Լրահոս

Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է նախապատրաստվում

 

adrbejany laynacaval paterazmi e patrastvum

hayeli.am-ը գրում է. Բաքուն հերթական անգամ սպառնում է
Ադրբեջանը շարունակում է ագրեսիայի ու շանտաժի քաղաքականությունը: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է հայաստանյան ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց` Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել 2016թ. մայիսի 8-9-ին։ Այս առիթով` Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ, եթե Հայաստանը շարունակի չկատարել ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը, Բաքուն ստիպված կլինի ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Մայիսի 8-ից և 9-ից առաջ ադրբեջանական զինուժի կողմից ծրագրվող հարձակման մասին տեղեկությունների առիթով Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է. «Հայերը ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե պետք է սպասեն օկուպացված տարածքների ազատագրմանը և երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից»:

Պարզվում է, Ադրբեջանը զորքեր և զինտեխնիկա է կուտակել Նախիջևանի սահմանին: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել են ԱԺ-ի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները, որոնք չորեքշաբթի օրը խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանձնաժողովի անդամներից` Խաչատուր Քոքոբելյանը ոչ միայն հաստատել է այս տեղեկությունը, այլև նշել է, որ ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին նոր ռուսական հրանոթներ է տեղակայել: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ևս հաստատել է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից բացի, Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանի սահմանին: Այս հարցը քննարկել են նաև Պնախարարի հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ: «Այո, որոշակի ուղղություններով, այդ թվում նաև՝ ձեր նշած ուղղությամբ, նկատելի են հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ: Բայց իրավիճակը վերահսկելի է: Ե՛վ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և՛ Զինված ուժերի գլխավոր շտաբն ամբողջապես տիրապետում են իրավիճակին, մեր զորախմբերը, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են՝ դիմագրավել ցանկացած հարձակում: Եվ այդ առումով, ուզում եմ վստահեցնել հանրությանը, որ մեր Զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, և բոլոր այն նոր մարտահրավերները և սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ ձեր նշած ուղղությամբ, այդ կապակցությամբ, ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետև իրապես մենք վերահսկում ենք համապատասխան տարածքը», ասել է Կորյուն Նահապետյանը:

Սա, թերևս, Ադրբեջանի կողմից մարտավարական քայլ է, որը և ծրագրված քայլ է, և հոգեբանական ճնշման մի տեսակ` Հայաստանի ու Արցախի նկատմամբ: Բայց ոչ միայն հոգեբանական: Կան տեղեկություններ, որ Հյուսիս-արևելյան հատվածում, ազգաբնակչությանը տեղահանում են Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում: Այս տեղեկությունը ևս հայտնել է Խաչատուր Քոքոբելյանը` «Ազատությանը»:

Եթե Ադրբեջանը մոտ ապագայում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների դիմի, ապա չի կարելի բացառել, որ այն կլինի ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի հետ սահմանագծին: Իսկ այն, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել, ոչ ոք չի բացառում:
Այս լարվածության ֆոնին միջնորդ պետությունները շարունակում են կողմերին հորդորել` հրադադարը հարգել և սկսել բանակցություններ:

ԱՄՆ-ը լարվածության նվազեցման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում
ԱՄՆ-ը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադառնալ՝ համապարփակ կարգավորման հասնելու նպատակով, հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԺ-ում ԼՂ-ի անկախության ճանաչման նախաձեռնությունը: «Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում ԼՂ-ն: ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում: Մենք կոչ ենք անում կողմերին կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար», ասել է Թոները: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը առաջնորդվում է ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներով, միևնույն ժամանակ ընդգծելով. «Այս ամենը, սակայն, պետք է մշակվի Մինսկի խմբի համատեքստում: Գոյություն ունի գործընթաց, որը պետք է հարգեն բոլոր կողմերը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ ԼՂ հակամարտության կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարի մասին համաձայնագիրը՝ հասնելու համար հակամարտության բազմակողմ, խաղաղ կարգավորմանը. «Դա ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի դիրքորոշումն է: ԼՂ հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»:

Ամերիկացի մեկ այլ դիվանագետ` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ը կարևոր է համարում ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը: «Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ են վարում կողմերի հետ, որպեսզի սկսվի խաղաղության մեծ համաձայնագրի վրա աշխատանքը: Կարծում եմ, որ ներկա փուլում շատ կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, այնպիսի քայլեր ձեռնարկելուց խուսափելը, որոնք կարող են էլ ավելի լարել իրավիճակը: Իրավիճակը գտնվում է պետքարտուղար Ջոն Քերիի ուշադրության կենտրոնում: Միևնույն ժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը առաջարկում է բոլոր ջանքերը գործադրել լարվածության նվազեցման և խաղաղ համաձայնագրին հասնելու համար: Համարում եմ, որ բոլորը պետք է ջանքեր գործադրեն հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Ամերիկացի փորձագետները` ծանր սպառազինության, սահմանագծում միջադեպերի ավելացման մասին
Ամերիկյան Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը 2015թ. զեկույցում անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ այն բնորոշում է ակտիվ, իսկ բանակցությունները՝ հիմնականում անարդյունավետ, բռնությունների սրացման և «երկու կողմերի ռազմատենչ հռետորաբանության» ֆոնին: Հակամարտության գոտում անվտանգության իրավիճակը հստակորեն ցույց է տվել վատթարացման նշաններ, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումներում կամ գործակցության հարցերում փոփոխությունը փոքր է եղել, արձանագրում են փորձագետները: Երկու երկրները սկսել են միմյանց մեղադրել կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, նշում են զեկույցի հեղինակները, հավելելով, թե դա դժվարություններ է ստեղծում դրսի ուսումնասիրողների համար՝ հետազոտելու բռնարարքների ծավալները և դրանց ազդեցությունը քաղաքացիական անձանց վրա: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը նշում է, որ 2015-ին երկու մտահոգիչ միտում է արձանագրվել՝ կողմերը ավելի ու ավելի են ապավինում ծանր սպառազինություններին, ինչպես նաև ավելացել են սահմանային գոտում «չվիճարկելի վայրերում» տեղի ունեցող միջադեպերը: Զեկույցը համառոտ անդրադարձել է 2015-ի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրված բախումներին, զոհերի թվի մասին կողմերի հայտնած տվյալներին և փոխադարձ մեղադրանքներին:

Մոսկվան շեշտում է` ԼՂ ճակատագիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այժմ մշակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում, սակայն ստույգ ժամկետների մասին հայտարարելը վաղ է: «Ինձ հայտնի է, որ այժմ մշակվում է այդպիսի հնարավոր հանդիպում: Հանդիպման ստույգ ժամկետի, տեղի մասին որոշում ընդունված չէ: Ներկայում կողմերը շփման մեջ են հենց նրա համար, որպեսզի հասկանան, թե ինչպիսին կարող է լինել այդ հանդիպումը, և ամենագլխավորը՝ թե կոնկրետ ինչ արդյունքի կարող է այն հանգեցնել: Ուստի վաղ է խոսել ստույգ ժամկետի մասին: Սակայն ևս մեկ անգամ ասենք, որ այն մշակվում է բավական ակտիվորեն: Խոսքը, հավանաբար, առաջիկա շաբաթների մասին է: Ձևաչափի մասին ընդհանրապես վաղ է խոսել»,- ասել է Զախարովան:

Զախարովան նաև փաստել է, որ Մոսկվան հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Հաստատում ենք, որ որպես միջազգային միջնորդ պատրաստ ենք ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ համատեղ կողմերին ցուցաբերել ամեն տիպի աջակցություն՝ այդ նպատակի (բանակցությունների) իրագործման համար: Այդ թեման ոչ մի տեղ չի չքանում ԱԳՆ օրակարգից, նախարարության ղեկավարության մակարդակից, դրան հատկացվում է առաջնային նշանակություն տվյալ ժամանակահատվածում»:
Թամար Բագրատունի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...