Լրահոս

Ադրբեջանը ԵՄ-ի հետ համաձայնագիրը կստորագրի ավելի շուտ, քան Հայաստանը

 

Nalbandyan-Mamedyarov

168.am-ը գրում է. Բրյուսելում ընթացող ԵՄ անդամ պետությունների ու «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների գագաթաժողովի կենտրոնում կրկին ծրագրի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրներն են: Թեև նախորդ տարվա ընթացքում ԵՄ հանձնաժողովը վերանայեց «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, Ուկրաինան, Մոլդավան ու Վրաստանը ստորագրեցին Ասոցացման համաձայնագրեր Եվրոպական միության հետ, իսկ ԱլԳ մյուս երեք երկրները, ըստ էության, հրաժարվեցին Եվրոպական միության հետ ասոցիացումից՝ պարտավորվելով այլ համաձայնագրեր ստորագրել ԵՄ-ի հետ, Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի համար առաջնահերթություն է մնում:

Նախօրեին Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը ԵՄ անդամ երկրների ու «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների գագաթաժողովում ԵՄ-ին կոչ է արել ակտիվորեն աջակցել գործընկերության երկրներին, որոնց քաղաքացիները պետք է զգան ԵՄ-ի հետ համագործակցությունից նրա գործնական օգուտը: Թեև Հայաստանը նախորդ տարվա դեկտեմբեր ամսին բանակցային նոր փուլ է սկսել Եվրոպական միության հետ նոր համապարփակ համաձայնագիր ստորագրելու համար, Լատվիայի արտգործնախարարն ասել է, որ պետք է Ասոցացման նոր համաձայնագրերի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Ռինկևիչը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է ազատ առևտրի ու վիզաների չեղյալ հայտարարման մասին համաձայնագրեր ստորագրի «Արևելյան գործընկերության» երկրների հետ:

Այս տարվա սկզբին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի տարածաշրջան կատարած այցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ մանրամասնորեն քննարկվել են ապագա համաձայնագրերի հետ կապված հարցերը և ըստ էության կարևորվել դրանց բովանդակությունը, և ոչ՝ անվանումը: Սակայն հայկական կողմի համար պետք է մտահոգիչ լինի վստահության այն դեֆիցիտը, որը կա Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

168.am-ի տեղեկություններով՝ ԵՄ հանձնաժողովում նույնիսկ կարծում են, թե ժողովրդավարությունից շատ հեռու գտնվող Ադրբեջանը, որը ԵՄ-ի հետ բանակցություններ է սկսել այս տարի, շատ ավելի շուտ կմոտենա ԵՄ-ի հետ ինչ-որ համաձայնագրի ստորագրման, քան Հայաստանը:

Ուստի, ըստ նույն աղբյուրների՝ Ադրբեջանը համաձայնագիրը կստորագրի շատ ավելի շուտ, քան Հայաստանը, որը մի քանի տարի առաջ համարվում էր «Արևելյան գործընկերություն» ծրագրի առաջամարտիկներից մեկը և ԵՄ-ի հետ նոր բանակցությունները սկսել է 2015թ. դեկտեմբեր ամսին: Հայտնի է, որ Ռիգայի գագաթաժողովի նախօրեին Ադրբեջանն իրեն առաջարկված Ասոցացման համաձայնագրի փոխարեն՝ ԵՄ-ին ներկայացրել է ռազմավարական մոդեռնիզացիոն գործընկերության մասին համաձայնագիր:

Վերջերս Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել էր, որ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև շարունակվում են ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները: «Բանակցությունները տարվում են ինտենսիվ ձևով: Երկու կողմն էլ շահագրգռված է ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև նոր լայն ու համակողմանի իրավական բազայի ստեղծմամբ»,- ասել էր Մարդը:

Եվրոպական հանձնաժողովում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, կարծում են, որ Ադրբեջան-ԵՄ բանակցություններում տեսանելի տեղաշարժ է արձանագրվում և արձանագրվելու է, քանի որ Ադրբեջանը չունի կնքվելիք համաձայնագրին հակասող այլ միջազգային պարտավորություններ, ինչը կա Հայաստանի դեպքում:

168.am-ի աղբյուրների համաձայն` հանձնաժողովին շատ լավ հայտնի է, որ Հայաստանի հետ բանակցային բոլոր փուլերն ու հանդիպումներն անցնում են Մոսկվայով և համաձայնեցվում Մոսկվայի հետ, որն էլ դանդաղեցնում է բանակցային գործընթացը: Այնուամենայնիվ, նույնիսկ այս պայմաններում ԵՄ-ն շարունակում է աշխատել հայկական կողմի հետ` փորձելով Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրին փոխարինող այլ համակողմանի փաստաթուղթ:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing