Լրահոս

Ադրբեջանի հաշվարկները հօդս կցնդեն

 

Եթե, իհարկե, մեր կառավարությունն ընդունի այս ծրագիրը

Այս գործում, իհարկե, կարևոր է նաև ՀՀ պաշտպանության նախարար, սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանի դիրքորուշումը:
ՀՀ սահմանամերձ տարածքները, որոնք հարակից են Ադրբեջանի հետ շփման գծին,  կարելի է համարել պատերազմական գոտի: Ճիշտ է, այնտեղ հայտարարված պատերազմական գործողություններ չեն ընթանում, սակայն հակառակորդի դիպուկահարների ակտիվությունը, տարբեր մարտական գործողությունների իրականացումը, դիվերսիոն խմբերի ներխուժման վտանգն այդ տարածքների բնակչությանը պահում են մշտական լարվածության մեջ:
Հիմնականում վերոնշյալ անժխտելի իրողությունների, ինչպես նաև աշխատատեղերի կամ բավարար վաստակ ապահովող աշխատանքի բացակայության, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետևանքով է, որ այդ տարածքներում բնակչությունը շարունակաբար նոսրանում է, իսկ բնակավայրերը` դատարկվում: Նշված գործընթացը, առանց որևէ չափազանցության, սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը, դրանից ածանցյալ նաև` Արցախի:
Ելք կա՞ արդյոք վերոնշյալ իրավիճակից, ի՞նչ անել հայրենակործան նշված գործընթացը կասեցնելու և նույնիսկ հակառակը` սահմանամերձ բնակավայրերից հեռացած բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու, շահագրգռելու և իրենց բնակավայրերը վերադարձնելու համար: Ինչպես անվտանգության գոտիների վերածել ՀՀ սահմանամերձ բնակավայրերը և Արցախի ազատագրված տարածքները: Այս հիմնախնդրի լուծումը հաջողվել է գտնել «Շիրակ Տեխնոպարկ» ՓԲԸ հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ  (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանին, որի հետ է ստորև ներկայացվող հարցազրույցը:
Երկար ժամանակ ուսումնասիրել եք սահմանամերձ տարածքներից բնակչության հեռանալու պատճառները, հետևաբար կարո՞ղ ենք եզրակացնել, որ հիմնախնդրի` ձեր կողմից առաջարկվող լուծումները բխում են հենց այդ պատճառները վերացնելու կամ հնարավորինս չեզոքացնելու հրամայականից:
— Այո: Այսօր արտագաղթի խնդիրն, իհարկե, ամբողջ երկրի համար է դարձել  գերխնդիր: Սակայն, սահմանամերձ գոտին ունի իր յուրահատկությունները, և սահմանամերձ գոտում պլանավորվող միջոցառումների համալիր ծրագիրը չպետք է նույնացնել մնացած տարածքներում իրականացվող աշխատանքների հետ,  որովհետև այլ տարածքներից մարդիկ հեռանում են հիմնականում սոցիալական պայմանների պատճառով, իսկ սահմանամերձ գոտուց հեռանալը պայմանավորված է նաև անվտանգության նկատառումներով:
Հետևաբար ի՞նչ եք առաջարկում:
— Նախ, ստեղծել անվտանգության այնպիսի համակարգ, որի պարագայում բնակիչը իրեն կհամարի պաշտպանված:
Երկրորդ. ստեղծել սոցիալ-տնտեսական այնպիսի պայմաններ, որոնք այդ գոտին կդարձնեն գրավիչ` ապրելու և տնտեսական  գործունեություն իրականացնելու համար:
ՀՀ սահմանամերձ գոտում անվտանգության ապահովման միջոցառումները, մեր համոզմամբ, չեն կարող դիտվել որպես առանձին, իրարից անկախ գործողությունների շարք: Դրանք  պետք է մշակվեն և իրականացվեն այնպես, որ արդյունքում ստեղծվի համակարգ իր բոլոր բնութագրերով: Այն պետք է դառնա ազգ-բանակ փիլիսոփայության հենքային օղակներից մեկը:
Ինչպե՞ս եք պատկերացնում անվտանգության աստիճանի բարձրացման մոդելը, այդ առումով ի՞նչ միջոցառումների իրականացում եք նախատեսել:
— Շատ լավ հասկանում ենք, որ պետության տարածքը պաշտպանում է երկրի բանակը: Դա շատ լավ գիտեն նաև սահմանամերձ գոտու բնակիչները: Դա գիտի նաև հակառակորդը: Հետևաբար բոլորը գիտեն, որ եթե հակառակորդը որևէ կետում որևէ պահի կարողանա շրջանցել գործող պաշտպանական շերտը, ապա սահմանամերձ գոտու անզեն ու անպաշտպան բնակիչը կհայտնվի վտանգին դեմ հանդիման: Իհարկե, բոլոր նրանք, ովքեր ներգրավված են պաշտպանական համակարգում, ամենայն հավանականությամբ, պնդելու են, որ այդպիսի բան լինել չի կարող: Սակայն կյանքն արդեն իսկ ապացուցել է հակառակը:
Հիմնախնդրի լուծումը, կարծում եմ, միակն է. սահմանամերձ տարածքի յուրաքանչյուր բնակիչ պետք է դառնա պաշտպանական համակարգի բաղկացուցիչ տարր, և հենց դա է լինելու նախատեսվող պաշտպանական համակարգի հիմնական բնութագիրը: Այդ դեպքում սահմանամերձ տարածքները կլինեն ամրացված պաշտպանական գոտիներ, ինչով էլ կապահովվի այդ տարածքների բնակիչների անվտանգությունը:
Ի՞նչն է լինելու նախատեսվող համակարգի հիմնական տարրը:
— Նոր տիպի ամրացված բնակավայրերի՝  բազա-բնակավայրերի շղթան:
Իսկ ի՞նչ բան են ձեր կողմից առաջարկվող այդ բազա-բնակավայրերը, դրանք նո՞ր են կառուցվելու:
— Ոչ, եղած բնակավայրերի մի մասը վերածվելու է բազա-բնակավայրերի: Բազա-բնակավայրը համայնք է, որտեղ  բնակիչը բացի իր առօրեական խնդիրները լուծելուց, մասնակցում է նաև անվտանգության միջոցառումներին (հերթապահում է բազայի դիտակետերում, պահանջված դեպքում մասնակցում է ինքնապաշտպանական գործողություններին և այլն):
Այսինքն` բազա-բնակավայրը ամրացված համայնք է, որի բնակիչների մեծ մասը կապված է պաշտպանական համակարգի  հետ: Նրանք  կամ զբաղված են լինելու պաշտպանական համակարգին անհրաժեշտ  տարբեր աշխատանքների ու տնտեսական պատվերների կատարմամբ, կամ դառնալու են պայմանագրային զինծառայողներ:
Այդպիսի համայնքները պետք է ունենան  իրենց զինանոցը, ինքնապաշտպանության համար անհրաժեշտ ու հաշվառված ռազմական միջոցները, իսկ բնակիչները համարվելու  են աշխարհազորայիններ և ունենալու են իրենց  ամրակցված մարտական զենքերը:
Ո՞ւմ կողմից պետք է ղեկավարվի բազա-բնակավայրը:
— Կառուցվածքային առումով  բազա-բնակավայրը սովորական համայնք է: Նշանակում է, որ այն ղեկավարվելու է ընտրված համայնքապետի կողմից: Սակայն,  բանակին և անվտանգության միջոցառումներին առնչվող բոլոր հարցերով զբաղվելու է բազա-բնակավայրի պատասխանատու ստորաբաժանումը, որի ներկայացուցիչների  լիազորությունները սահմանվելու են պաշտպանության նախարարի հրամանով:
Պաշտպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումը կունենա բոլոր բազա-բնակավայրերի հետ աշխատող անձնակազմեր, որոնք կիրականացնեն  թե՛ համայնքներում իրականացվող ու պաշտպանական համակարգին անհրաժեշտ  աշխատանքների ու պատվերների կատարման վերահսկման աշխատանքները, թե՛  բազա-բնակավայրերի անվտանգության ապահովման միջոցառումները (բազայի դիտակետերում հերթապահությունների կազմակերպումը, զենքի և զինամթերքի հաշվառումը, զինամթերքի բաշխումը և այլն):
Ի՞նչ  ճանապարհով կարելի է իրականացնել ձեր առաջարկը:
— Տարբերակները մի քանիսն են: Սակայն, կան նմանատիպ հաջողված մոդելներ, որոնք մեր դեպքում կիրառելի են: Այդպիսի մոդել է նաև ռազմաարդյունաբերական համալիրը, որի փորձը ուսանելի և կիրառելի է բոլոր այն ոլորտներում, որոնց առնչվում է պաշտպանության նախարարությունը:
Ես մասնավորապես առաջարկում եմ այդ համալիրի նմանությամբ ստեղծել պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիր, որում սուբյեկտները գործարանների փոխարեն, կլինեն ընտրված սահմանամերձ համայնքները (բազա-բնակավայրերը): Այդ դեպքում համայնքի կարգավիճակի փոփոխության հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Այդ համայնքներում ընդամենը կտեղակայվեն պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիրի ստորաբաժանումների անձնակազմերը:
Ո՞վ է ղեկավարելու բազա-բնակավայրում տեղակայված պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիրի ստորաբաժանումը::
— Հրամանատարը՝  պաշտպանության նախարարության նշանակած սպան:
Արտադրատնտեսական համալիրի ստորաբաժանումն ի՞նչ գործառույթներ է իրականացնելու:
— Փորձեմ դրանք ներկայացնել կետ առ կետ. նախ, պայմանագրեր է կնքելու համայնքի բնակիչների հետ՝ պաշտպանության նախարարության կարիքների համար մատակարարվող  գյուղատնտեսական կուլտուրաների  աճեցման, ինչպես նաև այլ գյուղմթերքների պատրաստման ու մատակարարման նպատակով:
Երկրորդ. նպատակահարմարությունից ելնելով, համայնքում կազմակերպելու է արտադրամասեր և այլ տնտեսական կառույցներ՝ ՊՆ զորամասերում օգտագործվող իրերի և այլ արտադրատեսակների արտադրման ու մատակարարման նպատակով:
Երրորդ. որպես պատվիրատուի ներկայացուցիչ, իրականացնելու է աշխատանքների ընթացքի վերահսկման և ստացված արդյունքների ընդունման աշխատանքներ:
Չորրորդ. ստեղծելու է համայնքւմ լրացուցիչ ամրություններ ու հսկողության դիտակետեր:
Հինգերորդ. իրականացնելու է համայնքում պայմանագրային զինծառայողների հավաքագրման ու պատրաստման աշխատանքներ:
Պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիրի ստորաբաժանումը բազա-բնակավայրում անձնակազմ ունենալո՞ւ է:
— Այո, ինչպես արդեն նշեցի, ունենալու է հրամանատար՝  պաշտպանության նախարարության կողմից նշանակված սպա, ունենալու է նաև մասնագետ-հրահանգիչ (պայմանագրային զինծառայող), որը պարապմունքներ է անցկացնելու համայնքի բնակիչների հետ, ստեղծելու է համայնքի հսկողության դիտակետեր, դիտակետերում կազմակերպելու է հերթապահությունը և այլն: Պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիրի ստորաբաժանումն ունենալու է նաև զինվորական անձնակազմ, որի նախնական թվաքանակը կորոշվի ելնելով բազա-բնակավայրի առանձնահատկություններից: Անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման անձնակազմի զինվորների քանակը համալրվելու է համայնքի բնակիչներով: Հավելեմ, որ ստորաբաժանումը պետք է ունենա տարածքային վերադաս մարմին, որի մոտ կենտրոնացված կլինեն անհրաժեշտ տեխնիկան, պահեստային տնտեսությունները և այլն:
Անդրադառնանք ձեր կողմից առաջարկվող բազա-բնակավայրերում տնտեսության կազմակերպմանը, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
— Պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիրը դառնալու է բազա-բնակավայրի բնակիչների կողմից արտադրվող գյուղմթերքնեըի պատվիրատուն: Դրա համար համայնքի բնակիչների և այդ համալիրի իրավասու օղակի միջև կնքվելու են համապատասխան աշխատանքային պայմանագրեր:
Ընդ որում, պայմանագրի կնքումից մինչև արտադրանքի ստացումը ընկած բոլոր փուլերը լինելու են տվյալ բազա-բնակավայրում գտնվող արտադրատնտեսական համալիրի ստորաբաժանման հրամանատարի և տարածքային իրավասու մասնագետների վերահսկողության տակ:
Կարծում եմ, այդ պայմանագրերով համայնքի բնակիչների կողմից մատակարարվող այս կամ այն ապրանքատեսակի գնման գինը պետք է ձևավորել ըստ վերջին 5 տարվա ընթացքում պաշտպանության նախարարության կողմից տվյալ ապրանքատեսակի ձեռքբերման միջինացված գնի, ընդ որում, գնման գնին ոչ թե հավելելով, այլ դրա մեջ մտցնելով նաև աշխատավարձի բաղադրիչը: Այսինքն՝ համայնքի բնակիչը, որը զբաղված է պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիրի պատվերների կատարմամբ, դառնալու է նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակից:
Պետք է նախատեսվի և բազա-բնակավայրում ապահովվի բնակիչների 100%-անոց զբաղվածություն: Կարծում եմ, դա կարելի է ապահովել պաշտպանության նախարարության, նաև ոստիկանության և ԱԱԾ կարիքների բավարարման հետ կապված աշխատանքներն այդ բազաներում իրականացնելու միջոցով:
Բազա-բնակավայրերի բնակիչները և նրանց ընտանիքների անդամները պետք է ստանան անվճար բժշկական ապահովագրություն, բազայում ապրած տարիները պետք է համարվեն աշխատանքային ստաժ, իսկ բազայում ապրած 1 տարին պետք է հավասարեցվի սովորական բնակավայրերի 1,5 տարվա հետ: Բազա-բնակավայրի բնակիչները պետք է ազատված լինեն գույքահարկից, ջրի օգտագործման վճարներից,  հողի հարկից: Բազա-բնակավայրերի տարածքներում ձեռներեցությունը պետք է ազատված լինի ավելացված արժեքի հարկից, բազա-բնակավայրերը պետք է համարվեն ազատ առևտրի և բիզնեսի գոտիներ, նրանցում տնտեսվարող սուբյեկտների համար պետք է նախատեսվի 3-5% շահութահարկ:
Բազա-բնակավայրերի համար պետք է կազմակերպվեն գյուղատնտեսական  մթերքների գնման տարածքային բազաներ: Որոշ բազա-բնակավայրերում, ըստ հնարավորության, պետք է կազմակերպվեն նաև կարի, փայտամշակման արտադրամասեր, կոշիկի ֆաբրիկաներ: Այն բազա-բնակավայրերում, որոնք այգեգործության համար բարենպաստ գոտում են, պետք է կազմակերպվեն հյութերի ու չրեղենի արտադրամասեր:
Բազա-բնակավայրի և նրա հետ կապված հարակից բնակավայրերի բնակիչների արտադրած գյուղմթերքներն ամբողջ քանակով և շուկայական գներով պետք է  մթերվեն գնման բազաներում և օգտագործվեն ՊՆ, ոստիկանության և ԱԱԾ կարիքներն ապահովելու համար: Պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը և ԱԱԾ-ն գյուղմթերքների այլ գնումներ պետք է կարողանան իրականացնել միայն բազա-բնակավայրերում արտադրված մթերքների սպառումից հետո:
Դրսից այլ անձինք, ցանկության դեպքում, կկարողանա՞ն գալ և ապրել բազա-բնակավայրերում:
— Այո, բազա-բնակավայրերում բնակվելու ցանկություն հայտնող քաղաքացիներին անհատույց պետք է հատկացվի տուն, հողատարածք, խոշոր և մանր եղջերավոր անասուններ:
Փորձենք հակիրճ ամփոփել. ի՞նչ կհաջողվի ստանալ ձեր կողմից նախատեսված և առաջարկվող միջոցառումների իրականացման արդյունքում:
— Կապահովվի սահմանամերձ գոտու անվտանգությունը, կնվազի արտագաղթը, կստեղծվեն ներգաղթի պայմաններ և հնարավոր կլինի բնակեցնել սահմանամերձ տարածքները:
Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

nt.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing