Լրահոս

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. Զաքիր Հասանովի «մեսիջները».

 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հետաքրքրիր «բացահայտումներ» է արել թե′ ապրիլյան քառօրյայի մասին, թե′ «մեսիջներ» փոխանցել Բաքվի հետագա ռազմավարության մասին՝ ՀՀ-ի ու Արցախի հանդեպ։

Հասանովն ապրիլյան քառօրյայի պատասխանատվությունը փորձում է բարդել հայկական կողմի վրա, իսկ ադրբեջանական բանակի՝ հատկապես հատուկ ջոկատայինների շրջանում մեծ կորուստները «ներկայացնում» իբրև «որոշակի հայկական դիրքեր»՝ Թալիշի ուղղությամբ վերցնելու փորձ։ Նա նշում է, թե դա լայնածավալ ռազմական գործողություն չէր՝ «անգամ լրացուցիչ հրետանի ու ռեզերվներ» չեն կիրառել։ Հասանովը փորձում է «ապացուցել», որ նրանք չեն նախապատրաստել ամբողջ ճակատում ռազմական գործողություններ՝ հարվածել խաղաղ բնակավայրերին՝ հրետակոծել գյուղեր և քաղաքներ՝ Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, այլ «դիրքային» գործողություն են իրականացրել՝ հսկողություն հաստատելով Թալիշի բարձրունքների ու Լելե Թեփի նկատմամբ։

Դա փորձ է թաքցնելու ռազմական ագրեսիան ու մեծ զոհերի՝ մարդկային, տեխնիկա և այլն, մի քանի՝ այո, ռազմավարական կարևորության, դիրքեր գրավելու համար։ Բացի այդ, Հասանովը խորամանկորեն լռում է այն վայրագություններ մասին, որոնք իրականացվել են հայ խաղաղ բնակիչների հանդեպ՝ կտրել անպաշտպան գյուղացիների, տարեցների ականջներ և այլն, զինվորներին՝ գլխատել և այլն, ինչը միջազգային, ռազմական հանցագործություններ են ու անգամ պատերազմի բարոյական օրենքների՝ քաղաքացիական անձանց չդիպչել, խախտում։

Երկրորդ՝ ղարաբաղյան հարցի լուծումը՝ ռազմական գործիչ Հասանովը տեսնում է ուժային ճանապարհով՝ ակնարկելով, որ միջազգային օրենքները չեն գործում ու խոսում ՀՀ-ի տնտեսական, ռազմական, ժողովրդագրական ներուժի մասին՝ «մեսիջներ» ուղարկելով ադրբեջանական ռազմական բյուջեի մեծացման մասին։ Դա հոգեբանական ճնշման միջոց է՝ «կամ տվեք Ղարաբաղը՝ կամ պատերազմ» Բաքվի տրամաբանության շրջանակներում՝ կրկնում է Ալիևի ամենօրյա տեքստերը։

Հասանովի խոսքերը ՀՀ-ի տնտեսական և ժողովրդագրական լուրջ խնդիրների մասին տեղին են՝ դրա մասին պետք է մտածեն ու լուրջ աշխատանք տանեն օրվա իշխանությունները, իսկ ինչ վերաբերվում է ռազմական բյուջեի ավելացմանն, ապա ՀՀ զինված ուժերն ապրիլից հետո շարունակաբար ուժեղացրել են թե զինանոցը, թե առաջնագիծը, թե հետևություններ արել ռուսական զենքերի՝ Բաքու վերջին մատակարարումներից։

Երրորդ՝ Հասանովը խոսում է «Իսկանդերներին» խոցելու մասին՝ «Ադրբեջանն ունի 50 անգամ ավել հրթիռներ և կարող է հարվածել ՀՀ-ի ենթակառուցվածքերին ու օբյեկտներին»,-նշել է Հասանովը։

Իսկանդերները խոցելու մասին պետք է խոսեն ռազմական գործիչները՝ գործի գիտակները, սակայն Հասանովը «մեսիջը», թե հարվածելու են ՀՀ-ի ենթակառուցվածքներին պետք է ուշադիր վերլուծվի՝ Նախիջևանից Երևանին, Սյունիքին հարվածելը կարող է ՀՀ-ին լուրջ վտանգների առաջ կանգնեցնել՝ ՀՀ-ի գրեթե ողջ տնտեսական, ժողովրդագրական ներուժը կենտրոնացած է Երևանում, տնտեսականի զգալի մասը՝ Սյունիքում՝ չմոռանանք, որ Սյունիքով է անցնում Իրանին կապող «կյանքի ճանապարհը»։ ՌԴ-ը, որպես ՀՀ-ի ռազմավարական դաշնակից պետք է հստակ հայտարարությամբ հանդես գա՝ ՀՀ-ի նկատմամբ ցանկացած ագրեսիա համարվելու է ՌԴ-ի դեմ ագրեսիա՝ ՀԱՊԿ-ի և ռուս-հայկական պայմանավորվածությունների շրջանակներում, դրանից բխող հետևանքներով։

Եվս մեկ կարևոր «մեսիջ» Հասանովից՝ նա կրկին փորձում է ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրել՝ ՀՀ–ում հակահայկական տրամադրություններ հրահրել՝ «ապրիլին Ադրբեջանն օգտագործել է նաև ՌԴ–ից գնված զենքերը» արտահայտությամբ։ Բացի այդ, Հասանովը խոսել է թուրք-ադրբեջանա-վրացական համատեղ զորավարժությունների մասին՝ տարածաշրջանում ընդգծելով նոր կոալիցիա՝ իհարկե, դրա երկու թևերը՝ Թուրքիա-Ադրբեջան միանշանակ ուղղված են ՀՀ-ի ու ԼՂՀ-ի անվտանգությանը, իսկ ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա թուրք-ադրբեջանական տնտեսական և քաղաքական ազդեցությունն այդ երկրում ահռելի է։

Արտյոմ Բալասանով


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing