Լրահոս

Ադրբեջանը հարձակվել է Վրաստանի վրա

 

Հարեւան Վրաստանում շարունակվում են կրքերը ադրբեջանցի լրագրողի առեւանգման հետ կապված պատմության շուրջ: Ընդդիմադիր լրագրողին, որը Բաքվի հետապնդումից խուսափելու համար տեղափոխվել էր Թբիլիսի, Վրաստանում առեւանգել են եւ տարել Ադրբեջան: Վրաստանի քաղաքացիական հանրությունն ու քաղաքական ուժերը պատասխան են պահանջում իշխանությունից, հասկանալու համար՝ առեւանգումը տեղի է ունեցել նաեւ Վրաստանի՞ հատուկ ծառայության ներգրավմամբ, թե Ադրբեջանի հատուկ ծառայությունը փաստորեն կարող է Վրաստանում իրեն թույլ տալ այդօրինակ գործողություն:
Վրաստանի իշխանությունը հայտարարել է դեպքի առիթով քննություն սկսելու մասին:
Տեղի ունեցածն արտակարգ դեպք է եւ փաստացի տեղի է ունեցել Ադրբեջանի հարձակում Վրաստանի վրա:
Կասկածի տակ է դրված վրացական պետականության դե ֆակտո գոյությունը՝ Վրաստանը պետությու՞ն է, թե՞ տարածք, որտեղ կարևող են այդպիսի հանդուգն եւ ցինիկ գործողություն կատարել Ադրբեջանի հատուկ ծառայությունները: Նրանք փաստացի խախտել են Վրաստանի սուվերեն տարածքը եւ կատարել դե ֆակտո ռազմական գործողություն:
Իսկ խնդիրը լոկ վրաց-ադրբեջանական չէ, այլ նաեւ տարածաշրջանային ու միջազգային լուրջ նշանակության հարց: Բանն այն է, որ Վրաստանը մի շարք իրողությունների բերումով ներկայում Կովկասի համար կարեւոր պետություն է՝ անվտանգության տարածաշրջանային համակարգի խորքային վերափոխման համատեքստում, ինչը ենթադրում է ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքացիա-քաղաքական բաղադրիչներ:
Վրաստանը Կովկասում եվրատլանտյան կուրս որդեգրած միակ պետությունն է, որը փաստացի դառնում է Կովկասում ՆԱՏՕ ու Եվրամիության, այլ կերպ ասած միջազգային անվտանգության ամբողջական համակարգի հենարան:
Երբ չկա այդ հենարանը, չկա շանս, որ Կովկասը կարող է դուրս գալ ռուս-թուրքական հարյուրամյա աքցանից եւ հայտնվել կայուն զարգացման ուղեծրում: Կովկասի անվտանգության համակարգի գլոբալ վերափոխումը գործնականում սկսել է Հայաստանից եւ ֆիզիկապես, աշխարհագրորեն, ռազմա-քաղաքական առումով առաջին փուլը դե ֆակտո ավարտվել է Արցախի առաջին պատերազմի հայկական հաղթանակով:
Երկրորդ փուլն ընթացավ հարաբերական ընթացքով եւ ի վերջո ավարտվեց անարդյունավետ: Երկրորդ փուլը հայկական պետականության կայացման եւ արդիականացման փուլն էր: Պետականությունը կայացավ, իսկ արդիականությունը, հետեւաբար նաեւ ինքնիշխանությունը՝ ոչ: Դե ֆակտո նվազագույն ձեռքբերումը զինված ուժերն էին, որոնք բավարար են սակայն Կովկասի անվտանգության եւ կայուն զարգացման խորքային հեռանկարի ու նոր համակարգի ռազմա-քաղաքական ստատուս-քվոն պահելու համար, բայց համալիր առաջընթացի համար անհրաժեշտ է հենարան պետականություն:
Հայկական պետականությունն իր որակով եւ արտաքին քաղաքականությամբ չկարողացավ համարժեք լինել զինված ուժերի ռազմա-քաղաքական առաքելությանը եւ այդ հարցում զիջեց մրցակցությունը Վրաստանին: Ընտրությունն իհարկե մեծ հաշվով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չէր, քանի որ Կովկասի անվտանգության համակարգում Հայաստանն ու Վրաստանը դիտարկելի են տանդեմով, մի շարք գործոնների համադրությամբ:
Հայաստանի բացթողումների պարագայում Վրաստանի հանգամանքը դառնում է առավել կարեւոր, որպես արդեն միջազգային անվտանգության համակարգի կովկասյան շղթայում Հայաստանի զինված ուժերի ռազմա-քաղաքական գործոնի դե յուրե շարունակություն, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ պետական սերտ ինտեգրացիայի համատեքստում:
Ահա այդ առումով է, որ ադրբեջանցի լրագրողի հետ տեղի ունեցած աղմկոտ պատմությունը ոչ միայն վրաց-ադրբեջանական խնդիր է, եւ ոչ միայն լոկ մարդու իրավունքի խնդիր, այլ Կովկասի ռազմա-քաղաքական եւ քաղաքակրթական հեռանկարի, միջազգային անվտանգության համակարգի համատեքստում Կովկասի անվտանգության նոր՝ հայ-վրացական առանցքի հեռանկարի խնդիր, որը պահանջում է Վրաստանից շուտափույթ պետական դրսեւորում՝ արդիական պետականության այն որակների համատեքստում, որն իբրեւ ուղենիշ սահմանել է Վրաստանը Եվրատլանտյան կուրսով:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing