Ադրբեջանն անհանգստացած է. Հայաստանը փոխում է իրավիճակը

73

lragir.am — Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը քննադատել է ներկայիս նախարար Մամեդյարովին, ասելով, թե նա կարծես թե ոչ թե Ադրբեջանի, այլ ինչ որ այլ երկրի շահն է պաշտպանում: Զուֆուղարովը քննադատել է մայիսի 15-ին Մինսկի խմբի համանախագահների հետ Մամեդյարովի հանդիպումը, դժգոհելով, որ Մամեդյարովը չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Զուլֆուղարովի կարծիքով, հանդիպման փոխարեն Մամեդյարովը պետք է հայտարարեր, որ Ադրբեջանը փակում է Արցախի օդային տարածքը քաղաքացիական եւ ռազմական օդանավերի համար ու խախտողնեը գտնվելու են Բաքվի ՀՕՊ թիրախում: Ով չի կարող նորմալ աշխատել, պետք է հեռանա, հայտարարել է նախկին նախարարը:

Զուֆուղարովը հավանաբար նկատի ունի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախի բանակցային լիարժեք մանդատի մասին, որը դարձավ բավականաչափ քննարկումների առարկա Հայաստանում:

Վարչապետ Փաշինյանի հայտարարությանը հաջորդել էր Ադրբեջանի ՊՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը նախարար Հասանովի հայտարարությունը, թե Բաքուն պատրաստ է լայնածավալ պատերազմի: Դա իհարկե նոր հայտարարություն չէ, Բաքուն պարբերաբար է խոսում այդ մասին եւ չկա որեւէ բացահայտում:

Միեւնույն ժամանակ, մայիսի 15-ին հանդիպելով համանախագահներին, արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ պատրաստ են բանակցության:

Դա միայն Զուֆուղարովի՞ն դուր չի եկել, թե՞ անձնական կարծիքից բացի նա արտահայտում է նաեւ Ադրբեջանի իշխող վերնախավի բարձր շերտերում առկա կարծիքներ:

Ընդհանրապես առաջին անգամը չէ, երբ նշմարվում է Ադրբեջանի իշխող վերնախավի երկվությունը այդօրինակ հարցերում: Խաղու՞մ է Ադրբեջանը, թե՞ Ադրբեջանի վերնախավում այդուհանդերձ կա դիմակայություն ռազմավարության հարցում, գիտակցելով, որ ռազմական դիվանագիտությունից հնարավորինս արագ հրաժարվելը Ադրբեջանը դուրս կբերի սպասվող ռազմա-քաղաքական կոլապսից, որի հավանականությունը կարող է ավելի մեծանալ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության միջազգային էֆեկտի շնորհիվ:

Ապրիլի քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը ուժային կենտրոններից պարբերաբար ստանում է պատերազմի արգելքի վերաբերյալ ազդակներ եւ առավելագույնը կարողանում է հասնել նրան, որ քառօրյայից անմիջապես հետո ԱՄՆ ներկայացրած Վիեննայի օրակարգը իրականացվել է փաստացի միակողմանի՝ հրադադարի մեխանիզմները դե ֆակտո տեղակայվել են հայկական առաջնագծում, էապես փոքրացնելով Ադրբեջանի լոկալ սադրանքների հնարավորությունը: Անգամ Էրդողանը նախորդ տարի ամռանը ստիպված էր Ալիեւին հայտնել, որ Պուտինը «հույս չի տվել», թե հնարավոր է բավարարել տարածքների վերաբերյալ Ադրբեջանի ակնկալիքները:

Բաքուն ըստ երեւույթին իրավիճակի փոփոխության հույս էր կապում Սերժ Սարգսյանի վարչապետության հետ, որը զգալիորեն կարող էր հավասարեցնել Հայաստանի ու Ադրբեջանի «քաղաքակրթական նկարագրերը», որոնք ռազմա-քաղաքական բալանսի կարեւոր տարր են: Հնարավոր է, որ նաեւ այդ ակնկալիքով Ալիեւը գերադասեց հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահի հերթական ընտրությունը տեղափոխել ապրիլ, Սերժ Սարգսյանից վեց ամիս հետ չընկնելու համար:

Բայց ապրիլին Հայաստանում տեղի ունեցավ մի բան, որն Ադրբեջանին հետ գցեց գուցե ոչ թե ամսով, այլ տարիներով: Խնդիրը լոկ այն չէ, որ Հայաստանում ձեւավորվել է հասարակական բացառիկ լեգիտիմություն ունեցող գործադիր իշխանություն, իսկ տեղի ունեցածը միջազգային վարկն ու «քաղաքակրթական նկարագիրը» բերել է բավական բարձր մակարդակի:

Ինքնին դա մեծ խնդիր չէ, որպես փաստ եւ իրողություն: Ադրբեջանի համար դա խնդիր է որպես հնարավորություն, որ ստացել է Հայաստանը այդ թվում Արցախի խնդրում ռազմավարության եւ մոտեցումների խորքային, սկզբունքային փոփոխության եւ բանակցային գրեթե երկու տասնամյակի ծուղակից դուրս գալու համար:

Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընկալվեց իբրեւ վերջնագիր, թեեւ ամենեւին այդպիսին չէր: Ավելին, Ադրբեջանը ուրախ կլիներ հենց վերջնագրի դեպքում, մինչդեռ խնդիրը այլ տիրույթում է, եւ Բաքվում հասկանում են, որ տեղի է ունենում իրավիճակի խորքային փոփոխություն, ընդ որում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Ամենեւին պատահական չէ, որ Ադրբեջանի նախկին նախարար Զուլֆուղարովը Մամեդյարովին մեղադրում է այլ պետության շահ սպասարկելու համար: Տողատակը թերեւս դե յուրե այլ պետությունը չէ, տողատակը Ադրբեջանի «այլ իշխանությունն» է, որի անունից Մամեդյարովը բանակցում է եւ փորձում նոր իրավիճակի համար պայմանավորվել համանախագահների եռյակի հետ, ցույց տալու համար, որ Ադրբեջանում կա նոր իրավիճակի պատրաստ իշխանություն: Առավել եւս, որ այդպիսի ազդակներ տեւական ժամանակ կանացի խորաթափանցությամբ տալիս է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache