւ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչությունը:
Կարսում եւ Հայաստանի սահմանամերձ այլ շրջաններում Թուրքիան վարում է թուրքացման քաղաքականություն՝ այստեղ ադրբեջանցիներ են տեղափոխվում մշտական բնակության, բիզնեսներ են բացում, հաճախ բախումների մեջ մտնելով տեղական քուրդ բնակչության մեջ: Նախիջեւանի հետ Կարսի ազատ առեւտուրն ըստ ամենայնի նաեւ այս քաղաքականության մի մասն է:
Ռուս փորձագետներն անմիջապես արձագանքել են այս տեղեկատվությանը, եզրահանգելով, որ Ադրբեջանը Նախիջեւանը հանձնել է Թուրքիային: Նրանք ավելի հեռու են գնացել, թուրք նախարարի հայտարարությունը կապելով Չինաստանից Եվրոպա Ռուսաստանը շրջանցող առեւտրային ուղի ստեղծելու մտադրության հետ:
Ռեգնում գործակալության կայքում այս առնչությամբ հոդված է հրապարակել ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը, ով փորձում է հերքել այս մտահոգությունները: Նա մասնավորապես հիշեցնում է, որ 1921 թ. Կարսի պայմանագրի 5-րդ կետով սահմանվել է Նախիջեւանի կարգավիճակը որպես «Ադրբեջանի հովանու ներքո ինքնավար տարածք»: Դա նշանակում է, որ Նախիջեւանը ոչ թե Ադրբեջանի կազմում է, այլ դա պրոտեկտորատ է, եւ խոսք չի կարող լինել այն մասին, որ Ադրբեջանը հանձնում է իր տարածքի մի մասը Թուրքիային:
Բացի այդ, համատեղ զորավարժությունները եւ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչության բացումը չեն հակասում այդ պայմանագրին, գրում է Տարասովը: Հակառակ պարագայում, գրում է նա, Ռուսաստանը լուռ չէր մնա:
Կարսի պայմանագիրը ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, Ռուսաստանի մասնակցությամբ:
Ստանիսլավ Տարասովը համարվում է այսպես ասած հայամետ փորձագետ, սակայն նա մնում է ռուս փորձագետ եւ խնդիր ունի հայերի համար ստեղծել Ռուսաստանի դրական իմիջ: Նա օրինակ բազմիցս արդարացրել է Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումները:
Այս հոդվածում էլ, խոսելով Նախիջեւանում տեղի ունեցող գործընթացների մասին ու հիշատակելով միջազգային պայմանագրերը, նա լռության է մատնում պատմական իրողությունները եւ Հայաստանի ու հայերի հանդեպ Ռուսաստանի հանցավոր քաղաքականության դրվագներից մեկը:
Իսկ իրողությունն այն է, որ Ռուսաստանը Կարսի պայմանագրով Թուրքիային ու Ադրբեջանին է հանձնել Արեւելյան Հայաստանի մի մասը, Նախիջեւանը եւ Ղարաբաղը: Ընդ որում, այնպես չէր, որ Ռուսաստանը ստիպված էր դա անել, ավելին՝ Թուրքիան այդ փուլում գտնվում էր փլուզման եզրին, եւ Ռուսաստանը նրան օգնեց ոտքի կանգնել, նվիրելով այդ տարածքները:
Ռուսաստանը ներկայում կանգնել է իր իսկ քաղաքականության հետեւանքների առջեւ, եւ Կարսի պայմանագրին արվող հղումները պարզապես ծիծաղելի են: Ադրբեջանն իսկապես Թուրքիային է հանձնել Նախիջեւանը, իսկ Կարսի պայմանագիրն ավելի շատ զենք է հենց թուրքերի համար:
Արդյոք Մոսկվայում մտադրություն կա շտկելու վիճակը: Սա գրեթե անհավանական է թվում, նկատի առնելով ռուսական քաղաքականության բնույթն ու ներկայիս ռեսուրսները:
Մյուս կողմից, իրավիճակը շտկելու համար Հայաստանը պետք է բարձրացնի Նախիջեւանի կարգավիճակի հարցը, հետագայում նման ճակատագրից խուսափելու համար: Դա Նախիջեւանի հանդեպ իրավունքի հարց է:
Այս մասին պարբերաբար խոսում են հայ փորձագետները, նշելով, որ խնդրի բարձրաձայնումը մի կողմից կհանգեցնի հայկական պետականության դերի որոշակի բարձրացմանը, մյուս կողմից՝ հնարավոր արտաքին աջակցությանը:
Սակայն պետական քաղաքականություն գոյություն չունի: Խնդրին չեն անդրադառնում նաեւ այսպես կոչված քաղաքական կուսակցությունները: Նրանց բոլորին հետաքրքրում են միայն մանդատներն ու կերակրատաշտը եւ դրանց շուրջ ծավալվող մանր ինտրիգները, արդարանալով «վերմակը ոտքերի չափով մեկնելու» ողորմելի հավատամքով: Նրանք ցանկանում են նույնիսկ Ղարաբաղը հանձնել, ուր մնաց Նախիջեւանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing