Լրահոս

Ադրբեջանը փոխու՞մ է սահմանային մարտավարությունը. Թավշյա իշխանափոխություն Բաքվում

 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է Ադրբեջանին, որ արկածախնդրությունը կստանա կոշտ պատասխան: Այդ զգուշացումը հետեւել է ադրբեջանական մամուլի տարածած տեղեկությանը, թե հայկական զինուժը հարվածել է խաղաղ բնակավայրերի, ինչի հետեւանքով 13-ամյա մի երեխա ստացել է բեկորային վնասվածք: Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական մամուլի տարածած լուսանկարներից պարզ է, որ երեխայի վերքերը ամենեւին նոր չեն, հետեւաբար դրանք չէին կարող լինել օգոստոսի 7-ի իբրեւ թե հայկական հրետակոծության հետեւանք:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը երկրորդ անգամ է ի պատասխան Բաքվի հայտարարում, որ հայկական զինուժը չի թիրախավորել եւ չի հարվածել խաղաղ բնակավայրերին, չի խախտել հրադադարը ընդհանրապես:
Մի քանի շաբաթ առաջ Բաքուն դարձյալ տարածել էր հայտարարություն, այն էլ ԱԳՆ ու ՊՆ համատեղ հայտարարություն, թե հայկական զինուժը սահմանի երկայնքով խախտում է հրադադարն ու թիրախավորում խաղաղ բնակավայրերը:

Արդյոք Ադրբեջանը որդեգրում է քարոզչական նոր մարտավարություն, երբ պարբերաբար հայտարարվում է, թե հայկական կողմը խախտում է հրադադարն ու հարվածում բնակավայրերին:
Համենայն դեպս, Բաքուն վերջին շրջանում փաստացի մի քանի անգամ անում է այդ բանը: Ի՞նչն է այդօրինակ վարքի, այդօրինակ փոփոխության պատճառը: Այն միտված է արտաքի՞ն, թե ներքին լսարանին: Արդյոք այն որեւէ ագրեսիայի կամ գրոհի հող նախապատրաստելու համար է:
Առաջանում են իհարկե մի շարք հարցեր: Ինչի՞ է հասնելու Բաքուն, եթե հայկական ուժերին ուղղված մեղադրանքը արտաքին լսարանի համար է: Մեծ հաշվով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն ունեն իրենց ռազմավարությունը եւ ինֆորմացիայի իրենց աղբյուրները, որոնք նրանց թույլ են տալիս լավ պատկերացնել, թե ինչ է կատարվում սահմանին, շփման գծում եւ ով է խախտում հրադադարը, ով է պատասխանում, ինչով, ինչպես եւ այլն:
Այդ իմաստով, արդյոք Բաքուն կարող է որեւէ բանում համոզել համանախագահներին եւ այսպես ասած «մեղքը գցել» հայկական կողմի վրա: Հազիվ թե հնարավոր է այդօրինակ պարզունակ քարոզչական քաղաքականությամբ ազդել միջուկային երեք տերությունների ռազմավարության եւ մարտավարության վրա:

Հակառակը, այստեղ գուցե կա Ադրբեջանի «անզորության» դրսեւորում: «Անզորություն» ռազմական դիվանագիտությունն արդյունավետ առաջ մղելու հարցում, ապրիլյան պատերազմից հետո: Պատճառները բազմաթիվ են, որոնց ակունքում հայկական զինված ուժերի ցույց տված ուժեղ դիմադրությունն էր, որը գործնականում փոխեց ռազմա-քաղաքական իրավիճակը եւ վերականգնեց ռազմա-քաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում:
Նոր իրավիճակում Բաքուն ակնհայտորեն ունի ռազմական դիվանագիտությունն իրական քաղաքականության ռեժիմում արդյունավետ առաջ մղելու խնդիր: Բաքվին ոչ միայն Հայաստանի ՊՆ-ն է զգուշացնում, այլ անգամ հարեւան Իրանը, ընդ որում վերջին շաբաթներին մի քանի անգամ, բավական պատասխանատու պաշտոնյաների, ընդհուպ նախագահի եւ պաշտպանության նախարարի մակարդակով:
Արտաքին այդ իրողություններին զուգահեռ, Ադրբեջանում նկատելի երկիմաստ վիճակ է իշխանության ներսում: Բանն այն է, որ արտաքին հնարավորությունները զգալիորեն անդրադառնալու են ներքին վիճակի վրա, մասնավորապես իշխանության տարբեր թեւերի:

Բաքվում իշխանությունը մի տեսք, մի ներքին հարաբերակցություն կարող է ունենալ այսպես ասած «առաջանցիկ տեմպով» զարգացող ռազմական-դիվանագիտությամն պայմաններում, եւ մեկ այլ տեսք ու հարաբերակցություն կարող է առաջանալ սկզբունքորեն ձախողված եւ տապալված, փակուղում հայտնված «ռազմական դիվանագիտությունը»:

Այդ տեսանկյունից, Ադրբեջանում ներիշխանական խմորումները ծավալվում են արդեն տեւական ժամանակ, արտահայտվելով լրտեսական սկանդալներով, Մեհրիբան Ալիեւայի քաղաքական կարգավիճակի բարձրացումով՝ զուգահեռ մեղմ եւ հանդուրժողական քաղաքականության մասին հայտարարություններով, հայերի հանդեպ ատելություն սերմանելը անթույլատրելի համարող խոսքերով, հակահայկականություն թույլ չտալու հաստատակամությամբ: Այդ գծի մեջ է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի որոշակի քաղաքականությունը, որն ակնհայտ հակասության մեջ է այդ երկրի պաշտպանության նախարարության քաղաքականության հետ, պաշտպանության նախարար Հասանովի նկատելի «մարտաշունչ» դեմարշներով, երբ նրան տրվում է ռուսական թիվ մեկ քարոզչական ամբիոններից մեկը եւ այնտեղ նա գործնականում խոսում է Ադրբեջանի լայն քաղաքականության մասին, ընդամենը մեկ անգամ հպանցիկ հիշատակելով Ալիեւին:

«Ռազմական դիվանագիտության» փակուղին ուշ թե շուտ անխուսափելի է դարձնում Բաքվում թավշյա իշխանափոխությունը, եւ Ալիեւն անկասկած կանգնած է այդ գործընթացը կառավարելու խնդրի առաջ:
Ալիեւի իշխանությունն անկասկած չի հրաժարվել իր «ռազմական դիվանագիտության» գծից, փնտրելով նորանոր «անցքեր» թե շփման գծում, սահմանին, թե համանախագահների մոտ: Բայց միեւնույն ժամանակ նկատելի է, որ Ալիեւը փնտրում է նաեւ այլընտրանքը՝ «նահանջի ուղին», որովհետեւ «ռազմական դիվանագիտության» երկար ժամանակ փակուղին, դրա ճեղքման անարդյունավետ փնտրտուքը կարող է առաջ բերել ներքին լիցքի կուտակում եւ պայթյուն հենց ներսում՝ կամ Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում, կամ իշխանության մեջ:

«Նահանջի ուղու» որոնման տարր կարող է լինել քարոզչական մակարդակում հայկական կողմի «դեմոնիզացիան»: Բանն այն է, որ Բաքուն տարիներ շարունակ անցել էր հայկական կողմի անճարության, անօգնականության, տկարության, դիմադրեու անկարողության «նկարագրի» կերտման: Իսկ դա չի թողնում «նահանջի» ճանապարհ, դա միշտ հարց է առաջացնում՝ ինչու՞ չենք գրոհում եւ անօգնական ու անճար հայերի ձեռքից չենք վերցնում «մեզ պատկանող» Ղարաբաղը: Այդ հարցը հանելու համար պետք է «անօգնական» ու «թուլացող» Հայաստանի փոխարեն «դեմոնիզացնել» կերպարը՝ ձեւով արտաքին լսարանի համար, բայց իրականում ներքին սպառման, ներքին հանրության «ենթագիտակցության» մեջ նստվածք թողնելու թիրախով, որպեսզի ձեւավորվի «նահանջի ճանապարհը», հարկ եղած դեպքում անմիջապես դրա վրա կանգնելու համար:

Իսկ իրավիճակն ու աշխարհքաղաքական տրամաբանությունն այժմ զարգանում է այնպես, որ Ալիեւի համար ավելի ու ավելի անհրաժեշտ կարող է լինել հենց այդ ճանապարհը, ղարաբաղյան կարգավորման նոր դիվանագիտական-քաղաքական գործընթացի գալու համար, որ Մինսկի խմբի համանախագահության օրակարգում է եւ դիտարկվում է որպես իրավիճակի ու ստատուս-քվոյի երկարաժամկետ կառավարման նոր մոդելի որոնումների շրջանակում:
Իհարկե, Ալիեւի «ռազմական դիվանագիտության« փակուղու խորությունն ու «նահանջի ճանապարհի» անհրաժեշտությունն ավելացնելու գլխավոր գործոնը կարող է եւ կլինի հայկական զինուժի զգոնությունն ու ռազմա-տեխնիկական հագեցածությունն ավելացնելը, անկասկած թիկունքում կառավարման արդյունավետությունն ավելացնելու միջոցով: Հայաստանն էլ չունի դրան այլընտրանք:

lragir.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing