Լրահոս

Ադրբեջանի հարձակումը եւ «անվտանգության գոտու» ընդլայնումը. Ուշագրավ բացահայտում 1 տարի անց

 

Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը tert.am-ի հետ զրույցում ասել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ պետք է ազատագրվեին Արցախի պատմական տարածքները, անվտանգության նոր գոտիներ հայտնվեին… Բայց Ալիևը գիտեք, թե ում դիմեց, ու պատերազմը կանգնեցրին»:
Սա հատկանշական հայտարարություն է հատկապես Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հարցազրույցի լույսի ներքո: Նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի հարձակման դեպքում հայկական բանակը կընդլայնի անվտանգության գոտին:
Արթուր Թովմասյանի խոսքից կարելի է ենթադրել, որ դա պետք է տեղի ունենար ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն խանգարեց «ինքներդ էլ գիտեք ով», որը կանգնեցրեց հայկական զորքերի հակահարձակումը:
2016 թվականի ապրիլի 5-ին հայտարարվեց, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի գլխավոր շտաբերի պետերն իբր հանդիպել են Մոսկվայում եւ հրադադարի համաձայնագիր ստորագրել: Ճիշտ է, ոչ ոք այդպես էլ չի ասել, թե որտեղ եւ երբ է կայացել հանդիպումը, տեղի՞ է ունեցել ընդհանրապես, թե՞ հրադադարի հայտարարությունը Ռուսաստանի «ձեռքի արգելակն էր»: Հատկանշական է միայն, որ ապրիլյան պատերազմից 1 տարի անց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը դարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Յուրի Խաչատուրովը երբեւէ կպատմի՞, թե ինչ է եղել 2016 թվականի ապրիլի 5-ին: Իսկապե՞ս, ինչպես Արթուր Թովմասյանն է ասում, հայկական բանակը պատրաստ էր ընդլայնելու անվտանգության գոտին:
Արթուր Թովմասյանը նշել է նաեւ, որ եթե Ադրբեջանը հարձակվի, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը եւ կկատարի դրանից բխող բոլոր պարտավորությունները:
Իհարկե, կոռեկտ չէ, երբ Ղարաբաղի քաղաքական գործիչը խոսում է Հայաստանի անունից, սակայն հավանաբար նա որոշակի հիմքեր ունի: Հետաքրքիր է, որ Հայաստանն առայժմ չի ճանաչում Արցախի անկախությունը, որովհետեւ ներկայիս սահմանները, հնարավոր է, համարժեք չի համարում: Սակայն եթե ներկայիս սահմանները նախկինում վիճարկվել են միջնորդների կողմից, եւ Հայաստանը պատրաստ էր Ղարաբաղի ճանաչումը կապել տարածքային զիջումների հետ, ապա այժմ Հայաստանը փաստացի պատրաստ է ճանաչել Արցախը միայն «անվտանգության գոտու» ընդլայնման դեպքում: Ամեն դեպքում, դա է բխում Արթուր Թովմասյանի խոսքից, որը Հայաստանի կողմից ճանաչումը եւ անվտանգության գոտու ընդլայնումը կապում է Ադրբեջանի հնարավոր հարձակման հետ:
Այսպես թե այնպես, ապրիլյան պատերազմից 1 տարի անց նոր մանրամասներ են բացահայտվում: Պարզվում է, «ինքներդ էլ գիտեք, թե ով է կանգնեցրել» Ղարաբաղի «անվանգության գոտու ընդլայնումը»:
Ռուսաստանը պնդում է, որ տարածաշրջանում պահպանում է հավասարակշռությունը: Դատելով Արթուր Թովմասյանի խոսքից, հավասարակշռության պահպանումն այն է, որ Ռուսաստանը Հայաստանին թույլ չի տալիս վճռորոշ հաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ եւ ստիպել խաղաղության պայմանագիր ստորագրել պատերազմի արդյունքներով:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing