Լրահոս

Ադրբեջանին հաղթելու բանաձևը

 

Ավարտվող շաբաթը հայ-ադրբեջանական սահմանին լի էր դրամատիկ իրադարձություններով: Ինչքան էլ ծանր լինի խոստովանելը` նոր պատերազմը չոքել է մեր դռանը և առայժմ տեսանելի չեն այն ներքին կամ արտաքին գործոնները, որոնք կարող են կանխել զարգացումների նման ընթացքը: Արտաքին մարտահրավերը, սպառնալիքը բացահայտում են մեր ուժեղ և թույլ կողմերը:

Հասարակությունը կոնսոլիդացվում է, որովհետև խոսքը գնում է ոչ միայն հայրենիքի անվտանգության, այլև կոնկրետ մարդկային ճակատագրերի մասին: Մենք աղոթում ենք զինվորի համար, ով աչալուրջ պահում է բոլորիս անվտանգության սահմանը, բոլորիս մտքերը հազարավոր մեր հայրենակիցների հետ են, ովքեր ապրում են սահմանամերձ տարածքներում:

Արտաքին մարտահրավերի ժամանակ բոլորս ապրում ենք «Ազգ-բանակի» գիտակցումով, որը, սակայն, ոչ թե իշխանության տաքուկ կաբինետներում ծնված PR ծրագիր է, այլ` ինքնապաշտպանության հրամայական, հայրենասիրության և քաղաքացիականության անհատական և հավաքական դրսևորում: Պատերազմի վտանգը նաև բացահայտում է երկու Հայաստանների, արժեքային համակարգերի կոնտրաստը:

Մյուս կողմից` հենց երկու Հայաստանների այս համապատկերն է, որ իրական է դարձնում պատերազմի վտանգը, որը վիրուսի պես թափանցում է այնտեղ, որտեղ կա ճեղքվածք: Պատերազմը մոտեցրել ենք, երբ ժողովրդավար Հայաստանը պարտվել է ավտորիտարիզմին` անկախությունն ու ազատությունը պարփակելով Եռաբլուրի բարձունքում: Պատերազմը մոտեցրել ենք, երբ քաղաքացուն դարձրել ենք օլիգարխիայի և նրա հաստավիզ վարձկանների հպատակ, Հայաստանը վերածել ենք ռուսական վասալի:

Մեր բանակը գտնվում է երկու թշնամու արանքում: Մեկը Ադրբեջանն է, որին հաղթելն անհամեմատ հեշտ է, քան այն անտեսանելի թշնամուն, որը կոչվում է քրեաօլիգարխիկ համակարգ և երկրի թիկունքում խժռում է պետության բովանդակությունը: Հիմա պատերազմի վտանգը մեծ է, որովհետև հոգևոր Հայաստանը պարտվել է սպառողական, գիշատիչ համակարգին:

Պատերազմը դարձել է իրական, որովհետև արծաթի փայլը մարդկանց անհաղորդ է դարձրել Եռաբլուրի խորհրդին: Հայաստանի ինքնիշխանությունն այլընտրանք չունի և մի օր անպատճառ հաղթելու է գաղութացմանը: Քաղաքացիականությունը կոնոլիդացնելու է մեր հասարակությանն` ընդդեմ իշխանության կամայականության և օլիգարխիայի զոռբայության: Խնդիրը` ժամանակի կորուստն է:

Յուրաքանչյուր հապաղում մոտեցնում է հայ-ադրբեջանական նոր պատերազմը: Ինչքան շուտ ավարտվի երկու Հայաստանների կռիվը` ինքնիշխան Հայաստանի և ազատ քաղաքացու հաղթանակով, այնքան երաշխավորված կլինի մեր հաղթանակը արտաքին թշնամու դեմ: Գուցե` առանց պատերազմի, առանց կրակոցի ու զոհերի:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing