Լրահոս

Ադրբեջանի հարձակման դեպքում ո՞վ է լինելու միացյալ զորախմբի հրամանատարը

 

Մեր զրուցակիցն է ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը
ԱԺ-ում քննարկվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Ելք խմբակցությունը դեմ է նախագծին։ Իշխանության ներկայացուցիչները նշեցին, որ Ելքի փաստարակները հիմնավոր չեն, Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ Ռուսաստանը մեզ ցանկանում է օգնել, հիմա էլ ասում եք ինչու է օգնում։ Իշխանությունը կարողացա՞վ հիմնավորել։
Երբ ասում են, թե բերված փաստարկները հիմնավոր չեն, պետք է շեշտեն, թե ինչը հիմնավոր չէ։ Օրինակ՝ այն փաստարկը, որ ես շեշտում եմ՝ արդյոք հիպոթետիկ հնարավո՞ր է, որ ռուս զինվորի վրա կրակեն ռուսական զենքից այն պարագայում, երբ նրանք զենք են վաճառում Ադրբեջանին, իսկ այս համաձայնագիրն այն մասին է, որ երկու երկրների միավորված զորախումբը պետք է պաշտպանություն իրագործի, փաստորեն նման բան հնարավոր չէ, այսինքն՝ այս համաձայնագիրը կմնա թղթի վրա, եթե չդադարեցվի Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին։ Սրանով ապացուցում ենք, որ սա սին համաձայնագիր է, որը նաև որոշակի սահմանափակումներ է ենթադրում մեզ համար։ Մասնավորապես Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում, թե ով կարող է լինել այդ զորախմբի գլխավոր հրամանատարը, բայց մյուս կողմից չի տալիս այն երաշխիքները, որ սա կգործի այն դեպքում, երբ Հայաստանին պետք կլինի։ Այսինքն՝ ասել ընդամենը, որ փաստարկներն աղերս չունեն իրականության հետ, ճիշտ չէ։
Ելքի պատգամավորները նաև հարցադրում են անում, թե արդյոք ներքին ռազմական իրավիճակի ժամանակ կարո՞ղ է միջամտություն ունենալ այդ զորախումբը, թե ոչ։ Հայաստանում պարբերաբար խոշոր հանրահավաքներ լինելու են։ Կարծում եք՝ նման դեպքերո՞ւմ էլ գործի կդրվի զորախումբը՝ հաշվի առնելով այն, որ քաղաքական մեծամասնությունը կողմ է լինելու համաձայնագրին։
Շտկումն առ այն, որ ներքին ռազմական միջամտության մասին է խոսքը և որպես դրա օրինակ ահաբեկչական միջամտություն լինի տվյալ երկրի ներքին կյանքին, այո, կարող է դա տեղի ունենալ։ Բայց միաժամանակ, ե՞րբ է սահմանվում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է կամ այլ պետության ահաբեկչական միջամտություն էր։ Այստեղ վտանգ կա, և «մարտի 1»-ի օրինակն էլ պատահական չէր։ Սա նույնպես չստացավ ամբողջական պատասխան, թե արդյոք դա կարող է համարվել տվյալ երկրի ներքին ռազմական անվտանգության խաթարում։ Այս պարագայում կան չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի համաձայնագիրը, բայց մեր կարծիքն ու անհանգստությունը այդ առումով չփարատվեց։ Եվ սա խնդրահարույց է։ Այդ ամենով հանդերձ՝ նման հարցադրումները մեկնաբանություն չեն ստանում։
Օրինակ, եթե Ռուսաստանը սահմանափակեր կամ նվազեցներ զենքի վաճառքը Ադրբեջանին, ես կպատկերացնեի, որ այս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի և ռուս զինվորը կկրակի Հայաստանի կողմից, երբ դրա անհրաժեշտությունը լինի։
Իշխանությունները նշում են, որ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է և հարցադրում անում, թե մենք ուրիշ ի՞նչ այլընտրանք ունենք։ Անընդհատ գալիս կանգնում են այն կետին, որ բացի Ռուսաստանից անվտանգության այլ երաշխավորներ չունենք։
Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ Ռուսաստանը ևս չի հանդիսանում մեր անվտանգության երաշխավորը։ Ես դրան նորմալ եմ վերաբերվում, քանի որ ամեն պետություն իր շահից ելնելով պետք է կառուցի իր քաղաքականությունը, նաև ռազմական առումով։ Այս տեսանկյունից, մեր միակ անվտանգության երաշխիքը հայկական բանակն է, ու մենք պետք է ուժեղացնենք մեր բանակը։ Այսօր մենք շատ խնդիրներ ունենք բանակի հետ կապված, և մեր անվտանգությունը հենց այդտեղ է խաթարված։ Միայն բանակում առկա խնդիրները լուծելով, բարեփոխումներ անելով է հնարավոր այնպիսի բանակ կառուցել, որը կապահովի մեր անվտանգությունը։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing